Ճանկաթաղ գյուղի անտիկ հուշարձանները. կարասային թաղումներ
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ «Մեղրակեր» կոչվող վայրում։ 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Ճանկաթաղն Արցախի հին բնակավայրերից մեկն է։ Դրա մասին են վկայում գյուղի տարածքում պահպանված մ․թ․ա․ 2-րդ-1-ին հազարամյակների դամբարանադաշտերը, հին գյուղատեղիների և գերեզմանոցների հետքերը։ Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ցանկում ներառված են Ճանկաթաղ գյուղի 51 հուշարձան, մասնավորապես, մ․թ․ 1-ին դարի դամբարանադաշտը, «Ծովատեղ» գյուղատեղին, եկեղեցու ավերակները և նրա տարածքում պահպանված 9 - 14-րդ դարերի խաչքարերը:
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, հիշատակելով բնակավայրի հնությունները՝ նշում է, որ Ճանկաթաղ գյուղի ««Մեղրակեր» կոչուած տեղում կայ հանգստարան, գիւղատեղի և եկեղեցու աւերակ» (Բարխուտարեանց 1895, 214)։ Հավանաբար Մ․ Բարխուդարյանցը նկատի ուներ «Մեղրակեր» վայրում մինչև մեր օրերը դիտվող միջնադարյան գյուղատեղիի ու գերեզմանի ավերակները (նկ․ 1)։
Հնագիտական ուսումնասիրությունը
Արցախի և Ուտիքի անտիկ թաղման կառույցների բազմազանության մեջ (սալարկղ, քարարկղ, ձվաձև շարվածքով խուց, հիմնահողային և այլն) մ.թ.ա. 1-ին դարի վերջին և մ․թ. 1-ին դարերում գերիշխող են դառնում կարասային թաղումները (Petrosyan 2021, 293):
1998 թվականին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ «Մեղրակեր» վայրում հողային աշխատանքներ իրականացնելիս՝ պատահական բացահայտվել են կարասային թաղումներ։
Տեղանքի զննումը ցույց տվեց, որ այստեղ առկա է կարասային թաղումներով դամբարանադաշտ, որը զբաղեցնում է մոտ մեկ հեկտար տարածություն (նկ․ 2): Թաղման կարասները կողմնորոշված են արևելքից-արևմուտք` կարասների պսակն ուղղված է դեպի արևելք: Հանգուցյալը կարասի մեջ էր դրված կծկված վիճակում` գլուխը դեպի արևելք:
Ավերված թաղման կարասներից մեկն ունի լայն վիզ (արտաքին տրամագիծը՝ 0,5 մետր, ներսինը` 0,38 մետր), թեք կտրված պսակ, երկարացվող իրան և հարթ ու նեղ հատակ (վերջինիս տրամագիծը 0,15 մետր է): Թաղման կարասի բարձրությունը 1,65 մետր է, առավելագույն տրամագիծը` 1,00 մետր, պատերի հաստությունը` 0,20-0,25 մետր: Լայն դուրս մղված պսակը ներքևի մասում զարդարված է ճզման եղանակով արված նախշով (նկ․ 3): Կարասի առավել լայն մասով անցնում է ելնդավոր զարդարուն գոտի: Նմանատիպ կարասներ հայտնի են Գառնիից, Օշականից և այլ հնավայրերից (Тирацян 1985, 67): Կարասը փակված էր ոչ մեծ սալով:
Դամբարանում հայտնաբերվել են արծաթե կլոր հայելու երեք բեկոր, գլանաձև ապակյա ուլունք, երկկոն քարե ուլունք, բրոնզյա մատանի, սեգմենտաձև չմիացվող ծայրերով բրոնզյա ականջող, վեց օղակներից կազմված բրոնզյա շղթա (նկ․ 4):
Երկրորդ դամբարանի վերազննման ընթացքում, թաղման կարասից ոչ հեռու բացահայտվել են հելլենիստական շրջանում տարածված «օյնոխոյա» տիպի երկու միականթ սափորներ (նկ․ 5): Քննարկվող տիպի գունազարդ խեցեղենու օրինակները հայտնի են Արմավիրից, Արտաշատից, Գառնիից, Դվինից, Հացավանից, Շիրակավանից, Կարջաղբյուրից, Գեղադիրից, Օշականից, Լուսակերտից և այլ վայրերից և թվագրվում են մ.թ.ա. 2-1-ին դարերով:
Ելնելով կարասային թաղումների ուսումնասիրման կարևորությունից՝ 2006 թվականի աշնանը այս դամբարանադաշտում իրականացվել են հետախուզական պեղումներ:
Պեղումներ են կատարվել ավերված կարասներից 2 մետր հարավ ընկած տարածքում: Պեղվող քառակուսու հյուսիս-արևելյան անկյունում` 0,58 մետր խորությամբ, ջարդված կճուճի մեջ և նրա կողքին գտնվել են տարբեր ուլունքներ` սարդիոնե, պղնձե, ապակյա արծաթապատված, մածուկից (ընդամենը 79 հատ), ինչպես նաև երկաթյա մատանու կտոր: Հետաքրքիր են կավե ուլունքները, ագաթից ուլունքը, ուլունքաշարը միացնող բաժանարարը (նկ․ 6):
