Ճանկաթաղի Սբ․ Գևորգ եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հյուսիսային մասում (նկ. 1):
Պատմական ակնարկ
Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ Այդ մասին վկայում է դռան ճակատակալ քարի վրա զետեղված կարճ արձանագրությունը. «Թ. :ՌԾԸ: (1609) յիշատակ է Ղուկասի որդի Գրիգորի» (ԴՀՎ 5, 94): Եկեղեցին նկարագրել և արձանագրությունը հրատարակել է Մակար Բարխուդարյանցը: Դիվան հայ վիմագրության մեջ վերցված է հենց Բարխուդարյանցի կողմից մեջբերված արձանագրությունը: Խոսելով եկեղեցու մասին՝ Բարխուդարյանը նշում է. «…եկեղեցին սուրբ Գէորգ, հնաշէն, կառուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւն 17 մետր 17 սանթիմ, լայնութիւն 8 մետր 82 սանթիմ…» (Բարխուտարեանց 1895, 215):
Եկեղեցու մեծ մասը քանդվել է խորհրդային տարիներին: Պահպանվում էր միայն հյուսիսային պատը և որոշ ծավալներ (նկ. 2-4): Ուշագրավ է որմնասյան մեջ ագուցված խաչային հորինվածքով արձանագիր քարը (նկ. 5): Այն կազմում է թաղի առաջին քարը: Սրա կողային ճակատներից մեկի վրա կարելի է տեսնել շուշանածաղկի պատկերում (նկ. 6), իսկ մյուս ճակատի վրա՝ խաղողի ողկույզներ (նկ. 7): Դատելով պատկերագրությունից՝ այն վաղմիջնադարյան կոթողի մաս է, որի 17-րդ դարում կորություն են հաղորդել և դարձրել թաղի կամարաքար, փորագրել խաչային հորիվածք և թողել երկտող հիշատակություն. «Խաչս յոքուն/ Գրքոր[ի]»:
Եկեղեցու շինարարական արձանագրությունը, որը հիշատակում է Մակար Բարխուդարյանցը, անհետացել է, թերևս պայթյունի հետևանքով ոչնչացվել: Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծով 2018 թվականին, ֆինանսավորել է ճանկաթաղցի Էդուարդ Սարգսյանը: Վերականգնման աշխատանքների ժամանակ օգտագործվել են հին եկեղեցու մնացած քարերը, բազմաթիվ խաչքարեր, որոնք գտնվել են տարածքից (https://www.youtube.com/watch?v=MQBt5gvvbF8): Եկեղեցու վերականգնման ժամանակ տեղադրվել է նոր բարավոր, որի վրա արվել է եկեղեցու վերականգնման մասին արձանագրությունը. «Ի հայրապետութեան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգնի Բ կաթողիկոսի եւ յառաջնորդութեան Տ[է]ր Պարգեւի Արքեպիսկոպոսի վերակառուցաւ Ս[ուր]բ Գեւորգ եկեղեցիս արդեամբ Տէր Էդուարդ Սարգսեանի յամի տեառն ՍԺՀ 2018»:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Վերականգնված եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, ինչպես Արցախի գյուղական բնակավայրերից շատերի եկեղեցիները (նկ. 8): Թաղը հենված է որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա: Սուրբ Գևորգը կառուցված է տեղական կիսամշակ փոքր ու միջին չափի քարերով, սրբատաշ են միայն պատերի անկյունաքարերը, լուսամուտների և մուտքի եզրագոտիները, որոնք իրականացված են սպիտակ կրաքարով: Եկեղեցին ունի երկու ավանդատուն: Տանիքը կղմինդրածածկ է, վրան կառուցված է սպիտակ կրաքարից փոքրիկ զանգակատունը (նկ. 9): Եկեղեցու մկրտության ավազանում տեղադրված է թեքված դիրքով մի խաչքար (նկ. 10):
Եկեղեցու արևմտյան պատին ագուցված են նվիրատվական փոքրիկ խաչքարեր (նկ. 11): Արևմտյան ճակատի պատին հենված են տարածքից գտնված 10-13-րդ դարերի խաչքարեր, իսկ մուտքի առջև գտնվում են 17-19-րդ դարերի տապանաքարեր և գերեզմանաքարեր (նկ. 12-13):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցու ներկայիս ծավալները չեն տուժել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո եկեղեցու ճակատագիրն անհայտ է:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982։
- Ճանկաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցու բացման և օծման արարողություն, https://www.youtube.com/watch?v=MQBt5gvvbF8։
Ճանկաթաղի Սբ․ Գևորգ եկեղեցին
Արցախ