Խնձրիստանի «Ջուխտակ եղցի» սրբատեղին

Տեղադրությունը

«Ջուխտակ եղցի» սրբատեղին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից 2 կմ արևմուտք, իսկ հարևան Խաչեն գյուղից՝ 0,7 կմ հարավ-արևմուտք՝ անտառապատ բլրի գագաթին (նկ․ 1)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 «Ջուխտակ եղցի» սրբատեղի, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Պատմական ակնարկ

Հուշարձանի կառուցման մասին պատմական աղբյուներում տվյալներ չեն պահպանվել։  «Ջուխտակ եղցի» սրբատեղին վավերացված է Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես 11-13-րդ դարերի հուշարձան (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։ Հուշարձանի տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 2011 թվականին (արշավախմբի ղեկավար Գ․ Սարգսյան, ճարտարապետ  Ս․ Այվազյան) ( Հաշվետվություն 2011)։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Հնավայրը կոչվում է «Ջուխտակ եղցի», սակայն տարածքում պահպանվել է միայն մեկ մատուռ - եկեղեցի։ Տեղի բնակչության մոտ հուշարձանն առավել հայտնի է «Մեծ նան» և «Փոքր նան» անվանումներով։ Պահպանված մատուռ - եկեղեցին անվանում են «Մեծ նան»: Մատուռ - եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։ Արևելյան և արևմտյան պատերը կիսով չափ փլված են, թաղակապ տանիքի զգալի մասը չի պահպանվել (նկ․ 2)։ Արևելյան հատվածում պայտաձև հատակագծով խորանն է, որի բեմը չի պահպանվել։ Խորանի կենտրոնում է տեղակայված միակ փոքրիկ լուսամուտը, իսկ ավելի ձախ՝ հյուսիսային պատին, կա մեկ ուղղանկյունաձև խորշ (նկ․ 3)։ Ներսում կա մեկ խաչքար (նկ․ 4)։ Մատուռ - եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը` 6,3 x 4,5 մետր):  Կառուցվածքով բնորոշ է 11-13-րդ դարերին (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։  Դրա մասին են վկայում հուշարձանի պեղված և բացված փլատակներից գտնված խաչքարերի բեկորները, որոնք օգտագործված են եղել որպես շինաքար (նկ․ 5 )Մուտքը բացված է հարավային կողմից, չունի գեղարվեստական հարդարանք (նկ․ 6)։ Վերնամասում, որպես բարավոր, օգտագործված է մեծաչափ երկարավուն սալաքար (Հաշվետվություն 2011)։

Նկ. 2 «Մեծ նան» մատուռ-եկեղեցին հարավ-արևմտյան կողմից, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 3 «Մեծ նան» մատուռ-եկեղեցու խորանը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 4 Խաչքար «Մեծ նան» մատուռի ներսում, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 5 «Մեծ նան» մատուռի փլատակներից գտնված խաչքարերի բեկորները, լուս․՝ Գ, Սարգսյանի։

Նկ. 6 «Մեծ նան» մատուռը հարավային կողմից, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

«Մեծ Նան» մատուռից մոտ 300 մ հյուսիս-արևելք գտնվում է միջնադարյան գերեզմանոց խաչքարերով։ Հենց այստեղ է գտնվում մի մեծ խաչքար (կիսով չափ գետնի մեջ նստած),  որը կոչվում է «Փոքր նան» (նկ․ 7):

Մատուռ - եկեղեցու շրջակայքում պահպանվում են մի շարք շինությունների մնացորդներ և տապանաքարեր՝ բնորոշ 11-14 – րդ դարերին (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։ Ըստ հնագետ Գագիկ Սարգսյանի՝ հուշարձանը եղել է կղմինդրածածկ, և դատելով կղմինդրների բեկորների աննախադեպ առատությունից, ձևերի բազմազանությունից և տարբեր ժամանակների նմուշների առկայությունից՝ կարելի է ենթադրել, որ կղմինդրե ծածկը բազմիցս լրացվել ու ավելացվել է, ընդ որում՝ ժամանակագրական զգալի ընդհատումներով (նկ․ 8):

Եկեղեցու շրջակայքում պահպանվել է 9 – 13 -րդ դարերի գերեզմանոցը, 11– 13-րդ դարի խաչքարերով (նկ․ 9,10)։

Նկ. 7 «Փոքր նան» կոչվող խաչքարը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 8 Մատուռ-եկեղեցու փլատակներից գտնված կղմինդրների բեկորները, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 9 Եկեղեցու շրջակայքի գերեզմանոցի խաչքարերը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 10 Եկեղեցու շրջակայքի գերեզմանոցի խաչքարերը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Պատերազմի ժամանակ հուշարձանը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։

2. Հաշվետվություն 2011 - Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի «Ջուխտակ վանք» սրբատեղիի պեղման – մաքրման աշխատանքների հաշվետվություն։

Խնձրիստանի «Ջուխտակ եղցի» սրբատեղին
Խնձրիստանի «Ջուխտակ եղցի» սրբատեղին
Խնձրիստանի «Ջուխտակ եղցի» սրբատեղին
Արցախ