Պեղվող քառակուսում 0,8 մետր խորությամբ բացվել է մեծ թաղման կարաս՝ դրված հորիզոնական դիրքով, արևմուտք-արևելք կողմնորոշմամբ (բարձրությունը` 1,65 մետր, շուրթի տրամագիծը 0,50 մետր, հատակի տրամագիծը 0,15 մետր): Իրանը ձվաձև է, ամենալայն մասում կրում է երկու ռելիեֆ, պարանահյուս հորիզոնական զարդագոտի։ Պսակն ավարտվում էր դուրս լայնացող հարթ շուրթով, որի եզրը hարդարված է ալիքավոր գոտիով: Թաղման կարասի կողքին, նույն խորությամբ արձանագրվել են մոխրի հետքեր, այրված ընկույզ: Կարասի շուրթը փակված էր մի ուրիշ, ավելի փոքր երկկանթ կարասի ներքևի մասով (նկ․ 7): Կարասի վզին հենված հայտնաբերվեց գունազարդված միականթ սափոր (նկ․ 8):
Հանգուցյալը կարասում տեղադրված էր խիստ կծկված վիճակում` աջ կողքի վրա, գլխով դեպի արևելք: Կարասում գտնվել են երկաթյա միասայր դանակ, խաղող մշակելու փոքր երկաթե մկրատի մաս, 4 երկաթյա օղաձև ճարմանդ, երկու երկաթե կլորավուն իր (կոճակ), երկաթե մեխ ու ասեղ:
Բացահայտված կարասից 3 մետր հյուսիս դրվեց ոչ մեծ հետախուզական խրամատ (2x1 մետր): Արդեն իսկ 0,3 մետր խորությամբ բացվեց մեծ կարասի երկու խոշոր բեկորներով ծածկված մարդու կմախք՝ կծկված, աջ կողքին, գլխով արևելք, ձեռքերը երեսի մոտ (նկ․9): Այդ կմախքից 0,8 մետր արևելք նույն խորությամբ գտնվեցին ոչխարի ոսկորներ:
Պեղվող քառակուսուց մոտավորապես 60-70 մետր հյուսիս-արևելք տեղի բնակիչները հողային աշխատանքների ընթացքում գտել են հելլենիստական շրջանին պատկանող սափորներ, թասեր: Հետախուզական աշխատանքների արդյունքում այս տարածքի արևմտյան մասում, ներկա ճանապարհից 3 մետր արևելք` բարձունքի վրա, 0,45-0,55 մետր խորությամբ բացահայտվել են կարասի կտորներ, որոնց մոտ գտնվել են 12 ապակյա ուլունք և երկու բրոնզե զանգ-կախիկներ: Այդ շերտի տակ բացվեց մայր հողը. հավանաբար հողհանքի օգտագործման ընթացքում մշակութային շերտի հիմնական մասը ավերվել է (Սաֆարյան, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ ղյուղի.. 2011, Սաֆարյան 2011, Сафарян 2012):
Քննարկվող թաղումների առանձնահատկություններից են՝ թաղման կարասին կից կրածեփ հարթակների ստեղծում և այն կրակով սրբագործում, հանգուցյալին ներառող կարասի վզի մոտ անոթներ դնելու սովորույթը:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Արցախ, տպարան «Արոր», Բաքու։
- Խաչատրյան 1981 - Խաչատրյան Ժ․, Արտաշատ 2, Անտիկ դամբարանադաշտեր (1971-1977 թթ. պեղումները), Երևան։
- Սաֆարյան, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ ղյուղի.. 2011 - Սաֆարյան Վ․, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ ղյուղի տարածքում կատարված պեղումների հիմնական արդյունքները /Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2005-2010 թթ. / ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչություն, Ստեպանակերտ, էջ 134-142։
- Սաֆարյան 2011 - Սաֆարյան Վ․, Արցախի տարածքի կարասային թաղումների ուսումնասիրման առաջին փորձը, Հայագիտական հանդես, թիվ 2, Ստեփանակերտ-2011, էջ 170-186։
- Petrosyan 2021 - Petrosyan H., Safaryan V., Karapetyan I., Kirakosyan L., Vardanyan R., Vardanesova T.,Gabrielyan A., Pithos Burials of Tirganakert of Artsakh, Archaeology of Armeniain regional context II, International Conference dedicated to the 60th Anniversary of the Institute of Archaeology and Ethnography, Yerevan, 2021, 293–304.
- Тирацян 1985 - Археология СССР. (под общей редакцией Б. Рыбакова), Древнейшие государства Кавказа и Средней Азии, часть 1, гл.5, Южное Закавказье, Тирацян Г. Армения в III –I вв до н.э., Изд-во «Наука», Москва, с. 67.
- Сафарян 2012 - Сафарян В., Керамика кувшинных погребений Арцаха периода эллинизма, Материалы международной научно-практической конференции “Общероссийская и национальная идентичность “ 19-20 апреля 2012 г., Пятигорск, с. 487-498.
Ճանկաթաղ գյուղ
Արցախ