«Կարմիր Ավետարան» գյուղատեղին
Տեղադրությունը
«Կարմիր Ավետարան» գյուղատեղին գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Կրկժան թաղամասից մոտ 1,6 կմ հյուսիս–արևմուտք, «Կարմիր քերծ» կոչվող վայրում, բարձր ժայռագծի տակ բացվող կիսաանտառածածկ սարահարթում (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
«Կարմիր Ավետարան» գյուղատեղիի մասին գրավոր տվյալները սակավաթիվ են։ Այսպես, 1890 թվականի «Նոր դար» թերթում նշվում է «Վարարակն գիւղից մի վերստաչափ հեռաւորութեամբ արևմտեան կողմում մի անդնդավոր ձորի մեջ գտնվում է Փայլուլ կոչուած գյուղը, որը ունի մոտ 15 տուն բնակիչ։ Փայլոիլի մեջն է Աւետարան կոչուած ուխտատեղին, որին շրջակայ գիեղերից և նույն իսկ Շուշի քաղաքից ահագին բազմութեամբ ուխտաւորներ են ուխտ գալիս» (Նոր դար 1890, 3)։
Ս․ Կարապետյանը հետևելով այս հաղորդմանը՝ ուխտատեղին ևս տեղադրում է Փայլուլ գյուղում։ Նա գտնում է, որ «Կարմիր ավետարան»-ը մատուռ և ուխտատեղի է Փայլուլ գյուղի մոտ (Կարապետյան 2022, 378):
Ճարտարապետա - հորինվածքային քննություն
2012 թ․ ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության կողմից կազմվել է գյուղատեղիի պահպանման գոտին։
Գյուղատեղիից պահպանվել են՝ խոնարհված եկեղեցին շրջակա գերեզմանոցով ու հյուսիսային գերեզմանոցի հատվածը։ Հուշարձանը զբաղեցնում է 1,6 հեկտար տարածք (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Գյուղատեղիի հիմնական տարածքը հերկված է։ Եկեղեցին միանավ փոքր շինություն է՝ կառուցված կոպտատաշ քարերից կրաշաղախով։ Այն պատված է սեփական փլատակներով, որից երևում է միայն արևմտյան ճակատը՝ մուտքի հատվածով։ Հարավային կողմում, տեղադրված է 12-13-րդ դդ․ հինգ խաչքարերից կազմված սրբատեղին։ Խաչքարեր, խաչքարերի բեկորներ ու տապանաքարեր պահպանվել են եկեղեցու արևելյան կողմի հարթ տեղանքում։ Երկրորդ, վաղ քրիստոնեական գերեզմանոցը գտնվում է հիմնական հուշարձանախմբից 100 մետր հյուսիս-արևելք և նկատելի է բաց սալարկղերի տեսքով (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Ժողովրդական բանահյուսության մեջ տարածքը անվանվում է «Կարմիր քերծի» կամ «Խաչին» տարածք։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Պատերազմի ժամանակ հուշարձանը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Նոր դար 1890 - Նոր դար, Թիֆլիս, Թիվ 126, 3, «Թղթակցութիիններ»:
2․ Կարապետյան 2022 - Կարապետյան Ս․ Արցախի մանրանունները, Երևան։
3․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Ստեփանակերտ
Արցախ