Խնապատ գյուղի վաղ երկաթեդարյան թաղումները

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի արևելյան եզրամասում՝ «Թյունին բաղի տափ» կոչվող տեղամասում։ 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Խնապատն Արցախի հին բնակավայրերից մեկն է։ Դրա մասին են վկայում գյուղի տարածքում պահպանված մ․ թ․ ա․ 2-րդ-1-ին հազարամյակների դամբարանադաշտերը, հին գյուղատեղերի և գերեզմանոցների հետքերը (Сафарян 1992, Սարգսյան 2006)։ Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ցանկում ներառված է Խնապատ գյուղի 42 հուշարձան, մասնավորապես, 13-րդ դարի խաչքարեր, տապանաքարեր,  «Երեշեն» գյուղատեղին և այլն (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր):

Հնագիտական ուսումնասիրությունը

Հուշարձանը հայտնաբերվել է 1989 թվականի հունիսին, աղյուսի արտադրամասի շինարարության ժամանակ: Շինարարական աշխատանքների միջոցին ավերվել է դամբարաններից մեկը։ Կմախքի դիրքը չի հաջողվել հստակ որոշել, տեղում պահպանված էր միայն գանգի մի մասն ու արմունկոսկորը։ Հնագիտական հետազոտության արդյունքում հնարավոր դարձավ հավաքել մի քանի հետաքրքիր հնագիտական նմուշներ, որոնք թվագրվում  են մ․ թ․ ա․ 11-9-րդ դարերով։ Գտածոների մեջ են գնդաձև մեծ սափորը, կավե պատվանդանը և ջրային թռչնի տեսքով անոթը, զարդարուն մի այլ անոթի բեկորները, լավ պահպանված բրոնզե դաշույնը, գավազանի գլխադիրը և սարդիոնե ուլունքները։

Բեկորներով ներկայացված մեկ այլ սևափայլ երկանթ անոթ ունի նախորդից ավելի մեծ չափեր և մի քանի զարդանախշ գոտիներ (նկ․ 3): Այստեղ համատեղված են շևրոնների տեսքով գծային նախշը, ուղիղ սեղմված հորիզոնական գծերը, զիգզագ գծերը և փայլեցումը: Զարդանախշը հիմնականում արված է անոթի վերին մասում։ Մեկ ուրիշ ռելիեֆային գոտի՝ մեկ ալիքավոր գծով, անցնում է անոթի ամենալայն մասով։ Նմանատիպ սափոր դեռևս 1938 թվականին հնագետ Յ․ Հումմելը հայտնաբերել է Ստեփանակերտում, ինչը թույլ է տալիս ճշգրտորեն վերականգնել անոթի ձևը։

Գնդաձև անկանթ սափորն ունի հարթ հատակ, ցածր վիզ և դեպի դուրս թեքված պրոֆիլավորված պսակ (նկ․ 1)։ Կավը մանրահատիկ է, առանց խառնուրդների, թրծումը՝ հավասարաչափ, խեցին կտրվածքում ունի շագանակագույն երանգ։ Անոթի վերին մասը զարդարված է մի քանի հորիզոնական զուգահեռ գծերով, որոնք կազմում են գոտի։ Պսակից մինչև այս գոտին իջնում են ուղղահայաց փայլեցված գծեր (նկ․ 2): Նմանատիպ խեցեղենը բնորոշ է մ․ թ․ ա․ 12-11-րդ դարերին։

Նկ. 1 Մեծ գնդաձև իրանով, անկանթ սափորը, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 2 Մեծ գնդաձև իրանով, անկանթ սափորի գծանկարը, գծանկարը՝ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 3 Սևափայլ երկանթ անոթը, գծանկարը՝ Վ․ Սաֆարյանի։

Հայտնի է, որ սևափայլ ռելիեֆային զարդանախշով խեցեղենը լայն տարածում է ստանում մ․ թ․ ա․ 12-11-րդ դարերում։ Խեցեղենի այս տեսակն իր համապատասխանությունը գտնում է Արթիկի, Ռեդկին լագերի, Դիլիջանի, Խուրջին-հողերի դամբարաններում, ինչպես նաև Տոլորսի դամբարանաբլուրի ուշ բրոնզեդարյան խեցեղենի և Մեծամորի ուշ բրոնզի դարաշրջանին բնորոշ արտադրանքների համալիրում  (Խանզադյան, Մկրտչյան, Պարսամյան 1973, 39-42):

Հետաքրքիր է դամբարանում գտնված սնամեջ, երկփող, մեջտեղում խիստ նեղ և դեպի շայերերը սահունորեն ընդարձակվող սևափայլ պատվանդան-ծխամանը (նկ. 4)։

Ուշագրավ է ջրային թռչնի տեսքով, մուգ շագանակագույն փայլեցրած մակերեսով կենդանակերպ անոթը (նկ. 5): «Թռչունը» կանգնած է երեք ոտքերի վրա, ունի հարթ լողակաձև ուղղահայաց տեղադրված պոչ և երկար վիզ, որը ավարտվում է հարթեցված գլխով ու պարանոցին սեղմված երկարավուն և հաստ կտուցով։ Թռչնի կուրծքը, կտուցից անմիջապես ներքև, զարդարված է 15 համակենտրոն շրջաններով։ Աչքերը նշված են երկու շրջանակով: Գլխի վերևից մինչև կտուցի կեսն անցնում է մի փոքրիկ կտրվածք՝ սպիտակ մածուկի ներդիրի հետքերով (նկ․ 6)։

