Կոտրած կամուրջը
Տեղադրությունը
Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր գյուղից հարավ-արևմուտք` Հակարի գետի վրա (նկ. 1):
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 33, նկ․ 26:
Պատմական ակնարկ
19-րդ դարի վերջի ճանապարհորդական ակնարկներում կարդում ենք. «Սընըղ-Քեօրփին այժմ բոլորովին քարուքանդ է եղած. միայն մի պատն է կանգուն մնում (առանց որևէ արձանագրութեան) և ինչպես երևում է դա մի ահագին կամուրջ է եղած և բաւականին էլ ամուր և գեղեցիկ շինած, բայց ի՞նչ արած, որ չէ կարողացել Հագարի կատաղի ալիքներին դիմանալ... շինուած է սևագոյն սրբատաշ քարից» (Տէր-Գասպարեանց 1885, 3)։
Ըստ Ս. Կարապետյանի՝ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են 12-14-րդ դարերին (Կարապետյան 2009, 32)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Կամուրջը բազմաթռիչք է (նկ. 2), կանգուն է միայն աջ եզրային թռիչքը (նկ. 3)՝ երկարությունը` 7,77 մետր, լայնությունը` 3,25 մետր (Կարապետյան 2009, 32)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ հուշարձանը կիսաքանդ էր, կանգուն էր միայն աջ եզրային թռիչքը։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:
նկ. 2 Կամրջի չափագրությունը, լուս․ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 34, նկ. 5։
նկ. 3 Կամրջի պահպանված աջ եզրային հատվածը, լուս․ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 32, նկ. 25։
Գրականություն
- Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
- Տէր-Գասպարեանց 1885 - Տէր-Գասպարեանց Ա., Ճանապարհորդութիւն դէպի Ղափան, «Մեղու Հայաստանի», թիվ 101, էջ 3:
Քաշաթաղի շրջան, Մեղվաձոր գյուղից հարավ-արևմուտք
Արցախ