Հին Թաղասեռի կամուրջը

Տեղադրությունը

Կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից 2-2,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Հին շեն գյուղատեղիում, Պարզագետի վրա (նկ․ 1)։

 

Նկ․ 1 Հին Թաղասեռի կամուրջը արևելքից, 2000 թ․, Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 90:

Պատմական ակնարկ

Հին Թաղասեռ գյուղատեղին ընկած է Պարզագետի աջ ու ձախ կողմերում և բավականին մեծ տարածություն է զբաղեցնում։ Այս կամուրջը կապում էր գյուղի երկու հատվածները, այստեղով էր անցնում Դիզակի մելիքանիստ Տողի ու շրջակա գյուղերի և մելիքության հարավային՝ ընդհուպ մինչև Արաքս գետն ընկած բնակավայրերին կապող ճանապարհներից մեկը: Կամուրջի շինարարական արձանագրությունը  փաստում է, որ կամուրջն առնչվում է դիզակյան հռչակավոր մելիքական տոհմի գործունեության հետ:

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Միաթռիչք թաղակապ կամուրջ է, կառուցված է կոպտատաշ քարից, կամարները սրբատաշ են։ Երկարությունը 7,6 մետր է, լայնությունը՝ 3 մետր, բարձրությունը՝ 3 մետր, թռիչքի երկարությունը՝ 3,68 մետր (նկ․2)։

Կամրջի հոսքընթաց ձախակողմյան խելի ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերի վրա պահպանվել է հնգատող շինարարական արձանագրությունը (նկ․ 3). «Յիշատակ է գա/մու[ր]ճ[ս] այս պ[ար]ոն Եկանի որդի/ Պաղտ[աս]արի կողագից Փեր[ու]ն/: [Թ]վին :ՌՄԺԲ: (1763 թ.) ու(՞)ն /: Մի բերան/ Ա[ստուա]ծ ողորմի [ասեք]» (Համեմատիր, Կարապետյան, 2009, 90):

Նկ․ 2 Հին Թաղասեռի կամուրջը արևմուտքից, 2016 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ․ 3 Կամրջի արձանագիր քարերը, 2000 թ․, Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, էջ 90:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ կամուրջը գտնվում էր բավարար վիճակում և օգտագործվում էր։

2016 թվականին արձանագիր քարերից մեկը (նկ․ 4, 5) պոկվել էր  և դրվել է կամրջին հարակից տարածքում։ Պատերազմի ժամանակ կամուրջը չի տուժել։ Հետպատերազմյան վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։

 

Նկ․ 4 Կամրջի պոկված արձանագիր քարը, 2016 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ․ 5 Կամուրջն առանց արձանագիր քարերից մեկի, 2016 թ․, լուս․ Գ Բուդաղյանի։

Գրականություն

1․ Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ,  կազմեց՝ Ս․ Բարխուդարյանը, Երևան, 1982։

2․ Կարապետյան 2009 – Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան։

Հին Թաղասեռի կամուրջը
Հին Թաղասեռի կամուրջ
Հին Թաղասեռի կամուրջ
Արցախ