Ղլեն (Ղալին) Խութ ամրոց-բնակատեղի
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի, Մուշկապատ և Ճարտար գյուղերի արանքում`բարձր լեռան կատարին: 2023 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Ցավոք հուշարձանը մանրամասն ուսումնասիված չէ։ Առանձին տվյալներ են հաղորդում Մ․ Բարխուդարյանցը, Ե․ Լալայանը։ Մ․ Բարխուդարյանցը հետևյալ կերպ է բնութագրում հուշարձանը․ «Բերդն է Ղալին-Խութ (բերդասար) կոչուածն, որ ընկած է Կիշու, Մշկապատի և Կիւնի-Ճարտարի միջև։ Բաւական բարձր է բերդասարս (3735 ոտք), որի հարաւային և արևմտեան կողմերն անմերձենալի քերծեր են, իսկ արևելեան և հիւսիսային կողմերն պարսպուած են ամուր պատով առանց բուրգերի։ Այժմ տեղ տեղ աւերուած են պարիսպներն։ Ամրոցիս մակերևոյթն, որ այժմ հերկուում է, տանում է մօտ 14 չուալ սերմացորեն։ Հարթ է ամրոցիս մակերևութի հարաւային մասն, իսկ փոքր ինչ լանջ՝ դէպի Կիշի թեքուած՝ հիւսիսային մասն։ Այս մասի մէջ՝ պարսպի ատորոտումն է աղբիւրն, որ ունի գերազանց ջուր, որից տարած և լցրած են ջրաւազանները ի պաշար պատերազմի։ Քերծերիս մեջ պակաս չեն քարայրներ» (Բարխուտարեանց 1895, 136)։
Իսկ Ե․ Լալայանը գրում է «Այսպես կոչւում է այն սարը, որ բարձրանում է Կիշու, Մշկապատի և Կիւնի Ճարտարի միջև, և որ ունի 3735 ոտ․ բարձրութիւն։ Սրա հարաւային և արևմտեան կողմերն անմերձենալի քերծեր են, իսկ արևելեան և հիւսիսային կողմերում տարածուած է եղել մի ամուր պարիսպ, թեև առանց աշտարակների, որի միայն հիմքերն են մնացել։ Կան մի քանի ջրաւազաններ և հիւսիսային պարսպի ստորոտում մի անուշահամ աղբիւր» (Լալաեանց 1897, 52)։
Այս տեղեկություններին Շ․ Մկրտչյանն ավելացնում է․ «Այստեղ դեռ պահպանվում են հնագույն բերդի քարե հաստ պատերի հետքերը, տեղ-տեղ նաև աշխարհիկ շինությունների մնացորդները։ Բերդը շրջանաձև է․ դրա շրջապատում գտնվում են բազմաթիվ ջնարակով պատած շինվածքներ, աղյուսի կտորներ և խեցեղեն անավարտ իրեր։ Հավանաբար այստեղ եղել է խեցեգործական արհեստանոց: Բերդից քիչ ներքև կան հնադարյան քարանձավներ, որոնք ամրոցի պաշտպանական համակարգի մեջ են մտել և իրենցից հնագիտական հետաքրքրություն են ներկայացնում» (Մկրտչյան 1980, 119)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից «Ղլեն խութ» ամրոց-բերդատեղին ներկայացվում է որպես 4-16-րդ դարերում գոյատևած հուշարձան (նկ․ 1)։ Այն գտնվում է Գիշի գյուղից 3 կիլոմետր հյուսիս, Հոնաշեն գետի աջափնյա, ծովի մակերևույթից 554 մետր բարձրությամբ բլրի վրա (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր):
Ամրոցակալ բլուրն արտաքուստ թերակղզու տպավորություն է թողնում: Տարածքը կազմում է 1687 քառակուսի մետր (չափերը` 45x37,5 մետր): Ամրոցը պարագծով շրջափակված է եղել պարսպապատով, որի հետքերը կամ հիմքերը տեղ-տեղ նկատելի են (նկ․2, 3, 4, 5, 6): Ներքուստ նկատելի են նաեւ այլ շինությունների ավերակներ: Ամրոցի և հարակից հնավայր-բնակատեղիից գտնվել են հնագիտական տարբեր գտածոներ (կենցաղային իրեր, արդուզարդի, պերճանքի առարկաներ, ջնարակված թասեր (նկ․ 7) և վաղ միջնադարին բնորոշ զարդանախշերով խոյակներ եւ այլն), որոնք ինքնին արժեքավոր հավաստի իրեղեն վկայություններ են Գիշի գյուղի և հարակից տարածքների դեռևս չուսումնասիրված հարուստ պատմա-մշակութային ժառանգության մասին:
Ղլեն-խութի կառուցման ժամանակի մասին գրավոր ոչ մի տեղեկություն մեզ չի հասել: Սակայն տեղում կատարված հետազոտական նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հոնաշենի հովտի ստորին հատվածի այդ ուշագրավ ամրոց-հնավայրը վերաբերում է 4-16-րդ դարերին (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր):
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Ղլեն խութից քիչ ներքև գտնվող քարանձավները, որոնք մտել են ամրոցի պաշտպանական համակարգի մեջ:
Ղլեն-խութն իր պաշտպանական համալիրով յուրօրինակ միջնաբերդի դեր է կատարել ոչ միայն պատմական Գիշու, այլ նաև մոտակա Սպիտակաշենի բնակիչների համար: Ղլեն-խութի բերդ-ամրոցը, տեղական առանձնահատկություններով հանդերձ, նման է Հայաստանի մյուս նահանգներում պահպանված բերդ-ամրոցներին և հայկական ամրոցաշինության դասական սկզբունքներով կառուցված խոշոր պաշտպանական համակառույց է:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
2․ Լալաեանց 1897 - Լալաեանց Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք II, Թիֆլիս:
3․Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․ Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
4․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - ԱՀ ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի վկայագիր։
Մարտունու շրջան
Արցախ