Հակ, Աղբաթխերտի կամուրջը
Տեղադրություն
Աղավնո գետի վերնահովտում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակ գյուղից շուրջ 3 կմ հարավ են գտնվում պատմական Աղբաթխերտ բնակավայրը եկեղեցին ու կամուրջը (նկ․ 1)։ Ծովի մակերևույթից ունի 1550 մետր բարձրություն։
Պատմական ակնարկ
Բնակավայրի անվան առաջին հիշատակությունը հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում, որտեղ այն Աղախիրդ կամ Աղախերդ անունով նշված է Տաթևին հարկատու գյուղերի ցանկում։ Սակայն ըստ Ալեքսան Յակոբեանի առկա է վրիպակ, ինչի պատճառով Աղահեճք գավառի վերջին գյուղը հանդիսացող Աղբաթխերտը նշվել է, որպես Աղահեջքին հաջորդող Հաբանդ գավառի առաջին գյուղ (Հակոբյան 1982, 276)։ Հուշարձանի վերաբերյալ այլ պատմական տեղեկություններ հայտնի չեն։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Աղբաթխերտի եկեղեցու անմիջական հարևանությամբ է (Աղբաթխերտի եկեղեցին, Monumentwatch.org) գտնվում միաթռիչք կամուրջը (նկ․ 2)։ Կամուրջը կառուցված է տեղական կոպտատաշ բազալտով և կրաշաղախով։ Եզրային հատվածները կառուցված են երկշարք սրբատաշ քարերով։ Միաթռիչք կամուրջը չունի շինարարական արձանագրություն (նկ․ 3)։ Հաշվի առնելով ճարտարապետական հորինվածքը թվագրվում է 18-րդ դարով (ըստ հուշարձանի վկայագրի)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ և ընթացքում՝ 1989-1992 թվականներին, Իշխանասարից Բերձոր (Լաչին)» ջրագիծ անցկացնելու պատճառով ադրբեջանցիները տարածք ազատելով, իրենց տեղից հեռացրել են խաչքարեր, տապանաքարեր, որմնաքարեր և վերածել կույտի (ՅԱԿՈԲԵԱՆ 1982, 271)։ Հետագայում վիճակը ուշագրավ փոփոխություններ չի կրել։
Մատենագրական քննություն
Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում Հակ գյուղի ներկայացման վերջում անդրադարձել է հուշարձանին, այն նույնացնելով «Ժամանակագրության» մեջ հիշատակված Աղվեսահաքի բնակավայրին, իսկ «Աղվատխեր» անունը համարել է դրա քրդական տարբերակը (Կարապետյան 1999, 132)։
Հուշարձանին համեմատաբար ընդգրկուն է անդրադարձել Ալեքսան Յակոբեանը։ Վերջինս ներկայացրել է հուշարձանը, հրատարակել տարբեր տարիներին տարածքից հայտնաբերված արձանագրությունները, անդրադարձել տեղանվան հետ կապված խնդրին և այլն (ՅԱԿՈԲԵԱՆ 1982, 270-280; ՅԱԿՈԲԵԱՆ 2009, 228-232)։
Գրականություն
- Յակոբեան 1998 - Յակոբեան Ա, Հակարիի վերնահովտի նորայայտ վիմագրերը// Հանդէս ամսօրեայ. ՃԺԲ տարի, Վիեննա։
- Յակոբեան2009 - Յակոբեան Ա., Հակարիի վերնահովտի նորահայտ վիմագրերը․ Բ// Մերձավոր և Միջին արևելքի երկրներ և ժողովուրդներ, հատոր 27, Երևան:
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
- Աղբաթխերտի եկեղեցին, Monumentwatch.org - https://monumentwatch.org/hy/monument/%d5%a1%d5%b2%d5%a2%d5%a1%d5%a9%d5%ad%d5%a5%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6/:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան
Արցախ