Կարմիր շուկայի «Երեք մանկունք» վանական համալիրը

Տեղադրությունը

Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղից 4 կմ հյուսիս՝ Հերհեր գյուղից 1,5 կմ արևմուտք ընկած բարձր կոնաձև, շրջապատի վրա իշխող անտառապատ բլրի գագաթին (նկ․ 1)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1․ «Երեք մանկունք» կոչվող բլրի ընդհանուր տեսքը, լուս․` Գ․ Սարգսյանի։

Պատմական ակնարկ

Կարմիր Շուկայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է ընդամենը 11 հուշարձան։ Դրանց շարքում է «Երեք մանկունք» վանական համալիրը։

Համալիրի մասին համառոտ տեղեկություն է հաղորդում Ս․ Ջալալյանցը․ «Ի կատար սոյն բլրոյ կառուցեալ կայ եկեղեցի ի վերայ երկուց սեանց ի հարթավայր և ի զուարճալի տևղւոջ շրջապատն քարաժայռ և անտառապատ ուրանօր յաճախեն ուխտաւորք բազումք․ ընդ ներքոյ սեղանոյ սոյն մատրան են չորս խորանաձև շիրիմք ի վերայ նշխարաց սրբոց գտելոց ի ժամանակս Վեհիկայ ․․․» (Ջալալեանց 1858, 334)։

Մակար Բարխուդարյանցն իր հերթին նշում է՝ «այսպես է անուանում Արցախի հասարակութիւնն այն վանքը, որ շատ վաղուց շինուած է շենիս մօտ բարձր բլրի վերայ, որի արևելեան և հիւսիսային կողմերն վիմահերձ բարձրութիւններ են։ Վանքս, որ կառուցեալ է երկու սիւների վերայ, ունի եկեղեցու ձև։ Խորանի տակ կայ չորս գերեզմանաձև շիրիմ, որ նորոգուած է երբեմն երբեմն տաճարիս հետ միասին։ Մեծ ուխտատեղի է վանքս և շիրիմներս։ Վանքիս մօտ եղած են խուցեր միաբանից  համար, որք աւերակ են այժմ բոլորովին։ Երևում են նաև պարսպի հետքերն, որով պատած են վիմահերձից վիմահերձ (Բարխուտարեանց 1895, 103):

Համարյա նույնը ներկայացնում է Ե․ Լալայանը․ «Մաւաս գիւղի մօտ, մի բարձր բլրի վրայ, որի արևելեան և հիւսիսային կողմերում արձանանում են ահագին ժայռեր, միացած միմեանց հետ մի հաստ պարսպով, որի այժմ միայն հետքերն են մնում։ Վանքը կառուցուած է երկու սիւների վրայ․ խորանի տակ կայ չորս գերեզմանաձև շիրիմ։ Պարիսպի մեջ եղած են խցեր, միաբանների համար, բայց այժմ բոլորն էլ աւերակ են։ Այս վանքը և իւր շիրիմները մեծ ուխտատեղի են համարւում (Լալաեան  1897, 51):

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, կից շինություններից, շրջապարսպից ու գերեզմանոցից։ Եկեղեցին եռանավ բազիլիկա է, սրահի կենտրոնում կանգնած երկու թաղակիր մույթերով, կիսաշրջան խորանով ու երկու կողային նեղ ավանդատներով։ Եկեղեցին կիսավեր է՝ կանգուն են կողային նավերն ու ավանդատները (նկ․ 2, 3)։ Կենտրոնական նավը զգալիորեն լայն ու բարձր է վերջիններից (նկ․ 4)։ Այն խորանի գմբեթարդի հետ միասին փլված, թափված են ներսում։ Կառուցված է կոպտատաշ ու անմշակ քարերից կրաշաղախով։ Միակ մուտքը արևմտյան ճակատից է։ Մուտքի աջ կողմում ագուցված է գեղաքանդակ խաչքար (նկ․ 5)։ Դիմացը նկատվում են երբեմնի գավթի ավերակները։ Եկեղեցու հյուսիսային ու արևելյան ճակատների մոտ նկատվում են ուղղանկյուն շինությունների հետքեր, որոնք արտահայտվում են հողաթմբերով ու փոսորակներով։ Եկեղեցին ժամանակին ներփակված է եղել մեծ քարերից շարված շրջապարսպի մեջ, որի հետքերը նկատվում են հատվածաբար։ Գերեզմանոցը տարածվում է պարսպից դուրս (ԱՀ ԿԳՄՍՆ վկայայագիր)։

Նկ. 2 Եկեղեցու հյուսիսային նավը, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 4 Կենտրոնական նավի փլվածքը, լուս.՝ Գ․ Սարգսյանի։

Նկ. 3 Եկեղեցու հյուսիսային նավը, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 5 Եկեղեցու մուտքի մոտ տեղադրված խաչքարը, լուս․՝ Գ․ Սարգսյանի։

Մավասի վանքից պահպանվել են խաչքարեր և զարդարուն տապանաքարեր (նկ․ 6, 7, 8, 9)։ 1960-ական թվականների վերջին եկեղեցու բակում կանգուն էր մի հսկայական քար՝  թևատարած արծվի ռելիեֆային պատկերով (Мкртчян 1989, 123-124)։

Նկ. 6 Պարսպից դուրս գտնվող աղբյուրը, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 7 Եկեղեցում պահպանված խաչքարը, լուս․` Գ. Սարգսյանի։

Նկ. 8 Եկեղեցում պահպանված խաչքարը, լուս․` Գ. Սարգսյանի։

Նկ. 9 Համալիրի տապանաքարերից մեկը, լուս․` Գ․ Սարգսյանի

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Հուշարձանը արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս:
  2. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
  3. Լալաեան 1897 - Լալաեան Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք 2, Թիֆլիս։
  4. Мкртчян 1989 - Мкртчян Ш.  Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
  5. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Կարմիր շուկայի «Երեք մանկունք» վանական համալիրը
Կարմիր շուկայի «Երեք մանկունք» վանական համալիրը
Կարմիր շուկայի «Երեք մանկունք» վանական համալիրը
Արցախ