Մաչի շեն գյուղատեղիի եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) hանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք գտնվող «Մաչի շեն» գյուղատեղիի տարածքում: Գյուղատեղին զբաղեցնում է շուրջ 0,2 հա տարածք, որտեղ տեսանելի են կիսավեր եկեղեցին, հաշվառված 13 խաչքարեր, առանձին շինությունների քարակույտերի վերածված ավերակներ։ Եկեղեցին Աղավնո գետի աջ ափին է՝ տեղադրված անտառապատ թեք սարալանջի վրա (նկ․ 1):
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Մաչի շենի եկեղեցին հատակագծային և ծավալատարածական հորինվածքով միանավ սրահ է, որն արևելյան կողմում ավարտվում է ուղղանկյուն խորանով։ Կառույցի արտաքին չափերն են 6,8 x 4,4 մետր։ Աղոթասրահում երկայնական պատերի մեջ առկա են որմնամույթեր, որոնք, հավանաբար, (քանի որ ծածկն ավերվել է) թաղակիր կամարները կրելու համար են նախատեսվել։ Կառույցի ընդհանուր հորինվածքում գերիշխում է երկայնական ուղղվածությունը։ Ներքին տարածությունը կազմակերպված է որպես միասնական դահլիճ՝ առանց բազմանավ բաժանման։ Արցախի XII–XIII դարերի ճարտարապետության մեջ թաղածածկ դահլիճի այս տիպը՝ որտեղ պաշտամունքային տարածքի կազմակերպման հիմնական սկզբունքը երկայնական առանցքն է, լայն տարածում ուներ (Киракосян 2023, 251)։
Եկեղեցին պարզ կառուցվածք, փոքր չափեր և համեստ դեկորատիվ հարդարանք ունի։ Կառուցված է տեղական ավազաքարով և որձաքարով՝ կրաշաղախի օգտագործմամբ։ Պահպանված հատվածների արտաքին դիտարկումը ցույց է տալիս տարբեր չափերի և մշակման աստիճանի քարերի համադրություն։ Պատերի հիմնական շարվածքում գերակայում են միջին և խոշոր չափերի կոպտամշակ կամ համեմատաբար հարթեցված քարերը, որոնք դասավորված են հիմնականում հորիզոնական շարքերում (նկ․ 2)։ Պատի հիմնական զանգվածում օգտագործվել են ավելի պարզ մշակված քարեր, մինչդեռ անկյունների և հատկապես մուտքի հատվածում կիրառվել են ավելի խոշոր և կանոնավոր մշակված քարեր։ Արևմտյան ճակատում որպես շինաքար օգտագործվել են խաչքարեր, որոնք ճակատի անպաճույճ շարվածքին աշխուժություն են հաղորդել (նկ․ 3)։
Քարե նյութի ընտրությունն ու մշակումը «Մաչի շեն»-ի եկեղեցում չեն սահմանափակվում զուտ շինարարական խնդրով։ Քարը հանդես է գալիս որպես ճարտարապետական ձևի, քանդակային պատկերագրության և վիմագրության միասնական կրող։
Արևմտյան կողմում գտնվող մուտքն իր հարուստ քանդակազարդ հորինվածքով եկեղեցու ճարտարապետական առավել շեշտադրված հատվածն է։ Մուտքի բացվածքը պսակող խոշոր քարե բարավորը մշակված է կիսաշրջանաձև քանդակային շրջանակով, որտեղ տեղադրված է բազմատող հայերեն արձանագրություն (նկ․ 4)։ Այն հայտնում է. «ԹՎ. :ՉՂԴ: (1345)/ Պարոն Աթաբակին ու Ամ/իր Հասանայ իշխանութ[եամ]բ ու/ տ[է]ր Դաւթի հայրապետութ[եամ]բ, ես/ Հայրապետ երեց կապանեցի՝ որդի Ճարայ, եղբայրք ... [Վախ]տանգ եւ/ Շարաբտատ…զաւակաւք մերովք նոր/ոգեցաք զեկեղեցիս… աղաւթ յիշեցէք»: Զարմանալի է, որ Խաչեն գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում որպես արձանգրության ժամանակ է նշվում 1245 թվականը (տե՛ս Պետական ցուցակ, 28)։
