Կիչանի սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի հարավ-արևելյան հատվածում՝ փոքր բլրակի վրա (նկ. 1)։ 2023 թվականի սեպտեմբերին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից:

Ekegeci Kichan

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․՝ Ա. Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցին կառուցվել է 1873 թվականին (Բալայան 2020, 301)։

Առաջին հիշատակումը հանդիպում է Մակար Բարխուտարեանցի աշխատությունում, ով նշում է, որ քահանան գալիս է Առաջաձորից (Բարխուտարեանց 1895, 167)։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ որևէ այլ տվյալ հայտնի չէ։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին փոքր միանավ սրահ է՝ կառուցված կոպտատաշ կրաքարով ու կրաշաղախով: Եզրաքարերը և պատուհանների շրջանակները սրբատաշ են։ Եկեղեցու չափսերն են՝ երկարությունը 14 մետր, լայնությունը՝ 8 մետր (նկ. 2, 3)։ Թաղակապ ծածկը, որը չի պահպանվել, հենվել է պատկից կամարաշարերի վրա (նկ. 4, 5): Ունեցել է երկու մուտք՝ արևմուտքից և հարավից: Արևելյան խորանի մնացորդներից դատելով՝ այն եղել է ուղղանկյուն: Խորանին կից՝ հյուսիսային պատում պահպանվել է մկրտության ավազանը, բուն հորինվածքի հյուսիսային պատում՝ ուղղանկյուն խորշը:  Դատելով ընդհանուր տեսքից և նկարագրված մանրամասներից, այն կրկնում է ուշ միջնադարում Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ մասերում լայնորեն տարածված երկթեք տանիքով միանավ սրահի տիպը (նկ. 6, 7):

Նկ. 2 Եկեղեցու արտաքին տեսքը, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 4 Եկեղեցու ներքնատեսքը, լուս․՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 6 Եկեղեցու ներքնատեսքը, լուս․՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 3 Եկեղեցու արտաքին տեսքը, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 5 Եկեղեցու ներքնատեսքը, լուս․՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 7 Եկեղեցու ներքնատեսքը, լուս․՝ Ա. Գրիգորյանի։

Եկեղեցու պատի շարվածքում ներդրվել են 12-13-րդ դարերի խաչքարեր և քանդակազարդ բեկորներ: Շրջակայքում հավաքվել են տարբեր ժամանակներով թվագրվող խաչքարեր, իսկ պատի տակ 2020 թվականին կանգնեցվել է Արցախյան ազատագրական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար (նկ 8-12)։

Նկ. 8 Եկեղեցու պատերի մեջ գտնվող խաչքարերն ու խաչաքանդակները, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 9 Եկեղեցու պատերի մեջ գտնվող խաչքարերն ու խաչաքանդակները, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 11 Եկեղեցու պատերի մեջ գտնվող խաչքարերն ու խաչաքանդակները, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 10 Եկեղեցու պատերի մեջ գտնվող խաչքարերն ու խաչաքանդակները, լուս.՝ Ա. Գրիգորյանի։

Նկ. 12 Եկեղեցու ներքնատեսքը, լուս․՝ Ա. Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Հուշարձանը կանգուն է, բացակայում է ծածկը: Հուշարձանն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վնասներ չի կրել։

Մատենագրական քննություն

Համեմատաբար նոր կառուցված լինելու պատճառով եկեղեցու վերաբերյալ պատմական աղբյուրներում տեղեկություններ չկան, հիշատակվում է միայն Մակար Բարխուտարեանցի աշխատությունում (Բարխուտարեանց, 1895, 167)։

Գրականություն

  1. Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, Զանգակ։
  2. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Կիչանի սբ. Աստվածածին եկեղեցին
Կիչանի սբ. Աստվածածին եկեղեցին
Մարտակերտի շրջան
Արցախ