Խադարի վանք. եկեղեցիների հուշարձանախումբը

Խադարի վանքը զբաղեցնում է սահմանափակ մակերեսով տարածք, որի պատճառով կազմում ընդգրկված շինությունները միմյանց մոտ են տեղադրված, միաժամանակ տեղանքի բարդ ռելիեֆի և զգալի թեքության պատճառով դրանք կառուցված են տարբեր բարձրության հարթակների վրա: Հրվանդանի գագաթին տեղակայված են Սբ. Աստվածածին եկեղեցին, զանգակատունը, դարպասը, խցերը, բնակելի ավելի մեծ չափերի մեկ կառույց: Ամենացածր հարթակի վրա տեղադրված է աշխարհիկ նշանակության մեկ այլ կառույց, որը, ենթադրաբար, վանքի գրատունն է եղել (Հասրաթյան 1992, 68; նկ․ 1):

Նկ. 1 Խադարի վանքի գլխավոր հատակագիծը՝ չափագրությունը՝ Ս․ Կարապետյանի, Է․ Աբրահամյանի, մշակումը՝ Ա․ Հակոբյանի։

Վանքի պաշտամունքային կառույցները ներկայանում են եկեղեցու և նրա մեջ ներառված մատուռների հուշարձանախմբով։ Եկեղեցին ունի ինքնատիպ հորինվածքային լուծում և տարբերվում է միջնադարյան Հայաստանի մյուս եկեղեցիներից: Այն բաղկացած է երեք եկեղեցիներից, որոնք իրար հետ մեկ օրգանական ամբողջություն են կազմում: Հորինվածքի միջուկը ներսից խաչաձև, արտաքինից ուղղանկյուն, քառասյուն գմբեթավոր կառուցվածքն է, որն իրար է միացնում հարավային և հյուսիսային կողմի՝ ուղղանկյուն խորան ունեցող երկու մատուռ-եկեղեցիները: Վերջիններս թաղածածկ սրահներ են, որոնցից հյուսիսայինը նվիրված է Սբ․ Պրոկոպիոսին, իսկ հարավայինը՝ Սբ․ Մինասին (Ջալալեանց 1842, 205)։ Սրանք ունեն պարզ կառուցվածք և ոչ մեծ չափեր (2,2 x 3,5, 2,4 x 2,5 մետր), արևելքից արևմուտք ձգվածություն՝ արևելքում ուղղանկյուն խորանով պսակված։ Վերջիններս ունեն եկեղեցիների աղոթասրահների լայնությունը և դրանցից անջատվում են որմնասյուներով և դրանց վրա ձգված կամարով։ Նմանատիպ հորինվածքային լուծումը հաճախ է հանդիպում Արցախում՝ Դադիվանքի, Գտչավանքի, Եղիշա Առաքյալ, «Բռի եղցի», «Օխտը եղցի», Չարեքտարի, Հանդաբերդի և մի շարք այլ վանքերի եկեղեցիներում (Պետրոսյան և այլք 2009, 34)։ Հուշարձանախմբի շինարարական ճարտարապետական քննությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ՝ փոքր եկեղեցիներն արդեն կային, երբ կառուցվում էր գմբեթավոր եկեղեցին։ Սրա շինարարության ժամանակ գոյություն ունեցող մատուռները ներառվել են կառուցվող եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքում։ Ստացվել է շատ ինքնատիպ, հայկական դասական եկեղեցաշինությանը ոչ այնքան տիպական, ասիմետրիկ լուծում։

Եկեղեցին քառասյուն գմբեթակիր կառուցվածք ունի։ Սյուները տեղաշարժված են դեպի արևմուտք, որի պատճառով գմբեթը ոչ թե սրահի մեջտեղում է, ինչպես սովորաբար լինում է, այլ արևմտյան կողմում։ Կողային մատուռները ներառված են եկեղեցու մեջ։ Հյուսիսային մատուռի մուտքը հարավային պատի կողմից է, իսկ հարավայինինը՝ արևմտյան։  Երկու մուտքերն էլ բացվում են դեպի ավելի ուշ կառուցված եկեղեցու աղոթասրահ։  Եկեղեցին արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով (նկ․ 2) և միայն հյուսիսային կողմում ունի մեկ ավանդատուն, որի հարավային պատի մեջ բացված խորշով կարելի է բարձրանալ դեպի այդ կողմում գտնվող թաքստոց։ Խորանի մեջ ևս՝ չորս կամարակապ խորշեր են բացված, որոնցից եզրայիններն ունեն ստալակտիտային քանդակներ (նկ․ 3)։

Նկ․ 2 Եկեղեցու խորանը, լուս․՝ ըստ https://www.aravot.am/2023/10/04/1374229/ կայքի։

Նկ․ 3 Եկեղեցու խորանի մեջ բացված կամարակապ խորշը, լուս․՝ https://www.aravot.am/2023/10/04/1374229/ կայքի։

Եկեղեցու հարավարևելյան հատվածն ամբողջությամբ զբաղեցնում է հարավային կողմի մատուռը։ Հյուսիսարևելյան կողմի մատուռը մի փոքր տեղաշարժ ունի դեպի հյուսիս, որն էլ այստեղ նեղ, միջանցքային տարածություն է ստեղծել։ Դեպի այս միջանցք են բացվում ինչպես մատուռի, այնպես էլ ավանդատան մուտքերը։ Այս հատվածի ծածկն իրականացված է քառորդ գլանի կտրվածք ունեցող թաղով, իսկ հարավային և հյուսիսային մասերը ծածկված են կիսաշրջանաձև թաղով (նկ․ 4)։ Եկեղեցու կենտրոնական հատվածի գմբեթային ծածկն իր լուծումով եզակի է և փոխառված է գավիթների և ժամատների ծածկի ձևերից։ Գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցումն իրականացված է առագաստների միջոցով (նկ․ 5)։ Սրանց շնորհիվ քառակուսին վերածվում է ութանկյան, որի վրա բարձրանում է ներսից ութակող, վերևում բավական լայն բացվածք ունեցող գմբեթը։ Երդիկը աղոթասրահի լույսի միակ աղբյուրն է, որովհետև, ըստ էության, գմբեթը թմբուկ չունի, իսկ արտաքին պատերում լուսամուտները քիչ են և նեղ։

