Ծմակահող գյուղի «Մամքան» եկեղեցին
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից 200 մետր հյուսիս։ 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Հուշարձանի մասին ստույգ տվյալներ հայտնի չեն։ Կցկտուր տեղեկություններ կան «Դիվան Հայ վիմագրության» 5-րդ հատորում, Շ․ Մկրտչյանի և Վ․ Բալայանի աշխատություններում։
Այսպես, «Դիվան Հայ վիմագրության» 5-րդ պրակում՝ Վաճառ գյուղը և շրջակայքը ներկայացնելիս, բերվում են նաև երեք խաչքարերի արձանագրություններ, որոնք գտնվում են ժողովրդի կողմից «Մամքաեղծի» կոչված եկեղեցու մոտ (ԴՀՎ 5, 83)։
Շ․ Մկրտչյանի գրքում նշվում է, որ Ծմակահող գյուղում «Մանկա» անունով կա միանավ բազիլիկ եկեղեցի և ներկայացվում է նրա հատակագիծը (Мкртчян 1989, 24; նկ․1)։
Վ․ Բալայանն իր աշխատության մեջ առանց որևէ գրավոր աղբյուրի հղման և բացատրության նշում է, որ «1260 -1261 թթ․ Արծաթասարի լանջին Մամքան իշխանուհու հիշատակին կառուցվեց Մամքա եկեղեցին․․․» (Բալայան 2020, 300)։
Մամքան եկեղեցու հորինվածքային նկարագիրը ներկայացված է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագրում (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Հուշարձանը, որ եկեղեցուց բացի ներառում է նաև փոքրիկ գևրեզմանոցը, զբաղեցնում է 0,4 հեկտար տարածություն: Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով սրահ է (չափերը՝ 7,1 x 3,1 x 3,5 մետր)։ Տանիքը փլված է, արտաքին սրբատաշ քարերը՝ հանված։ Մուտքն արևմտյան կողմից է։ Արևելյան կողմից բացվում է մեկ պատուհան։ Եկեղեցու ներսում և արևելյան արտաքին պատուհանի տակ կան մի շարք՝ 12-13-րդ դարերով թվագրվող խաչքարեր (նկ. 2-5)։ Հուշարձանի հարավ-արևմտյան կողմում տարածվում էր երբեմնի գերեզմանոցը, որից ներկայումս պահպանվում է մեկ խաչքար ու մեկ տապանաքար (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Վիճակը մինչև պատերազմը, ընթացքում և հետո
Պատերազմի ժամանակ հուշարձանը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականության ցանկ
1. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր․ 5, Արցախ /կազմեց Ս․ Բարխուդարյանը, Երևան, 1982։
2. Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко–архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван:
3. Բալայան 2020 - Բալայան Վ․ Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
4. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Ծմակահող գյուղի «Մամքան» եկեղեցին
Արցախ