Թռչնատեսք անոթներ մեծ քանակությամբ հայտնաբերվել են Թեփե Սիալկի դամբարանադաշտում՝ Խուրվինում, Հասանլույում (Իրան): Կենդանակերպ անոթներ են գրանցվել նաև Այսրկովկասի մի շարք հուշարձաններում՝ Մինգեչաուրի, Խրտանոցի, Շիկահողի, Խնածախի, Տանձավերի դամբարանադաշտերում։ Ներկայացվող անոթն իր ձևով մոտ է Խուրվինի հավաքածուի և Մինգեչաուրի դամբարանադաշտի եղջերագավաթներին: Սակայն պետք է ընդգծել, որ հնագիտական գրականության մեջ նույնանման անոթ չի գրանցվել։ Այն չունի ծորակ և, ըստ երևույթին, նախատեսված չի հեղուկներ պահելու համար։ Անոթի պսակի ներսի և եզրի մրապատությունը, ինչպես նաև ոտքերի արանքներում պահպանված ածուխի կտորները կարող են վկայել, որ բուրվառ է, որի մեջ բուրավետ խոտաբույսեր կամ ծիսական կրակ էին վառում: Թռչունները տարբեր առասպելա-պոետիկ ավանդույթներում հանդես են գալիս որպես աստվածային էության խորհրդանիշներ՝ երկնքի ոգու, արևի, ամպրոպի, քամու, հոգու, կյանքի ոգու և այլն: Թռչնի տեսքով հոգու մասին պատկերացումը շատ տարածված է հին ավանդույթներում: Համաձայն այն գաղափարի, որ ոչ մի կենդանի էակ չի մահանում, այլ միայն ժամանակավորապես լքում է այս աշխարհը, որպեսզի նորից վերածնվի դրանում, «թռչունը երբեմն հանդես է գալիս որպես մարդու օգնական «երկրորդ ծննդյան ժամանակ» (Мифы 1988, 347): Այսպիսով, կարելի է ենթադրել, որ մեր դիտարկած թռչնի տեսքով կենդանակերպ անոթը հանգուցյալի հոգու խորհրդանիշ է, որը նախատեսված է նրան վերածնվելու հարցում օգնելու համար:

Ինչպես նշվեց, թաղման մեջ հայտնաբերվել են նաև մետաղյա առարկաներ՝ դաշույն և գավազանի գլխադիր (նկ․ 7): «Սևանյան» տիպի բրոնզե դաշույնն ունի երկկողմանի կենտրոնական ող ունեցող միաձույլ լեզվակավոր շեղբ, մետաղյա կոնաձև ցանցկեն գլխիկ: Նման դաշույններ մեծ քանակությամբ հանդիպում են Արևելյան, Հարավ-Արևելյան և մասամբ Կենտրոնական Այսրկովկասում։ Նման դաշույններ են հայտնաբերվել Արցախի Առաջաձոր և Ախմախի գյուղերի դամբարանադաշտերում, Ծաղկաձորի, Կամոյի, Աստղաձորի, Գորիսի, Վանաձորի, Տոլորսի, Զարդաքարի, Մինգեչաուրի, Թրիալեթիի, Սամթավրոյի դամբարաններում։ Այս տեսակի բրոնզե շեղբով դաշույնների ամենամեծ տարածման ժամանակը եղել է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի վերջը ու 1-ին հազարամյակի սկիզբը։

Սակավաթիվ նյութերից ուշագրավ է գավազանի գլխադիրը (նկ. 7): Այն սնամեջ է, գլանաձև իրանով, կիսաշրջանաձև գլխով: Հարդարված է երկայնակի անցնող միջանցիկ անցքերի և ելուստաձև շեղանկյունների շարքով: Այս իրերը լայն տարածում են ստանում մ. թ. ա. 2-րդ հազարամյակի վերջին և մ. թ. ա. I  հազ. սկզբում:

Հայտնաբերված առարկաների վերջին խումբը կազմում են 18 սարդիոնե  ուլունքները (նկ․ 8)։

Այսպիսով, հնագիտական ​​նյութի մորֆոլոգիական վերլուծությունը թույլ է տալիս պատահաբար հայտնաբերված թաղումը թվագրել մ. թ. ա. 11-9-րդ դարերով։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր կիսավեր վիճակում։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Сафарян 1992 - Сафарян В. Археологическая находка в селе Ханабад, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, էջ 225 -230։
  2. Խանզադյան, Մկրտչյան, Պարսամյան 1973 – Խանզադյան Է․, Մկրտչյան Կ․, Պարսամյան Է․ Մեծամոր, Երևան։
  3. Սարգսյան 2006 - Սարգսյան Ս․, Խնապատ, Երևան։
  4. Мифы 1988 - Мифы народов мира Ч. II, М.
  5. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - ԱՀ ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի վկայագիր։
Խնապատ գյուղի վաղ երկաթեդարյան թաղումները
Խնապատ գյուղի վաղ երկաթեդարյան թաղումները
Խնապատ գյուղի վաղ երկաթեդարյան թաղումները
Արցախ