Նկ․ 4 Եկեղեցու երկայնական կտրվածքը, չափագրությունը՝ Մ․ Հասրաթյանի։

Նկ․ 5 Եկեղեցու գմբեթի տեսքը ներսից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Առանց թմբուկով գմբեթի լուծումները հանդիպում են գավիթների ճարտարապետության մեջ։ Սանահինի վանքի գավթում առաջին անգամ ձևավորվում են քառասյուն գավիթների ծավալատարածական լուծման այս սկզբունքները։ Սանահինի, Գոշավանքի, Կեչառիսի վանքերի գավիթներում հանդես է գալիս ծածկի քառաճակտոն ձևը և համարյա վերանում է թմբուկը (Мнацаканян 1952, 43-53)։ Այսպիսին է նաև Խադարի վանքի եկեղեցու գմբեթը և դա պատահական չէ։ Խաթրավանքի գլխավոր եկեղեցու գմբեթակիր արևելյան կողմի սյուները կտրվածքում ուղղանկյուն են։ Սրանցից հարավայինը որմնամույթ է և ներսից կցված է եկեղեցու հարավային պատին։ Սյուները խարիսխներ չունեն և նստած են բարձր պատվանդանների վրա։ Սյուներն ավարտվում են սալիկից, կրնկաձև միջնամասից և կիսագլանիկից բաղկացած խոյակներով։ Չորս սյուներից երկուսը միակտոր քարից են, իսկ երկուսը՝ երկկտոր (նկ․ 6)։ Ուշագրավ են պատվանդանների վրայի քանդակները։ Հարավարևմտյան սյան պատվանդանի հյուսիսային երեսին առյուծի գլխի ոճավորված քանդակ է, հյուսիսարևելյանի արևմտյան երեսին՝ խոյի, որմնամույթի դեպի գմբեթատակ տարածությունը նայող կողմին՝ եզան գլուխներ, իսկ որմնամույթի պատվանդանի արևմտյան երեսին՝ օղակաձև գալարաձև զույգ օձեր։ Կենդանակերպ այս քանդակները շատ տարածված են հայկական ճարտարապետության մեջ և պահպանիչ խորհրդանշաններ են (Մնացականյան 1970, 188)։ Եկեղեցու արևմտյան մուտքը նույնպես ունի գեղարվեստական հարդարում․ դռան ուղղանկյունաձև բացվածքը ներառված է կիսասյունիկների վրա հանգչող կամարով պսակված խորշի մեջ։

Նկ․ 6 Գմբեթակիր սյուները, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Եկեղեցիների տարբեր ճակատներում որպես շինաքար օգտագործվել են բազմաթիվ խաչքարեր, որոնք նույնպեա պատերի հարդարման միջոց են և որոշ աշխուժություն են հաղորդում շինությունների պարզ ու անպաճույճ կառուցման կերպին (նկ․7)։ Կիսամշակ և կոպտատաշ քարերի և խաչքարերի զուգորդումով շինարարական այս տեխնիկան բնորոշ է ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի ճարտարապետական դպրոցների համար և վավերացված է բազմաթիվ հուշարձաններում (Պետրոսյան և այլք 2009, 42)։

Խադարի վանքի ծավալատարածական լուծումները նույնպես շատ ինքնատիպ են։ Եկեղեցին բրգաձև տանիքով համարյա խորանարդաձև ծավալ է, որտեղ ճակտոններն առանձնացված չեն և պատերն ավարտվում են նույն բարձրության վրա։ Կողային մատուռները չունեն առանձին տանիք և ծածկվել են եկեղեցու տանիքի լանջերի շարունակությամբ։ Տանիքն իրականացվել է կիսագլանաձև տիպի կղմինդրով, որի մասին վկայում են ինչպես տանիքին առկա կղմինդրները, այնպես էլ դրանց՝ թափվածքները (նկ․ 8)։

Խադարի վանքի կեղեցիները, ինչպես նաև մյուս շինությունները, կառուցված են կոպտատաշ բազալտե քարերից, կրաշաղախով։ Թաղակիր կամարները, սյուներն ու որմնասյուները, միայն, շարված են սրբատաշ քարերով:
Ներսից պատերը սվաղված են կրաշաղախով։

Նկ․ 7 Խաչքարերով իրականացված շարվածքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 8 Կղմինդրների մնացորդները, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Գրականության ցանկ

1․ Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատ․, Երևան։

2․ Մնացականյան 1970 - Մնացականյան Ս․, Պահպանիչ խորհրդանշանները միջնադարյան հայկական քանդակագործության մեջ, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 3, էջ 185-202։

3․ Պետրոսյան և այլք 2009 - Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։

4․ Ջալալեանց 1842 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Ա, Տփխիս:

5․ Мнацаканян 1952 - Мнацаканян С., Архитектура армянских притворов, Ереван․

Խադարի վանք. եկեղեցիների հուշարձանախումբը
Խադարի վանք. եկեղեցիների հուշարձանախումբը
Խադարի վանք. եկեղեցիների հուշարձանախումբը
Արցախ