Մակուն կամուրջը

Տեղադրություն

Կամուրջը գտնվում է Մեծ Թաղեր գյուղի  հարավային հատվածում՝ գյուղամիջով հոսող Իշխանագետի ձախակողմյա փոքր վտակի վրա։

Պատմական ակնարկ

Մեծ Թաղերը  18-19-րդ դարերում մարդաշատ գյուղաքաղաքի կարգավիճակ ուներ։ Այստեղ 19-րդ դարում մեծ շինարարական եռուզեռ  է սկսվում։ Հորդառատ անձրևների ժամանակ սելավները գետակների վերածվելով քանդում էին ձորամիջյան ճանապարհահատվածները և կարիք է առաջանում ձորակի վրա կառուցել կամուրջ։

1890 թվականին կառուցվում է կամուրջ, որը նախատեսված էր ոչ միայն հետիոտնի, այլև սայլակառքերի համար։ Ժողովուրդը կամրջին տվել է «Մակուն» անունը (նկ․ 1, 2)։

նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Կարապետյանի։

Ճարտարապետա-հորիվածքային նկարագիր

Կամարակապ միաթռիչք կամուրջ է, կառուցված կոպտատաշ, անմշակ քարերորվ և կրաշաղախով (նկ․ 3, 4)։

Թռիչքի երկարությունը 5․15 մետր է, անցուղու լայնությունը՝ 3․50 մետր (նկ․ 5)։ Կամրջի հոսքընթաց  ճակատին եղել է շինարարական հիշատակագրական քար, որը պատից ընկնելուց հետո փոխադրվել է գյուղի թանգարան։ Քառատող արձանագրությունն է․  «Յիշատակն | է Ղազար Յ|արութ(իւ)ն Բէ|ջանե(ա)նց, 1890» (նկ 6):

նկ. 2 Կամրջի հոսքին հակառակ ճակատը, լուս․Արցախի ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 4 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 3 Կամրջի հոսքին հանդիման ճակատը, լուս․ Արցախի ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 5 Չափագրությունը Ս․ Կարապետյանի։

նկ. 6 Կամրջի կառուցման արձանագրությունը, գրչանկարը Ս․ Կարապետյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Կամուրջը պատերազմի ընթացքում չի տուժել, սակայն հետպատերազմյան ընթացքում առաջ եկած նոր իրողություններով պայմանավորված ադրբեջանական իշխանությունները Մեծ Թաղեր գյուղը հիմնահատակ ավերում են Շուշի տանող նոր ճանապարհի կառուցման հիմնավորմամբ։ Անհայտ է, թե տուժե՞լ է արդյոք կամուրջը ադրբեջանական «շինարարական» աշխատանքների պատճառով։

Գրականություն

Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009:

Մակուն կամուրջը
Մակուն կամուրջ
Մեծ Թաղեր գյուղ
Արցախ