Հիշատակված անձանց անունների առումով սա բացառիկ արձանագրություն է: Նախ այն միակ վկայությունն է Հասանջալալյան Աթաբակ Բ-ի մասին: 1287 թվականին մահացել էր Աթաբակ Ա-ն՝ Հասան Ջալալ Դոլայի որդին: Նրան հաջորդել է իր որդի Ջալալը, որի մասին հիշատակություններ կան 1293 թվականից մինչև 1319 թվականը (Ուլուբաբյան 1975, 300-301): 1361 թվականին Խաչենի իշխան է հիշատակվում Իվանեն (Ուլուբաբյան 1975, 302): Եթե նկատի ունենանք, որ Աթաբակ Ա-ն կոչվել է նաև Աթաբակ Իվանե, հավանական է, որ մեր արձանագրության Աթաբակը նույնպես՝ պապի նման, ավանդաբար կարող էր կոչվել Աթաբակ Իվանե: Այսինքն, հավանական է, որ մեր արձանագրության Աթաբակը և Իվանեն նույն անձինք են:
Ամիր Հասան անունով որևէ պայազատ Արցախում, այն էլ որ հավասարազոր լինի Աթաբակին, մեզ հայտնի չէ: Փոխարենը քաջ հայտնի է Խաղբակայն Ամիր Հասան Բ-ն (1318-1351 թթ., Հովսեփյան 1928, 199-208), որի կալվածքները տարածվում էին Կոտայքում և Վայոց Ձորում: Արդյո՞ք Ամիր Հասան Բ Խաղբակյանը ինչ-որ կալվածներ կամ ազդեցություն է ունեցել, Արցախում՝ հայտնի չէ: Պակաս կարևոր չէ և Դավիթ կաթողիկոսի հիշատակությունը: Աղվանից կաթողիկոսների ցանկերում թեև Զաքարիայից (1331 թ.) հետո հիշատակվում է Դավիթ Ը-ն, բայց նրա մասին որևէ այլ տեղեկություն չկա (Մանուչարյան 2016, 92): Եվ ահա մեր արձանագրությունը թույլ է տալիս հավաստել, որ 1345 թվականին Աղվանից կաթողիկոսը Դավիթն էր:
Խաչենի Հասան Ջալալյան իշխանական տան մասին 14-րդ դարի առաջին կեսին շատ քիչ բան է հայտնի: Ու Խաչենի Մաչինշեն հնավայրի եկեղեցու բարավորի արձանագրությունը նոր նյութեր է տալիս այդ իշխանական տան պայազատներից մեկի մասին:
Ինչպես տեսնում ենք արձանգրությունը խոսում է եկեղեցու վերանորոգման մասին: Նկատի ունենալով կլառույցի անշուք պատերի ֆոնին առանձնացող արևմտյան ճակատի հարդարանքն ի դեմս քանդակազարդ ու արձանագրակիր ծիրանագույն ֆելզիտե բարավորի ու նույն քարատեսակից կերտված ագուցված խաչքարերի, որոնցից մեկն էլ կրում է «Խաչս՝ Ադամ իրից/ոյ» արձանագրությունը (նկ. 5): Բարավորի արձանագրության մեջ այս անձնանունը հիշատակված չէ, և հնարավոր չէ պարզել վերջինիս առնչությունը հիմնական դերակատարների հետ: Ավելի քան հավանական է, որ կապանեցի Հայրապետի և նրա տոհմի վերանորոգման արդյունքում է, որ եկեղեցու արևմտյան ճակատը նման գեղազարդ տեսք է ստացել:
Ուշագրավ է Կապանից մի ողջ գերդաստանի նման մանրամասն թվարկումը: Արդյո՞ք ինչ-ինչ հանգամանքների բերումով նրանք Կապանից գաղթել են Խաչեն թե՞ Կապանի տակ կարելի է հասկանալ արցախյան որևէ բնակավայր: Դառնալով Ամիր Հասան Բ-ին (1318 -1351 թթ.), կարող ենք միայն հավանական համարել, որ նա ժառանգել էր նաև իր նախնիների՝ Զաքարյանների տան սպարապետ ու պարոն տիտղոսները, և մեր արձանագրության պարունությունն ըստ էության դրա դրևորումներից մեկն է: Ցավոք այլ մանրամասներ Աթաբակ Բ-ի և Ամիր Բ-ի արցախյան գործունեության մասին մեզ հայտնի չեն: Հանրահայտ է, որ Պռոշյանների տոհմը ծագում է Խաչենից և նրա կապերն իրենց հայրենիքի հետ որոշակի դրսևորումներ են ունեցել: Օրինակ, Գանձասարի 1309 թվականի մի արձանագրության համաձայն Ամիր Հասան Ա-ի դուստր Էսուգանը նվիրատվութուն է արել վանքին (ԴՀՎ 5, 52):
