Իվանյանի մահմեդական դամբարանը

Տեղադրությունը

Դամբարանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի մոտ (նկ. 1), տեղանքի նկատմամբ փոքր-ինչ բարձրադիր վայրում (Կարապետյան 2010, 18-19):

Նկ. 1 Դամբարանի ընդհանուր տեսքը, լուս՝ Հ. Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Դամբարանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Իսլամական դամբարաններն Արցախի հարթավայրային հատվածներում սովորաբար կառուցվում էին նորեկ իշխող վերնախավի ներկայացուցիչների համար: Դրանց առաջին օրինակները երևան են գալիս 13-րդ դարի վերջերից սկսած, երբ իսլամը լայն կերպով տարածվում է մոնղոլական վերնախավի շրջանում: Սա առաջին հերթին պայմանավորված էր Ղազան խանի հրամանով կատարվող փոփոխություններով (Петрушевский 1960, 55; Усейнов, Бретаницкий, Саламзаде 1963, 128): Արցախի տարածքում իսլամական դամբարանները կառուցված են Արցախի հարթավայրային և նախալեռնային գոտում, ինչը պայմանավորված էր նրանով, որ Կուր և Արաքս գետերի միջև գտնվող ընդարձակ տափաստանային գոտին մոնղոլական վերնախավի տարբեր ներկայացուցիչների համար ծառայում էր որպես կենտրոնավայր (Մանանդյան 1952, 242): Իվանյանի դամբարանը գտնվում է հենց նախալեռնային գոտում, որից այն կողմ արդեն ընդարձակ Միլ-Արցախյան տափաստանն է:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Դամբարանն հատակագծում արատաքուստ ութանիստ է, ներսից շրջանաձև (նկ. 2) և ունի 14-15-րդ դարերի իսլամական դամբարաններին բնորոշ հատակագիծ և արտաքին լուծումներ (Саламзаде 1964, 37):

Նկ. 2 Դամբարանի ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Դամբարանի միակ մուտքը գտնվում է հյուսիսային կողմում (նկ. 3): Դամբարանի կառուցված է կրաշաղախով, երեսպատված է եղել տեղական սպիտակ կրաքարով: Դամբարանի երեսպատման քարերի մեծ մասը չի պահպանվել: Պահպանվել է մուտքի ծավալը՝ բարավորը, մուտքի եզրաքարերը: Բարավորի վրա երկրաչափական՝ ռոմբաձև վարդյակ է քանդակված, ինչն էլ կառույցի միակ զարդն է (նկ. 4): Որոշ մասերում պահպանվել են քիվի քարերը (նկ. 5): Դամբարանի ծածկի նախնական ծավալը մեզ չի հասել: Սակայն, հիմք ընդունելով դամբարանի ընդհանուր ծավալը, համամասնությունները, արտաքին տեսքը, քիվի քարերի ձևը և ծածկի ձգվածությունը, այն պետք է ունենար սրածայր վերջավորություն, ինչպես 14-15-րդ դարերի դամբարաններից շատերը: Դամբարանը ունի մեկ լուսամուտ: Ներսը սրբատաշ է, մուտքի դիմաց գտնվում է միհրաբը (նկ. 6): Դամբարանի հատակին ստորգետնյա կառույցի հետքեր չեն նկատվում: Շուրջը տարածվում է մահմեդական գերեզմանոցը, որի թաղումների զգալի մասը 19-րդ դարի են (նկ. 7):

Նկ. 3 Դամբարանի մուտքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 4 Մուտքի բարավորը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 6 Դամբարանի ներսույթը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 5 Դամբարանի քիվը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 7 Մահմեդական գերեզմանոցը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Դամբարանը Արցախյան պատերազմներից չի տուժել: Այն կարիք ունի վերանորոգման՝ հատկապես տանիքը, որի վրա առկա են ճաքեր և անցք: Դամբարանը առանց երեսպատման քարերի է շատ վաղուց, ինչի մասին վկայում են 1920-ական թվականներին արված լուսանկարները (https://monumentwatch.org/hy/alerts/%d5%ad%d5%b8%d5%bb%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ab-%d6%87-%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/, https://irs-az.com/new/files/2017/193/2491.pdf):

Գրականություն

  1. Կարապետյան 2010 - Կարապետյան Ս., Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները, Երևան։
  2. Մանանդյան 1952 - Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. III, Երևան։
  3. Саламзаде 1964 - Саламзаде А., Архитектура Азербайджана XVI-XIX вв., Баку.
  4. Петрушевский 1960 - Петрушевский И., Земледелие и аграрные отношения в Иране XIII-XIV вв., Москва.
  5. Усейнов, Бретаницкий, Саламзаде 1963 - Усейнов М., Бретаницкий Л., Саламзаде А., История архитектуры Азербайджана, Москва.
  6. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
Իվանյանի մահմեդական դամբարանը
Իվանյանի մահմեդական դամբարանը
Ասկերանի շրջան
Արցախ