«Իսարանց» ամրոց-բնակատեղին
Տեղադրությունը
Ամրոց-բնակատեղին գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ արևմուտք, անտառապատ բլրի վրա, ծովի մակերևույթից բարձր է 1289 մետր (նկ․ 1; Սարգսյան 2002, 60; ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։ 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Պատմական աղբյուրներում ամրոց-բնակատեղու մասին տեղեկություններ չեն պահպանվել։
«Իսարանց» ամրոցի մասին որոշ տեղեկություններ են ներկայացված Ս․ Սարգսյանի «Խաչենի ամրոցները» գրքում։ Նկարագրելով հուշարձանը՝ նա նշում է, որ «տեղացիների վկայությամբ, այն «Դեդ» անունն է կրում»։ Ըստ Ս․Սարգսյանի այդ կարծիքը «թյուրիմացություն է և չի կարող վերաբերվել Կ․Գանձակեցու հիշատակած պատմական Դեդ (դետք) ամրոցին․․․» (Սարգսյան 2002, 61):
Հուշարձանը «Իսարանցոց ամրոց-բնակավայր» անունով հիշատակվում է Վ․ Բալայանի աշխատությունում, Քոլատակ գյուղի շրջակայքում պահպանված հուշարձանների ցանկում (Բալայան 2020, 395)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Ամրոց-բնակատեղին, որի պարսպապատերի մնացորդները տեղ-տեղ երևում են, զբաղեցնում է ավելի քան 1,5 հեկտար տարածք։
ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրում և Ս․ Սարգսյանի աշխատանքում հուշարձանը նկարագրվում է հետևյալ կերպ․ «Ամրոց-բնակատեղին ձգվում է հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ, որի հատկապես հարավային և հարավ-արևմտյան հատվածները եզերվում են բնական ժայռապատնեշներով։ Շրջապատող պարսպապատերի մնացորդները տեղ-տեղ պահպանվում են (նկ․ 2)։ Գլխավոր մուտքը (4,3 մետր լայնությամբ) արևմտյան կողմից է՝ կառուցված անմշակ որձաքարերով։ Ամրոցն իր մեջ է ներառում շուրջ 50 կացարաններ, որոնք լրիվությամբ ավերակ են, բուսածածկ ու հողածածկ, բայց հիմնապատերի շարվածքների առանձին մնացորդներ նշմարվում են» (Սարգսյան 2002, 60; ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։ Ամրոց- բնակատեղու արևելյան կողմում պահպանվել են մատուռի ավերակները (չափսերը՝ 4x3 մետր), որի շուրջ տարածվում է գերեզմանոցը՝ 12–13-րդ խաչքարերով (նկ․ 3-5; Սարգսյան 2002, 60)։ Դրանցից մեկի (չափերը 2x1,3x0,25 մետր) ստորին մասում երևում է հետևյալ գրությունը․ «․․․թի կանգնեցի զխաչս վերա տապանի հայր ..․ (Սարգսյան 2002, 61)։
Վիճակը մինչև պատերազմը, ընթացքում և հետո
Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականության ցանկ
- Սարգսյան 2002 - Սարգսյան Ս․ Խաչենի ամրոցները, Ստեփանակերտ։
- Բալայան 2020 - Բալայան Վ․ Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
- ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Մարտակերտի շրջան
Արցախ