Կավահան (Ղավախան) գյուղի «Շենի աղբյուրը»

Տեղադրությունը

Աղբյուրը գտնվում է Մարտունու շրջանի համանուն գյուղում՝ գյուղի հարավային եզրին, գյուղ մտնող հիմնական ճանապարհի ձախ կողմում (նկ. 1):

Նկ. 1 Աղբյուրի ընդհանուր տեսքը, լուս. Ա. Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Համաձայան ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների պահպանության ծառայության վկայագրի՝ աղբյուրը կառուցվել է 1906 թվականին: Աղբյուրի ձախ կողմում՝ քարե ավազանով ձևավորված ակի վրա տեղադրված է բավականին վնասված շինարարական արձանագրությունը: Սամվել Կարապետյանը «Հայկական աղբյուրներ» գրքում տալիս է այս աղբյուրի հակիրճ նկարագրությունը և լուսանկարը, սակայն առանց կառուցման թվականը հիշատակելու (Կարապետյան, 2023, 45): Տեղացիներն այն անվանում էին «Շենի աղբյուր»:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, կրաշաղախով: Ունի ուղղանկյուն կառուցվածք: Ունի նեղ ու երկարավուն նավ՝ պատրաստված սրբատաշ քարերից: Երկարությունը 10.5 մետր, լայնությունը 60 սմ, բարձրությունը 1.8 մետր: Աղբյուրը բազմիցս վերանորոգվել է (նկ. 2):

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Աղբյուրը չի տուժել ռազմական գործողությունների ժամանակ: 1980-ական թվականներին մասնակիորեն վերանորոգվել է (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=466&act1=more&act=filter&mtype=98&searchword=%D4%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6 ): Աղբյուրի պատի վրա վերջին տարիներին տեղադրվել էր մի մեծ սալ՝ «Արցախ» գրությամբ (նկ. 3): 1990-ական թվականներին աղբյուրի աջ և ձախ անկյուններում կանգնեցվել են 12-13-րդ դարերի մեկական խաչքարեր (նկ. 4, 5): Դրանցից մեկի ներքնամասում պատկերաքանդակ է, որը ներկայացնում է Արցախի խաչքարերում բավականին տարածված՝ ընտանեկան «դիմանկարի» թեման՝ մայրը, երեխան և հայրը:

Նկ. 2 Աղբյուրի կառուցվածքը, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 3 Աղբյուրի պատին ամրացված սալաքարը, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 4 Աղբյուրի պատին ամրացված միջնադարյան խաչքար, լուս. Ա. Գրիգորյանի։

Նկ. 5 Աղբյուրի պատին ամրացված միջնադարյան խաչքար, լուս. Ա. Գրիգորյանի։

Օգտագործված գրականություն

  1. Կարապետյան 2023 - Կարապետյան Ս., Հայկական աղբյուրները, Երևան։
  2. Կավահան «Շենի աղբյուր», http://monuments.nk.am/pages.php?al=home&id=466&act1=more&act=filter&mtype=98&searchword=%D4%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6։
Կավահան (Ղավախան) գյուղի «Շենի աղբյուրը»
Կավահան (Ղավախան) գյուղի «Շենի աղբյուրը»
Կավահան (Ղավախան) գյուղի «Շենի աղբյուրը»
Արցախ