Հարավ գյուղի սբ․ Մեսրոպ եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Մեսրոպ եկեղեցին գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, այնուհետև վերանորոգվել 19-րդ դարում։ Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունից, որտեղ, ի թիվս այլ մանրամասների, նշվում է․ «Հարաւ գիւղ. հիմնուած է լեռնագօտու հիւսիսային կողմում մի ձորակի աջ կողմի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական և սակաւաբեր, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85 տարի, եկեղեցին սուրբ Մեսրոպ, քարուկիր, քահանայ մի» (Բարխուտարեանց 1895, 109)։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն անկյունաքարերը, որմնասյուները, կամարաքարերը, դռների և լուսամուտների շրջանակները։ Թաղը հենվում է հյուսիսային և հարավային զույգ որմնասյուների և որմնակամարների վրա։ Դրսից պսակվում երկլանջ տանիքով:
Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են (նկ․ 2)։ Եկեղեցու հյուսիսային պատի խորշի մեջ՝ իր ավանդական տեղում, պահպանվել է մկրտության ավազանը (նկ․ 3)։ Խորանի կենտրոնական հատվածում, անմիջապես լուսամուտի տակ և հարավային պատին կան փոքրիկ որմնախորշեր, նախատեսված ծիսական իրերի պահպանության համար։
Միակ մուտքը հարավից է, որը տեղակայված է կենտրոնից դեպի արևմտյան անկյունը (նկ․ 4)։ Այն իրականացված է սրբատաշ կվադրերի և պատկից սյուների երկտրամատ համակարգով, ինչը նույնպես բնութագրական է 18-19-րդ դարերի գյուղական եկեղեցիների համար: Եկեղեցին լուսավորվել է արևելքից երեք, հարավից երկու և արևմտյան ճակատից բացված մեկ լուսամուտներով (նկ․ 5, 6)։ Հարավային լուսամուտները սկզբնական տեսքով չեն պահպանվել, խորհրդային տարիներին քանդվել-մեծացվել են, իսկ եկեղեցին օգտագաործվել է տնտեսական նպատակներով։
Եկեղեցու տանիքի երկթեք ծածկը նախքան վերանորոգությունն ունեցել է ավելի թեքադիր լանջեր։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին չի գործում, տանիքի կղմինդրածածկը չի պահպանվել։ Խորհրդային տարիներին եկեղեցու կղմինդրածածկը փոխարինվել է ասբեստե թիթեղներով, որը, սակայն, ներկայումս խիստ վնասված վիճակում է։ Այդ իսկ պատճառով տանիքին ծառեր և բուսականություն են աճել։ Նախքան 2020 թվականի պատերազմը և պատերազմի ընթացքում եկեղեցին չի տուժել։
Գրականության ցանկ
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Հարավ գյուղի սբ․ Մեսրոպ եկեղեցին
Արցախ