Խանցք գյուղի Սբ․ Հովհաննես մատուռը

Տեղադրությունը

Մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խանցք գյուղի հյուսիս-արևելքում՝ Ջուխտակ խաչից ներքև, առվակի ձախ կողմում (նկ. 1, 2) (Բալայան, 2020, 74):

Նկ. 1 Մատուռի ընդհանուր տեսքը հարավից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի:

Նկ. 2 Մատուռի ընդհանուր տեսքը արևելքից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի:

Պատմական ակնարկ

Մատուռի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Եկեղեցին ստույգ թվագրված չէ: Մատուռի շուրջն է գտնվում հանգստարանը, որն ամբողջությամբ ծածկված է խոտով: Գերեզմանոցում կան 11-13-րդ դարերի խաչքարեր (նկ. 3): Խաչքարերից մեկի վրա փորագրված է «:ՈԾԳ:», այսինքն՝ 1204 թվականը (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=748&act1=more&act=filter&mtype=12&searchword=%D4%BD%D5%A1%D5%B6%D6%81%D6%84):

Մատուռից ոչ հեռու գտնվում են երկու մեծ խաչքարեր, որոնք տեղացիները կոչում են Ջուխտակ խաչ: Նրանցից մեկն ունի արձանգրություն. «Յանուն սբ. Երրորդ[ու]թեան ես Սոստ/անէս ու Բար/սեղ կանգ/նեցաք զխաչս հաւր մերոյ Հայրա/պետայ եւ մայր մեր/ոյ Հռամսիմին. որք երկր/պագէք աղաչեմք յաղա[ւ}թս յիշէլ :ՉԲ: (1253 թ.)» (ԴՀՎ 5, 143): Արձանագիր խաչքարը հիշատակում է Մակար Բարխուդարյանցը, ում վերծանումը օգտագործվել է Դիվան հայ վիմագրության մեջ նույն խաչքարը նկարագրելիս և արձանագրությունն ընթերցելիս  (Բարխուտարեանց, 1895, 160): Բարխուդարյանցը տալիս է նաև մատուռի նկարագրությունը. «Ջուխտակ խաչերից ներքև, առուակի ձախ կողմում քարուկիր շինուած մատուռ, որի մօտ կայ և հանգստարան» (Բարխուտարեանց 1895, 160):

Նկ. 3 Մատուռի մոտ գտնվող խաչքարերից, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին կառուցված է կոպտատաշ ու անմշակ մեծ ու փոքր քարերով, կրաշաղախով: Սրբատաշ է միայն մուտքը: Այն ուղղանկյուն, միանավ կառույց է՝ ներքուստ թաղակապ, աբսիդն ուղղանկյուն է: Հուշարձանի չափերն են 4,5 x 4,0 մետր: Միակ մուտքը հարավային կողմից է: Մատուռի ներսում կան փոքրիկ խորշեր (նկ. 4, 5):

Նկ. 4 Մատուռի ներքին տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի:

Նկ. 5 Մատուռի ներքին տեսքը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Մատուռ չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: Կիսավեր է: Գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
  2. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան:
  3. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կոզմող Ս. Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան:
  4. Խանցք գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցի, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=748&act1=more&act=filter&mtype=12&searchword=%D4%BD%D5%A1%D5%B6%D6%81%D6%84։
Խանցք գյուղի Սբ․ Հովհաննես մատուռը
Խանցք գյուղի Սբ․ Հովհաննես մատուռը
Խանցք գյուղի Սբ․ Հովհաննես մատուռը
Արցախ