Խադարի վանքի հանրահայտ արձանագրության մասին
Խադարի վանքի արձանագրություններից մեկը, որ թողել է վանքի երկրորդ եկեղեցին կառուցած Հովհաննես Խաչենացին 1204 թվականին, հատուկ ուշադրության է արժանացել մի շարք հայագետների կողմից՝ շնորհիվ իր մի պարբերության, որը հայտնում է. «ժողովեցի զխաչ և զգիրք, որ ի սմա» (բառացի՝ հավաքեցի խաչերն ու գրերը, որ այստեղ կային): Արձանագրության ամբողջական տեքստը հետևյալն է. «Ի :ՈԾԳ: թուիս (1204 թ.), ես Տ[է]ր Յոհանէս շինեցի զեկեղ/եցիս և ժողովեցի զխաչ և զգիրք, որ ի սմա եւ արկ/ի զՋոթացն այգին եւ զմատաղիսն՝ բազում աշխատութ[եամ]բ/: Եւ ետու զվանքս իւր ամէն սահմանաւ իմ աւագ աղբաւրս Հաս/անա եւ իւր որդեացն՝ Հաթերքո տեառնն միջնորդութ[եամ]բ: Ով խ/ափանէ՝ խափանեսցի ի կենացն Ա[ստուծոյ]: Յանուն Ա[ստուծո]յ այս իմ գիր է Հաս/անայ, որ երբ իմ աղբէրս զեկեղեցիս շինեաց ու զվանքս ինձ երետ/, ես զԽնձորոբակս իւր սահմանովն ի եկեղեցիս տուի:
Ով հակ/առ կա՝ Ա[ստուծո]յ է հակառակ: Ով զայս գիրս խափանէ՝ չունի թող/ութի[ւ]ն յԱ[ստուծոյ]» (նկ. 1):
Ըստ արձանագրության առաջին մասի տեր Հովհաննեսը կառուցել է եկեղեցի, հավաքել է տարածքի «խաչերն ու գրերը», տնկել է այգի և վանքը Հաթերքի տիրոջ միջնորդությամբ տվել իր ավագ եղբայր Հասանին և նրա որդիներին (Հաթերքի տերը և ողջ Խաչենի իշխանաց իշխանն այդ ժամանակ Վախթանգ Հասանյանն էր` հանրահայտ Հասան Մեծի որդին, Արզուխաթունի ամուսինը):
Եթե հետազոտողները խաչի տակ հասկացել են խաչեր (կամ խաչքարեր), ապա գրքի տակ միանշանակ հասկացել են ձեռագիր մատյաններ, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ արձանագրությունը համարվի ձեռագրատուն կամ գրատուն ստեղծելու մասին եզակի վիմագիր վկայություն և տեղափոխվի ու ցուցադրվի Մաշտոցի անվան Մատենադարանում (նկ. 1):
Այսպես, Ս. Բարխուդարյանը գրում է. «շինեցի զեկեղեցիս եւ ժողովեցի զխաչ և զգիրք, որ ի սմայ»՝ այսինքն հիմք է դրել գրատան» (ԴՀՎ 5, 121): Ավելի կտրուկ են Բ. Ուլուբաբյանը, Մ. Հասրաթյանն ու Ա. Մաթևոսյանը. «Ուրեմն, Հովհաննեսը կառուցել է վանքի կաթողիկեն՝ «բազում աշխատութեամբ» այնտեղ հավաքելով խաչեր, գրքեր» (Ուլուբաբյան, Հասրաթյան, 1984, 24), «ստացվում է, որ Հովհաննես Խաչենեցին կառուցելով Խաթրավանքի եկեղեցին, այստեղ է հավաքում խաչքարեր ու ձեռագրեր, որի շնորհիվ վանքը դառնում է միջնադարյան Հայաստանի գրատուն և քարեդարան-թանգարան (Հասրաթյան 1992, 68), «սույն արձանագրությունը Խադայի վանքի դպրոցի, գրչության կենտրոնի, մատենադարանի հիմնադրման վավերագիրն է...» (Մաթևոսյան 2022, 179): Նույն մոտեցումն ենք տեսնում և Արցախի գրչության կենտրոններին նվիրված ընդարձակ հետազոտության մեջ (Մինասյան 2015, 29):
Արձանագրության նախնական տեղը ճշտել է Ս. Կարապետյանը. այն տեղադրված է եղել հարավային եկեղեցու արևելյան պատի մեջ դրսից (նկ. 2, 3), ուր հստակ նկատելի է արձանագրակիր սալի տեղը: Այս հստակեցումը նախ հնարավորություն է տալիս հավաստել, որ Հովհաննեսի կառուցած եկեղեցին հենց հարավային փոքրիկ մատուռ-եկեղեցին է և ոչ թե «կաթողիկեն», ինչպես կարծում էր Բ. Ուլուբաբյանը:
Միջնադարան եկեղեցիներում հաճախ էին որպես շինաքար ու հարդարանքի միջոց օգտագործում հին խաչքարերը, քանդակազարդ և արձանագրակիր քարերը: Երևույթը հատկապես դիտելի է 12-րդ դարի վերջերից սկսած: Նաև նշենք, որ վանքում արդեն իսկ եկեղեցի կար, որն իր արտաքին տեսքով և չափերով չէր զիջում Հավհաննեսի կառուցածին (Խադարի վանք. եկեղեցիների հուշարձանախումբը), և, որ հազիվ թե խաչերն ու ձեռագրերն անխնամ թափված լինեին ինչ որ տեղում, որ Հովհաննեսն էլ դրանք հավաքեր:
Մեզ ավելի հավանական է թվում, որ արձանագրության մեջ խաչի տակ պիտի հասկանալ խաչքարերն ու խաչաքանդակ սալերը, իսկ գրքի տակ գիր-արձանագրության հոգնակին: Այսինքն, Հովհաննեսը կառուցելով, նաև հավաքել է շրջակայքում եղած խաչքարերն ու արձանագրությունները և օգտագործել դրանք եկեղեցական կառույցի պատերի մեջ, մի պրակտիկա, որ նույն վանքում կիրառվել է և հետագայում (նկ. 4):
Գրականություն
- Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, ՀՀ ԳԱ հրատ․, Երևան։
- Մաթևոսյան 2022 - Մաթևոսյան Ա., Աշխատություններ. պատմա-բանասիրական և ձեռգրագիտական ուսումնասիրություններ, Երևան, Մատենադարան:
- Մինասյան 2015 - Մինասյան Թ., Արցախի գրչության կենտրոնները, Երևան, «Նաիրի» հրատ.:
- Ուլուբաբյան, Հասրաթյան 1984 - Ուլուբաբյան Բ., Հասրաթյան Մ., Խադավանք-Խաթրավանք, Հայկազեան հայագիտական հանդէս, հ. Ժ, էջ 21-50:
Մարտակերտի շրջան
Արցախ