«Մավաս» գյուղատեղին
Տեղադրությունը
«Մավաս» գյուղատեղին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղից 3,9 կմ հյուսիս, «Երեք մանկունք» վանական համալիրի բլրի ստորոտում տարածվող ընդարձակ հարթ բացատում (նկ․ 1)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Մավասը մեծ գյուղատեղի է, որը դեռ մինչև 20-րդ դարի կեսերը բնակեցված էր։ Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում ստույգ տեղեկություններ քիչ են պահպանվել։
Սարգիս Ջալալեանցը այսպես է նկարագրում գյուղը «Աստի ի վեր բարձրացայ ի գիւղն Մավաս, որ կայ ի գլուխ լերին ի թիկանց կուսե Ծովատեղ գեղջ, յորմէ երևի ընդարձակ դաշտն Արցախա․ բնակիչք են Հայք, տունք տասն, ունին զսագաշէն եկեղեցի» (Ջալալեանց 1858, 334):
Ըստ Մ․ Բարխուդարյանցի, գյուղի բնակիչները տեղափոխվել են Ջրաբերդից։ Մասնավորապես, նա նշում է, որ Մավաս գյուղը «հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագիծ սարահարթի վերայ. բնակիչք տեղափոխուած նն Ջրաբերդից․ հողն բէկական, աւազուտ և սակաւ արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն, ձմրան խիստ. ամրան գերազանց օդն, կլիման, տեսարանն և ջուրն. երկար կեանք 90 - 100. Եկեղեցին Երեք մանկունք. քարաշէն, որ կրում է սոյն արձանագրութիւնը. «Շնորհօքն Աստուծոյ ես տիկին Քալոյ Յովսէփ-բԷկ Մելիք Շաճնազարեանց կառուցի զայս Երից մանկանց եկեղեցիս յարդար վաստակոց իմոց 1854 թուին»: Քահանայ մի: Ծուխ 34 ար. 114, իգ- 87» ( Բարխուտարեանց 1895, 103)։
Համաձայն Ա․ Կիսիբեկյանի, Մավասն անցյալում եղել է Ամարաս վանքի միաբանության ամառանոցը (Կիսիբեկյան 2011, 106)։ Հետաքրքիր է Կիսիբեկյանի այն նկատառումը, որ Մավասի հասարակության խոսակցական լեզուն խիստ տարբերվում է հարևան «գյուղերի ժողովրդների լեզուներից և ավելի բարձր կուլտուրա ունի ու մոտ է մեր գրական լեզվին, քան մյուս գյուղերի խասակցական լեզուն։ ․․․Իմ կարծիքով դա պետք է բացատրել գլխավորապես այն հանգամանքով, որ ամեն տարի 2-4 ամիս այդտեղ ապրել են գրագետ մարդիկ՝ Ամարասու միաբանությունը» (Կիսիբեկյան 2011, 107)։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Կարմիր Շուկայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է 11 հուշարձան։ Դրանցից է Մավաս գյուղատեղին։
Գյուղատեղիի տարածքում (մակերեսը 4,1 հեկտար) կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ, գյուղը ձևավորվել է հնում, առնվազն 16-17-րդ դարերի ընթացքում՝ որպես վանքը սպասարկող բնակավայր, որն այժմ ավերված է։
21-րդ դարի սկզբին Մավաս գյուղի տարածքում երևացող շինությունների ավերակները բացարձակապես 19-20-րդ դարերի կառույցներ են, որոնք ծածկում են վաղ շերտը (նկ․ 2, 3, 4)։ Գյուղը ամբողջովին ավերակված է, չի պահպանվել գեթ մեկ կանգուն շենք։ Գյուղի հարավային կողմում՝ աղբյուրի մոտ պահպանվել են 19-րդ դարի եկեղեցու ավերակները (նկ․ 5, 6)։ Նկատվում է, որ գյուղը ունեցել է աղբյուրի երկու կողմերում ընկած երկու թաղամասեր (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Գյուղատեղին արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս․, Ճանապարհորդություն դեպի Մեծ Հայք, մաս 2։
2․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
3․Կիսիբեկյան 2011 - Կիսիբեկյան Ա․ Հուշեր, հ․1 Երևան։
4․ ԱՀ ԿԳՄՍՆ - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Մարտունու շրջան
Արցախ