Կոշիկ անապատի խաչքարերը

Եթե փորձենք համառոտակի բնութագրել Արցախի խաչքարերը հայ խաչքարային մշակույթի համակարգում, ապա կարելի է շեշտել երկու կարևոր բնութագիր: Առաջին՝ Արցախի խաչքարերը երևան են բերում դավանական լիակատար նույնականություն հայ խաչքարային ողջ մշակույթի հետ: Ասվածի լավագույն վկայություններն են Արցախի խաչքարերի` Հայաստանի այլ տարածքների խաչքարերի հետ նույնացող գործառույթները, քանդակային հորինվածքի սկզբունքորեն նույն կառուցվածքային լուծումները, համանման քրիստոնեական-կանոնիկ պատկերագրական թեմաներն ու կերպարները:

Երկրորդ՝ Արցախի խաչքարերը վկայում են, որ խաչքարակերտման գործընթացի նկատմամբ այստեղ եղել է եկեղեցական-կանոնիկ վերահսկողության ավելի թույլ աստիճան, ինչը պայմանավորել է ժողովրդական պատկերացումների ավելի ընդարձակ դրսևորումներ: Տեղական բուսաշխարհը, մահկանացուներին ներկայացնող զանազան քանդակային թեմաներն ու կերպարներն առանձնահատուկ հմայք են հաղորդում Արցախի խաչքարային մշակույթին, այն դարձնում տարազը, ռազմարվեստը, ընտանեկան հարաբերությունները, զանազան ծեսերն ու հավատալիքներն արտացոլող հարուստ ու եզակի պատկերասրահ (Պետրոսյան, Երանյան 2022, 21):

Այս տեսակետից Կոշիկ անապատն իր ավելի քան յոթանասուն խաչքարերով Արցախի ամենատիպական հուշարձաններից մեկն է:

Վանքի շրջակայքում այսօր էլ պահպանվել են ընդարձակ գերեզմանոցի հետքերը, բայց խաչքարերի միայն եզակի օրինակներն են, որ գտնվում են նախնական տեղում: Ընդհանրապես հայ եկեղեցաշինությունը հաճախ է օգտագործել հին խաչքարերը նոր շինություններ կառուցելու կամ նորոգելու գործընթացում: Մի դեպքում դրանք օգտագործվել են որպես կառույցը հարդարելու միջոց, մի այլ դեպքում ուղղակի որպես հարմար շինաքար: Կոշիկ անապատի խաչքարերի մեծամասնությունը վերօգտագործվել է հենց այս երկու նկատառումներով (նկ. 1, 2):

Նկ․ 1 Դեսումի որդի Շահանի խաչքարը, 1179 թ., վերօգտագործվել է որպես սուրբ Ստեփանոս եկեղեցու մուտքի եզրաքար, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 2 Խաչքար, 12-13-րդ դարեր, վերօգտագործվել է որպես սրահի մուտքի բարավոր, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Կոշիկ անապատի խաչքարերը հիմնականում վերաբերում են 12-13-րդ դարերին: Հորինվածքի և քանդակման արվեստի առումով առանձնանում են մի շարք դասական օրինակներ (նկ. 3, 4): Դրանք ժամանակի արվեստի կատարյալ ստեղծագործություններ են. սալի համակ զարդապատում, խորը քանդակ, եզրագոտիների և քիվերի մանրամասն զարդարում երկրաչափա-բուսական հյուսվածքներով, ծաղկուն կենտրոնական խաչ, ուղղանկյուն խորան, խորանի վերնանկյուններից իջնող խաղողի ողկույզներ, որոնք ներկայացնում են իրական տեղական սորտեր: Հատուկ ուշադրության է արժանի մի խաչքար, որի քիվը ներկայացնում է Խաչի երկրորդ գալուստը. հրեշտակները բերում են շրջանի մեջ ներառված խաչը, երկու հրեշտակապետերն էլ փչում են փողերը (նկ. 5, 6):

Նկ․ 3 Դասական հորինվածքով խաչքար, 12-13-րդ դարեր, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 4 Համազասպի խաչքարը, 1179 թ., լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 5 Խաչքար, քիվին՝ Խաչի երկրորդ գալուստը, 12-13-րդ դարեր, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 6 Խաչի երկրորդ գալուստը, խաչքարի քիվ, 12-13-րդ դարեր, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Երկրորդ կարևոր բնութագիրը մահկանացուներին պատկերող պատկերաքանդակների առկայությունն է, երևույթ, որ ընդհանրապես բնորոշ է Արցախի խաչքարերի համար (Պետրոսյան, Երանյան 2022, 36-43): Դրանք պատկերում են  հեծյալ և հետիոտն ռազմիկների, որոնք զինված են նիզակներով ու նետ-աղեղով (նկ. 7, 8), հոգևորականների, աշխարհիկ մարդկանց:

