Խոջալուի դամբարանադաշտը
Տեղադրությունը
Խոջալուի դամբարանադաշտը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան (նախկին Խոջալու) գյուղի մոտակայքում՝ Կարկառի և Բադարայի միջագետքում։ Այն բաղկացած է եղել մոտ 100 դամբարանաբլուրներից և քարարկղե դամբարաններից, որոնք թվագրվում են ուշ բրոնզե և վաղ երկաթե ժամանակաշրջանով (նկ․ 1): 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Խոջալուի դամբարանադաշտը տարբեր ժամանակներում հետազոտել են Է․ Ռյոսլերը, Ի․ Մեշչանինովը, Տ․ Պասսեկը, Կ․ Քուշնարյովան և ուրիշներ ( «Отчеты Археологической комиссии» за 1894, 1895, 1896, 1897, Мещанинов 1926, Пассек, Латынин 1926, Кушнарева 1959, 1970)։ Դամբարանադաշտի մեգալիթյան կառույցներին 2021 թվականին անդրադարձել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և ԵՊՀ հնագիտական արշավախումբը (Ավետիսյան և ուր., 2023):
Հնագիտական ուսումնասիրությունը
Խոջալուի դամբարանադաշտը Կովկասի հնագույն դամբարանադաշտերից մեկն է։ Այն վերաբերում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանին: Ամենավաղ թաղումներն այստեղ պատկանում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին, իսկ ամենանորերը ՝ մ.թ.ա. 8-7-րդ դարերին։
Հուշարձանի առաջին պեղումները կատարել է Շուշիի ռեալական ուսումնարանի ուսուցիչ Էմիլ Ռյոսլերը 1894-1896 թվականներին։ Էմիլ Ռյոսլերի աշխատանքների մասին մանրամասն տեղեկություններ կան Բեռլինում հրատարակված «Zeitschrift fur Ethnologie» ժողովածուում (Բաբայան 1895, 37)։ Պեղումները Է. Ռյոսլերին թույլ տվեցին տիպաբանել դամբարանները՝ առանձնացնելով գետաքարերից կառուցված աշտարակաձև դամբարանները, քարային լիցքով դամբարանները, ավազածածկ մեծ դամբարանները, քարահողային լիցքով դամբարանները և առանց խցի դամբարանները (Ավետիսյան և ուր. 2023, 50; նկ․ 2)։
Հետագա տարիներին հուշարձանը բազմիցս հետազոտվել է տարբեր մասնագետների կողմից։ 1920-ական թվականներին դամբարանադաշտը և Հաչա-թեփե դամբարանաբլուրի (նկ․ 3) մոտ կանգնած երկու մենհիրները ուսումնասիրել է Ի․ Մեշչանինովը։ Էմիլ Ռյոսլերի կողմից պեղված նյութը մշակել ու ամփոփել է Կ․ Քուշնարյովան (Кушнарева 1970)։ Խոջալուի դամբարանադաշտում Կ․ Քուշնարյովան առանձնացնում է 3 խումբ դամբարանաբլուրներ.
