Կուսանաց Սբ. Աստվածածին անապատը
Տեղադրությունը
Կուսանաց անապատը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանում՝ Դադի վանքից ուղիղ գծով 2,7 կմ հյուսիս-արևմուտք՝ Տրտու գետի աջ ափին, այնտեղ, ուր Իրիցաջուրը Իգաձորի նեղ կիրճով խառնվում է Տրտուին (Կարապետյան 1999, 76):
Պատմական ակնարկ
Վանական համալիրի մասին առկա տեղեկությունները նրա վիմական արձանագրություններն են: 12-րդ դարում վանքը վկայված է որպես Սուրբ Աստվածածին, իսկ 17-րդ դարի հիշատակություններում որպես Կուսանաց Սուրբ Աստվածածին (Կարապետյան 2019, 358): Վանքը բաղկացած է ժամանակագրորեն տարբեր երկու խումբ կառույցներից: Համաձայն շինարարական բնույթի արձանագրությունների՝ վանքը հիմնադրել է Մածնաբերդի տիրակալ Կյուրիկե Գ թագավորի (1145-1170) դուստրերից մեկը՝ Մաման: Վանքի հիմնադրման մասին արձանագրությունները գտնվում են առաջին խմբի կառույցներում, որոնք տեղակայված են Տրտու գետին մոտ: Առաջին խմբի փոքր եկեղեցիներից մեկի արևմտյան ճակատին է գտնվում վանքի հիմնադրման արձանագրություններից մեկը. «ՈԻԳ (1174) թուին,/ ես՝ թագուհիս, դուս(տր)/ (Կ)իւրիկէի թագուորի, (շինե)ցի զեկեղեցիս վասն իմ ե(ւ)/ (ի)մ ծնողացն, յաղաւթս/ յիշեցէք» (Կարապետյան 2019, 358): Հարկ ենք համարում նշել, որ դեռևս 1987-1989 թվականներին վանքի շինարարական արձանագրությունները անվնաս էին, այնինչ՝ 1993 թվականին դրանց զգալի մասը բեկորատված էր (Կարապետյան 1999, 76, Арутюнян, Карапетян, Саркисян 1989, 82-92): Հիմնադիր թագուհու անունը հիշատակվում է հին համակառույցի սյունասրահի ներսում գտնվող բեկորատված արձանագրության մեջ. «Ի թվ(ի)ն հ(այոց) :ՈԻԷ: (1178) ես՝ Մամա թագ/ու(հ)ի, դուստր՝ Կիւրի[կէի, շինե]ցի/ զեկեղեցիս եւ զ[սրահ]ս,/ որք ընթեռն[ոյք, յի]շ(եցէք ի Քրիստոս)» (Կարապետյան 2019, 359):
Վանքի մասին որոշ տեղեկություններ են հաղորդում նաև նվիրատվական բնույթի արձանագրությունները: Օրինակ՝ «Ես՝ Շատբարի :Դ: (4) համադ/իկի հող ի Հաւար ետո(ւ) Ա(ստուա)ծ/ածինս…» (Կարապետյան 2019, 359): «Համադկի»-ն որպես հողի չափման միավոր վկայված է միայն Արցախի եզակի վիմական արձանագրություններում, որտեղ խոսք է գնում վանքերին հողակտորներ նվիրաբերելու մասին (Պետրոսյան 1988, 63-64): Շինարարական և նվիրատվական արձանագրություններից բացի՝ վանական համալիրի տարածքում փաստագրվել են նաև 12-13-րդ դարերին վերաբերող հիշատակագրեր: Դրանք կամ խաչքարերի, կամ էլ խաչաքանդակների վրա են: Վանքի հին հուշարձանախմբի տարածքում կան նաև վանքի այցելուների թողած ներկագիր հիշատակագրությոնները՝ արված սվաղի վրա (Կարապետյան 2019, 362):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Վանքը բաղկացած է երկու խումբ հուշարձաններից: Առաջին խմբի հուշարձանները մոտ են Տրտու գետի ափին: Դրանք 1174 և 1178 թվականներին կառուցված միանման և գրեթե միաչափ զույգ եկեղեցիներ են (նկ. 1, 2):
Եկեղեցիներից մեկին կից է սյունասրահը, որին էլ արևմուտքից կից է թաղածածկ կիսավեր ևս մեկ սրահ (նկ. 3): Հուշարձանները կառուցված են անմշակ և կոպտատաշ քարով և կրաշաղախով (նկ. 4, 5): Ուշագրավ լուծումներ ունեն շինությունների ծածկերը, որոնց եզրերից կախ ընկած սալերը հենված են, ըստ էության, փայտյա ճարտարապետությունից փոխակերպված քարե ելուստավոր հենակներին (նկ. 6): Բոլոր շինությունները ներսից սվաղապատ են: Առաջին խմբին է պատկանում նաև նրա հարավ-արևմտյան եզրին առանձին կանգնած մատուռը (նկ. 7, 8):
Համալիրի երկրորդ խումբը գտնվում է առաջինից մոտ 10 մ հարավ և բաղկացած է եռանավ հորինվածքով եկեղեցուց, նրան արևմուտքին կից կիսավեր գավթից և վերջինիս էլ հարավից կցված սենյակից (նկ. 9-12):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Վանական համալիրը բավականին տուժել է 1989-1993 թվականներին, երբ ադրբեջանական կողմը ոչնչացրել է, վնասել վանքի տարածքում գտնվող խաչքարերի և վիմագիր արձանագրությունների զգալի մասը: Հետազոտող Սամվել Կարապետյանի կողմից տեղում 1987 թվականին փաստված վիմագիր արձանագրությոնները, խաչքարերը 1993 թվականին արդեն զգալիորեն ոչնչացված էին, բեկորատված և անհետացած: Խորհրդային տարիներին՝ 1982 թվականին ադրբեջանական կողմը փորձել էր «հիմնավորել» վանքի աղվանական լինելը (Կարապետյան 1999, 76): Վանքի կառույցները վթարային են, կարիք ունեն ամրակայման, իսկ տարածքը՝ համալիր հնագիտական հետազոտության:
Գրականություն
- Арутюнян, Карапетян, Саркисян 1989 - Арутюнян В., Карапетян С., Саркисян Н., Монастырский комплекс сурб Аствацацин в гаваре Цар, ԼՀԳ, N 7, 82-92։
- Պետրոսյան 1988 - Պետրոսյան Հ., Համադիկ-համատիկ. տերմին թե՞ աշխարհագրական անուն // Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երիտասարդ գիտնականների նստաշրջան, Զեկուցումների հիմնադրույթներ, Երևան, էջ 63-64:
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
- Կարապետյան 2019 - Կարապետյան Ս., Մռավականք, Երևան։
Նոր Շահումյանի շրջան
Արցախ