Կավահան (Ղավախան) գյուղի «Շինատեղ» գյուղատեղին
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ղավախան գյուղից 1,7 կմ հյուսիս–արևելք, սակավաջուր գետակի թեքադիր լանջին (նկ. 1): 2023 թվականից բռնակցված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Համաձայն Մակար Բարխուդարյանցի՝ Ղավախան գյուղը «հիմնուած է մի ձորի մեջ, խեղդուած է տեսարանն և սեղմուած հորիզոնն շրջապատող լեռներով․․․․․Գիւղիս հիւսիսային կողմում կայ հին հանգստարան և քարուկիր մատուռ, որի մեջ կան խաչարձաններ, որից միայն վերայ․ «Թվ․ ԶՂԷ (1548 թ․) ես Շահաւոր կանգնեցի խաչս հայր Պախա, մայր իմ Շահմար․․․․»։(Բարխուտարեանց 1895, 110)։
Շ․ Մկրտչյանը գտնում է, որ գյուղը նախկինում կոչվել է Կավահան « այն պատճառով, որ այստեղ հանում էին կավ և զբաղվում կավե սպասքի արտահանումով։ Հետագայում վերանվանվել է Գավախան։ Գյուղի և նրա շրջակա տարածքի բազմաթիվ հուշարձանների ուսումնասիրությունը հանգեցրել է այն մտքին, որ Կավահան-Գավախանն ունի դարավոր պատմություն։ Դրա վառ ապացույցն են Շինաթեխի և Շինաթախի գերեզմանոցները, տարբեր շինությունների ավերակները և խաչքարերը» (Мкртчян 1989, 124):
Ըստ Վ․ Բալայանի՝ հին Կավահանում առկա են մի շարք պատմամշակութային հուշարձաններ՝ Ք․ա․ 2-1–ին դարերի դամբարանադաշտ, 13-րդ դարի մատուռ, 15-16-րդ դարերի խաչքարեր, 17-19–րդ դարերի գերեզմանոց և Սբ․ Աստվածածին եկեղեցի (https://monumentwatch.org/hy/monument/ %d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b2%d5% a1%d5%be%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b6%d5%ab%d5%bd%d5%a2%e2%80%a4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6-%d5%a5%d5%af; Բալայան 2022, 428)։
Ճարտարապետահորինվածքային նկարագրություն
Կավահանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է 21 հուշարձան, որոնցից մեկն էլ 15–16–րդ դարերի «Շինատեղ» գյուղատեղին է։ «Շինատեղը» բավականին մեծ գյուղատեղի է, որի շինությունների երևացող հետքերը փռված են ավելի քան 3 հեկտար տարածքում (նկ․ 2)։ Երբեմնի գյուղի վերնամասում նկատվում է գերեզմանոցը, բաղկացած հիմնականում հարթ, պարզ, անմշակ սալատապաններից (նկ․ 3)։ Գերեզմանոցում պահպանվել են մի քանի խաչքարերի բեկորներ և գետնին պառկած մեկ մեծ խաչքար․ դրանք կարելի է թվագրել 15–16-րդ դարերով (նկ․ 4, 5)։ Գերեզմանոցում նկատվում է նաև պատաշարի մի փոքր հատված, ինչը, ենթադրաբար, կարելի է վերագրել եկեղեցու ավերակներին (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
- Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко – архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
- Բալայան 2020 - Բալայան Վ․, Արցախի բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
- ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Կավահան (Ղավախան) գյուղի «Շինատեղ» գյուղատեղին
Արցախ