Նկ․ 7 Զինավառ հեծյալի քանդակ, 1203 թ., լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 8 Հետիոտն ռազմիկ՝ զինված նետ-աղեղով, 12-13-րդ դարեր, լուս.՝ Հ. Պետրոսյանի :

Վանքի երեք խաչքարերն էլ ներկայացնում են «անմխիթար սգի» թեման, ուր պատկերված են ռազմիկը և նրա մայրը: Մի դեպքում մայրը ծալել է ձեռքերն ի նշան սգի, իսկ դիմացը պատկերված է սպառազեն հեծյալ որդին (նկ. 9): Արձանագրությունը հայտնում է «:ՈԿ: (1211 թ.): Ես Ջոլինա/ր կանգվեցի խ/աչս Խութե/փին» (ԴՀՎ 5, 31): Մի այլ խաչքարի վրա (նկ. 10)՝ սալի ստորին մասում ձախից պատկերված է նիզակով, աղեղով ու կապարճով զինված հեծյալը, իսկ դիմացը՝ սալի աջ կողմում, թախտին նստած է մայրը՝ ձեռքերը դեպի որդին մեկնած և համապատասխան գրությամբ. «Մայրն»: Արձանագրությունը նաև հայտնում է. «Թ. :ՈԿԴ:/ (1215 թ.): Ես Չաւ/իր կանգ/նեցի զխաչս/ որդոյ իմոյ Գրիգորոյ. յիշեցէք» (ԴՀՎ 5, 27): Երրորդ խաչքարն ունի նույն հորինվածքը, ինչ որ երկրորդը. զինյալ որդին և ձեռքերը դեպի նա պարզած մայրը (նկ. 11): Արձանագրւթյունը հայտնում է. «Թի[ւն] :Ո/ԽԳ: (1194 թ.), ես ՝ Վաս/ակ, որ/դի Աբըլհ/եջի կան/[գ]նեցի զխա[աչ]ս ի /վերայ/ տա[պա]նի ե/ղբաւր իմ/ Հասանայ/: Խուշու/շն՝ մ/այ/ր Հա/սա/նա/: Ա[ստուա]ծ ո/ղորմի/ գործող/ին» (հմմտ. Կարախանյան 1976, 102):

Նկ․ 9 Մայրը և ռազմիկ որդին, 1211 թ.:

Նկ․ 10 Մայրը և ռազմիկ որդին, 1215 թ., լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 11 Մայրը և ռազմիկ որդին, 1194 թ., լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Հատուկ ուշադրության են արժանի և խաչքարային որոշ արձանագրություններ: Այսպես, արձանագրություններից մեկը հայտնում է (նկ. 12, 13). «Թի[ւն] :ՉԻԲ:/ (1273 թ.): Ես՝ Վարդան կանգնեց/ի զխաչս ի փրկութի[ւն] հո/գո իմո. մականուն իմ Շեկ/: Որք երկրպագէք՝ յիշեց[էք]» (ԴՀՎ 5, 30): Անվան ճշտության հանդեպ նման սրտացավ վերաբերմունքը, մեկ ուրիշի անվան հետ շփոթելու վախը արտահայտությունն է շատ ավելի խորքային վախի. չլինի հանկարծ Արդար դատաստանի օրերին շփոթվեն անձն ու գործը: Ուշագրավ է, որ վանքի մի այլ խաչքարային արձանագրություն հատուկ շեշտում է հոգու փրկության կարևորությունը հենց Ահեղ դատաստանի օրը. «Ես Գերգ՝ որդի/ Հասանա՝ Մանկաց/ որդո, կանգնեցի/ զխաչս ի փրկութի[ւն]/ հոգո իմո՝/ յաւուր Ահեղին. յ/աղաւթս յիշէք։/ Թիւն ։ՉԻԲ։ (1273 թ.)» (https://www.facebook.com/photo?fbid=362230769380865&set=pcb.362231106047498):

Ցավոք, անկախության տարիներին վանքն այդպես էլ հնագիտական հետազոտության չի ենթարկվել, և նրա պատմության, ճարտարապետության և խաչքարային մշակույթի շատ մանրամասներ մնում են չպարզված:

Նկ․ 12 Շեկ Վարդանի խաչքարը, 1273 թ., լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ․ 13 Շեկ Վարդանի արձանագրությունը, 1273 թ., լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Գրականություն

  1. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982:
  2. Կարախանյան 1976 - Երաժիշտ կատարողների քանդակները 12-13-րդ դարերի խաչքարերի վրա, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 3, էջ 99-105:
  3. Պետրոսյան, Երանյան 2022 - Արցախի կոթողային մշակույթը, Անտարես, Երևան:
Կոշիկ անապատի խաչքարերը
Կոշիկ անապատի խաչքարերը
Մարտակերտի շրջան
Արցախ