Կղարծիի Սուրբ Մատթէ սրբատեղին
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կղարծի գյուղից 2 կմ արևմուտք։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Մատթէ երեցին առաջին անգամ հիշատակում է Մովսես Կաղանկատվացին։ Նա հաղորդում է, որ Մատթէ երեցը Դարահոջ է հասցրել Սուրբ Գրիգորի, Հռիփսիմե ու Գայանե կույսերի մասունքները (Կաղանկատուացի 1983, 67): Ըստ պատմիչի, նա նաև մասնակցել է Աղվենի եկեղեցական ժողովին (Կաղանկատուացի 1983, 70)։
Մ․ Բարխուդարյանցն այսպես է նկարագրում Կղարծի գյուղի Մատթէի մատուռը․ «Գիւղիս հիւսիսային հանդեպ մի տեսարանաւոր բլրի վերայ կայ մի հին մատուռ, որ շրջապատուած է ծերունի ծառերով։ Ասում են աւանդաբար․ «Խաչարձանիս տակ ամփոփուած է Մատթէ անուն քահանան, որ նահատակուած է անհաւատ բռնաւորներից հին ժամանակներում» (Բարխուտարեանց 1895, 112)։
Շ․ Մկրտչյանը ներկայացնելով Կղարծի գյուղի հնությունները նշում է «Մաթեք (Մատթե) մատուռ՝ Միրուշեն և Կղարծի գյուղերի արանքում, նույնանուն լեռան վրա, չորս կողմում գերեզմանատներ» (Մկրտչյան 1980, 120) և «Կղարծիի մյուս հայտնի հուշարձանը գտնվում է գյուղից հյուսիս՝ մի տեսարանավոր բլրի վրա և կոչվում է Մատթեի սրբություն․ այստեղ պահպանվել է կիսափլված մատուռ» (Мкртчян 1989, 129):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Սրբատեղիի տարածքում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ վայրում նախկինում (առնվազն 9-րդ դարից սկսած) նշանավոր կենտրոն է եղել, որն այժմ ավերված է։
Սրբատեղիում դիտվում է 6x5 մետր չափերի նախկին ավերակված եկեղեցին, որտեղ պահպանվում են 12-13-րդ դարերի խաչքարեր ու խաչաբեկորներ (նկ․ 1-4)։ Հուշարձանի հիմքերը պահպանվում են (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Հուշարձանը Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Կաղանկատուացի 1983 - Կաղանկատուացի Մ․, Պատմութիւն Աղուանից աշխարհի, (բնագիրը և ներած․ Վ․ Առաքելյանի, խմբ․ Ս․ Ավագյանի), Երևան։
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա - ճարտարապետական հուշարձանները, Երևան։
- Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
- ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Արցախի Հանրապետության Մարտունու շրջան
Արցախ