Այս վիմագրության առկայությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես պատմական սկզբնաղբյուր, այլև որպես մուտքի հորինվածքի բաղկացուցիչ տարր։ Բարավորը եզերող կամարային շրջանակը զարդարված է ոլորուն բուսական ժապավեններով, տերևանման և հանգուցային մոտիվներով, որոնք ձևավորում են ռիթմիկ շարքեր։ Մուտքի երկու կողմերում պահպանված են առանձին քանդակազարդ քարեր՝ բուսականացված խաչերի պատկերներով։ Խաչերի թևերը կազմված են ոլորուն և բուսական տարրերի միահյուսումից, իսկ դրանց շուրջը շարունակվում է նույն բուսական-հյուսվածքային զարդային համակարգը (նկ․ 6)։
Մուտքը չի ընկալվում որպես ճակատից անկախ տարր։ Այն ներառված է պատի ընդհանուր հարթության մեջ և ճակատի հորինվածքային կենտրոնն է։ Փոքրածավալ եկեղեցու դեպքում մուտքի նշանակությունը հատկապես մեծանում է, քանի որ ճակատի մակերեսը չունի մեծ թվով դեկորատիվ տարրեր և ձևավորվում է որպես գործառույթային և գեղարվեստական խնդիրների միասնություն, որտեղ ապահովված է մուտք դեպի ներքին տարածք, իսկ քարե շրջանակը կազմակերպում է գլխավոր ճակատի տեսողական ռիթմը։ Քանդակների կատարման տեխնիկան՝ համեմատաբար խոր ռելիեֆը, մանրացված ոլորանները և բազմաթիվ փոքր փոսիկների կիրառությունը, վկայում է քանդակագործական վարպետության մասին։
Պետք է նշել նաև, որ հուշարձանի շուրջը խմբված են 12-13-րդ դարերին պատկանող խաչքարեր (նկ. 7), որոնք հաշվառված են Խաչեն գյուղի հուշարձանների ցանկում՝NK2/104.1 հուշարձանային համարի տակ (Պետական գուցակ, 28, 29)։ Այս փաստը թույլ է տալիս «Մաչի շեն»-ը դիտարկել որպես միջնադարյան փոքր բնակավայրի այնպիսի հուշարձանային համալիր, որտեղ եկեղեցին և խաչքարային մշակույթը կազմել են փոխկապակցված հոգևոր-հիշատակային միջավայր։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
«Մաչի շեն»-ի եկեղեցին պահպանվել է մասնակիորեն և պատերազմից առաջ գտնվում էր ավերակ վիճակում։ Եկեղեցու ներկայիս վիճակը պայմանավորված է ոչ միայն ժամանակի ընթացքում բնական քայքայմամբ, այլև ծածկային համակարգի կորստով, պատերի մասնակի փլուզմամբ, սվաղի քայքայմամբ։ Անտառապատ վայրում գտնվելը նույնպես վնաս է հասցրել հուշարձանին։ Առատ բուսականությունը ինչպես ներսում (նկ․ 8 ), այնպես էլ դրսում (նկ․ 9) ևս իր գործն արել է՝ վնասելով կառույցը։ Իրավիճակը պատերազմից հետո չի փոխվել։ Եկեղեցին, այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Գրականության ցանկ
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982, ՀՍՍՀ ԳԱ հրատ.:
- Հովսեփյան 1928 - Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պպռոշյանք Հայոց պատմության մեջ, մասն առաջին, Վաղարշապատ:
- Մանուչարյան 2016 - Մանուչարյան Ա., Աղվանից կաթողիկոսների գավազանագրքի վիմագրագիտական լրացումներ ու ճշգրտումներ, Հայագիտության հարցեր, թիվ 2, էջ 82-94:
- Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ.:
- Պետական ցուցակ - Պետական ցուցակ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչություն, Ստեփանակերտ, 2011, էջ 28-29։
- Киракосян 2023 - Киракосян Л., Композиция сводчатого зала в архитектуре Арцаха Армянский гуманитарный вестник, 1(10), Арцах, Ереван.
Մաչի շեն գյուղատեղիի եկեղեցին
Արցախ