- փոքր հողային դամբարանաբլուրներ անձնական դամբարանխցերով - մ.թ.ա. 13-11-րդ դարեր (թիվ 5, 14, 16):
- Մեծ հողային դամբարանաբլուրներ՝ դիակիզման հետքերով - մ.թ.ա. 10-9-րդ դարեր, որոնցից երկուսը պեղել է Էմիլ Ռյոսլերը (թիվ 1, 2)։ Հետաքրքիր էր 2-րդ դամբարանաբլուրը՝ արդեն 1 մետր խորության վրա բացահայտվել են մարդու ու կենդանիների ոսկորներ, կավանոթների բեկորներ, սարդիոնե ուլունքներ։ Դրանից հետո սկսվում էր հողի ու մոխրի երկու մետրանոց շերտ, որը կարելի է համարել դիակիզման արդյունք։ Այդ շերտում գտնվել են մարդու և կենդանիների ոսկորներ, քառականթ բրոնզե կաթսա, բրոնզե գոտու մասեր, որոնցից մեկի վրա պատկերված են առասպելական ցլեր, մյուսի վրա գետնին պառկած մարդ՝ զենք ու զրահով, 40 բրոնզյա նետասլաքներ, ճարմանդներ (նկ․ 4), սևափայլ սափորներ (նկ․ 5, 6), սարդիոնից և մածուկից ուլունքներ (Кушнарева 1970)։ Խոջալուի երկրորդ դամբարանաբլրի հետաքրքիր առանձնահատկությունն է ցլի (ցուլերի) թաղումը, որի գանգը, ըստ Է. Ռյոսլերի, պսակված էր երկու բրոնզե ճակատակալներով (Кушнарева 1970; նկ. 7 ):
- Քարե լիցքով դամբարանաբլուրներ՝ քարարկղային խցերով - մ.թ.ա. 8-7-րդ դարեր, (թիվ 7, 11, 19, 20): Այս թաղումներում գտնվել են բրոնզե գոտու կտորներ, ապարանջաններ, ոսկյա զարդեր, սարդիոնե ուլունքներ (նկ․ 8, 9), եղջյուրի պատկերով գավազանի գլխիկ (Кушнарева 1970; նկ․ 10)։ Առավել հետաքրքիր նյութ է հայտնաբերվել թիվ 11 դամբարանաբլուրում՝ որոնցից ամենակարևորն ասորական արձանագրությունով կնիքն է (Кушнарева 1970; նկ․ 11)։ Հնում նման կնիքները օգտագործվել են պայմանագրեր և առևտրային գործարքների արդյունքում ձեռք բերված ապրանքները կնքելիս։ Ի. Մեշչանինովի ենթադրությամբ հայտնաբերված կնիքն ավելի հին է, քան թաղումը, որտեղ այն հայտնաբերվել է և, հավանաբար, մինչև գերեզմանում տեղադրելը այն երկար ժամանակ պահվել է տոհմի անդամների մոտ (Мещанинов 1926, 217):
- Վաղ երկաթե դարի դամբարանաբլուրներն (թիվ 1, 2, 18) ունեն 76-88 մետր տրամագիծ, 8-10 մետր բարձրություն։ Թաղման ծեսը՝ դիակիզում: Երկաթի լայն կիրառման շրջանի դամբարանաբլուրների (թիվ 7, 11, 14. 19) տրամագիծը 12-48 մետր է, բարձրությունը՝ 2-8 մետր: Թաղման ծեսը` դիաթաղում քարարկղի մեջ:
Խոջալուի դամբարանադաշտը եզակի հուշարձան է։ Տարբեր տեսակի դամբարանաբլուրների կառուցվածքի և հնագիտական նյութի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս դամբարանադաշտը ստեղծվել է աստիճանաբար մի քանի դարերի ընթացքում՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջից մինչև մ.թ.ա. 8-7-րդ դարերը ( Кушнарева 1970, 122)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Խորհրդային տարիներին օդանավակայանի կառուցման ընթացքում որոշ դամբարանաբլուրներ վնասվել են։ Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ 44-օրյա պատերազմից հետո դամբարանդաշտին կից տեղավորվել են ռուս խաղաղապահները։
Գրականություն
-
- Императорская археологическая комиссия 2019 - Императорская археологическая комиссия, Отчеты Археологической комиссии за 1859-1917 годы, Москва․
- Мещанинов 1926 - Мещанинов И., Краткие сведения о работе археологической экспедиции в Нагорном Карабахе и Нахичеванском крае, т.I, Баку:
- Пассек, Латынин 1926 - Пассек Т., Латынин Б., Ходжалинский курган №11, Изв. Об-ва обслед. и изуч. Азербайджана, вып. I, Баку:
- Кушнарева 1959 - Кушнарева К., Археологические работы в окрестностях с. Ходжалы, Материалы и исследования по археологии СССР, т. 67, Москва, с. 370 - 380:
- Кушнарева 1970 - Кушнарева К., Ходжалинский могильник, Историко - филологический журнал, № 3, Ереван, с. 109-124:
- Բաբայեան 1895 - Բաբայեան Լ․, Խոջալլուի գերեզմանները, Ազգագրական Հանդես, թիվ Ա, էջ 37-40։
- Ավետիսյան և ուր. 2023 - Ավետիսյան Հ․, Գնունի Ա․, Սարգսյան Գ․, Մկրտչյան Լ․, Բոբոխյան Ա., Արցախի մեգալիթյան մշակույթը, Երևան:
Խոջալուի դամբարանադաշտը
Արցախ