Հնագիտական Շուշին
Շուշիի հնությունների հետազոտությունը հնարավոր դարձավ միայն Շուշիի ազատագրման շնորհիվ։ 2004 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը (Համլետ Պետրոսյան, Վարդգես Սաֆարյան) Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների և «Շուշի» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմել է Շուշիի և շրջակայքի հնագիտական հուշարձանների ցուցակն ու քարտեզը (նկ. 1), որն ընդգրկում է մոտ 200 հնագիտական հուշարձան (մինչև 18-րդ դարը ներառյալ)՝ այդ թվում՝ պալեոլիթյան մեկ կայան, բրոնզի և երկաթի դարերի մեկ կիկլոպյան ամրոց, հինգ դամբարանադաշտեր, երկու անտիկ և երկու վաղքրիստոնեական դամբարանադաշտեր, 6 միջնադարյան գյուղատեղիներ, մոտ չորս տասնյակ խաչքարեր։ Այս հետազոտության հիման վրա արշավախումբը (ղեկավար՝ Համլետ Պետրոսյան, անդամներ՝ Վարդգես Սաֆարյան, Տատյանա Վարդանեսովա, Նորա Ենգիբարյան, Մանուշակ Տիտանյան, Աշոտ Հարությունյան) «Ժան Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2005 թ. ձեռնարկել է Շուշիի առաջին պեղումները։
Պեղումները ցույց տվեցին, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել բրոնզե դարից ի վեր, իսկ հայկականության հնագիտական վկայությունները նրա տարածքում վավերացվում են Փանահի հայտնվելուց առնվազն հինգ դար առաջ։
Մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանների պեղումները (նկ. 2, 3, 4) երևան են բերել դիտարժան ճարտարապետական լուծումներ, տվել են բրոնզե իրերի և զարդերի, երկաթե զենքի ու հարյուրավոր խեցե իրերի նմուշներ: Կենդանակերպ վերջույթներով ու ծորակներով տասնյակ անոթները վկայում են պատրաստման բարձր վարպետության և գեղարվեստական նուրբ ճաշակի մասին։
Հայ-հունական գերեզմանոցի հին հատվածի պեղումները (նկ. 5) ցույց տվեցին, որ այստեղ 12-13-րդ դարերում եղել է հայկական գերեզմանոց, որի խաչքարերը 19-րդ դ. կեսերին օգտագործվել են նոր թաղումների վրա: Այստեղ վավերացված 12-13-րդ դդ. հինգ խաչքարերը վկայում են, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված էր Խաչենի հայկական իշխանության ամենածաղկուն դարաշրջանում:
Հունոտի կիրճում` Ավանի կարանին կից ամրոցի պեղումները հիմք են տալիս հենց այստեղ տեղադրել պատմիչների հիշատակած Կարկառ ամրոցը, որը 17-րդ դ. վերջերին` հայ ազատագրական շարժումների ժամանակ վերակառուցվեց և ստացավ Ավանի կամ Փոքր սխնախ անունը (նկ. 6, 7)։
Շուշիի պարսպապատերի Մխիթարաշենի հատվածի պեղումները վկայում են, որ պարսպապատերից ներս գտնվող այս հատվածը բնակեցված է եղել գոնե մ. թ. ա. առաջին հազարամյակի սկզբից: Այստեղ բացվել են մի հին ամրոցի ավերակները, որոնք հնարավոր է նույնացնել հռչակավոր Շոշի քարի կամ սխնախի հետ, որից էլ, ըստ որոշ կարծիքների, Շուշի քաղաքն ստացել է իր անվանումը (նկ. 8): Ցավոք այս պեղումներն էլ չեն շարունակվել՝ ֆինանսների բացակայության պատճառով: Մշակութային մի յուրօրինակ պատկեր են կազմում Շուշիի խաչքարերը, հատկապես, երբ նկատի ենք ունենում մարտիկներին պատկերող յուրօրինակ քանդակները (նկ. 9, 10)։
Շուշի
Արցախ