Մելիք Բեգլարյաններ ամրոցը եվ ապարանքը

Տեղադրությունը

Մելիք Բեգլարյանների ապարանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից մոտ 4 կմ արևմուտք, Հոռեկա վանքի դիմաց (նկ. 1)՝ անտառապատ բլրալանջի արևելահայաց և հյուսիսահայաց հատվածներում։

Պատմական ակնարկ

Ապարանքը պատկանել է Գյուլիստան գավառի տիրակալ Մելիք Բեգլարյաններին։ Մոտակայքում է գտնվում նաև Հոռեկա վանքը և մելիքական գերեզմանատունը (նկ. 2)։

նկ. 1 Հոռեկա վանքի ընդհանուր տեսքը արևմուտքից, 2018 թ․, լուս․ Ն. Երանյանի:

նկ. 2 Մելիք-Բեգլարյանների տոհմական գերեզմանատունը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Տեղում նկատելի են երկու ապարանքի ավերակներ (նկ. 3), որոնցից առաջինը կառուցված է վանքի դիմաց՝ արևելահայաց բլրալանջի ստորին դարավանդահարթակի վրա, իսկ երկրորդը՝ առաջինի դիմաց՝ Հոռեկավանքի բլրի հյուսիսահայաց լանջի ստորին մասում (Ղուլյան 2001, 50-51):

Առաջին ապարանքի հյուսիսային եզրի պարսպակից սենյակի մուտքի ճակատակալ քարին փորագրված արձանագրության համաձայն. «Յիշատակ է Ոհան Բաբուն. Մերեն Մելիք Թամրազ ։ՌՃԾ։ (1701)» (ԴՀՎ 1982, 101)։ Այսինքն 1701 թվականին (ըստ Ա. Ղուլյանի՝ 1727) կառուցված ապարանքը Մելիք-Թամրազը, ով պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես Գյուլիստանի մելիք, այն ընծայում-նվիրում-հիշատակ է թողնում պարոն-տեր Օհանին (Ղուլյան 2001, 50)։ Ինչպես նկատում է Ա. Ղուլյանը՝ երբեմն շփոթվել-նույնացվել են երկու հուշարձանները, իսկ առաջինի շինարարական արձանագրությունը վերագրվել է երկրորդին: Եվ սա այն պատճառով, որ վերջինս իր չափերով, ճարտարապետական ձևերով ու պահպանվածությամբ առավել ակնառու է, իսկ նախորդից հայտնի են թվակիր արձանագրությունն ու 18-րդ դարի սկզբին պատմական անցուդարձերում գործող Մելիք-Թամրազի անունը (Ղուլյան 2001, 50):

նկ. 3 Մելիք-Բեգլարյանների ապարանքի չափագրությունը, Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2001, էջ 51, նկ. 13։

Առաջին ապարանքից պահպանվել է արևմտյան կեսը՝ պարիսպներով ու երկու բուրգով, ինչպես նաև հյուսիս-արևմտյան անկյունամասի շինությունը (նկ. 4, 5): Ապարանքի ավերակները վկայում են, որ այն հատակագծում ուղղանկյուն կազմող պարիսպներով և դրանց անկյունները բուրգերով ամրացված համակառույց է եղել՝ պարսպապատերին հպված և դեպի ներքին բակ բացվող սենյակներով:  Ապարանքը բաղկացած է պարսպակից երեք միաչափ ու թաղածածկ բաժանմունքներից՝ երեսբաց նախասրահից և կից երկու եզրային սենյակներից:  Շինությունը զուրկ է որևէ հարդարանքից։

Երկրորդ ապարանքը ներառված է ուղղանկյուն պարսպապատի մեջ, բաղկացած է հարավային կողմը զբաղեցնող սենյակների հիմնական խմբից ու երկայնական ներքին բակի` հյուսիսային կողմի միաշար պարսպակից սենյակներից: Արևմտյան պարսպապատի միջին մասում ապարանքի դարպասն է (նկ. 6)։

 

նկ. 4 Առաջին ապարանքի ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Դանիելյանի:

նկ. 5 Առաջին ապարանք, լուս․ Հ․ Պետրոսյանի:

նկ. 6 Երկրորդ ապարանքի ընդհանուր տեսքը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Համակառույցի հարավային թևը բաղկացած է մի շարքով դասավորված չորս դահլիճից, բակի կողմից դրանց ճակատի երկարությամբ ձգված սրահից և սրահի ու սենյակների լայնությունը բռնող, կրկնակի շարքով կառուցված չորս այլ սենյակից:  

Գլխատներն ու դրանց եզրային դահլիճները մելիքական տան հիմնական բնակելի մասն են կազմել և կամարասրահով կապվել են խոշոր բուխարով խոհանոցի և մյուս օժանդակ սենյակների հետ: 

Ապարանքի հյուսիսային թևում, ի տարբերություն հարավայինի, սենյակները միաշարք են, ուղղված դեպի բակ և համեմատաբար վատ են պահպանվել (Ղուլյան 2001, 50-62): 

Պաշտպանական խնդիրները, ինչպես երևում է նաև ապարանքի նկարագրությունից, առաջնահերթ նշանակություն են ունեցել մելիքական տան համակառույցի հորինվածքում ու կառուցման մեջ: 

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Ապարանքի ողջ համալիրը պատերազմից առաջ թեև կիսաքանդ, բայց պահպանված էր համեմատաբար ամբողջական տեսքով: Փլված էին սենյակների ճակատամասերն ու մասամբ նաև թաղածածկերը։ 

44-օրյա պատերազմի արդյունքում Թալիշ գյուղը, Հոռեկավանքն ու ապարանքները օկուպացվել են: Պատերազմի ընթացքում և դրանից հետո հուշարձանի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Ապարանքն՝ իր ողջ համակառույցներով հանդերձ, հաճախ է տարածաշրջանի պատմությունը նկարագրողների և ճանապարհորդների ուշադրությունը գրավել։ Նրան առաջիններից մեկն անդրադարձել է Րաֆֆին, ով իր Ուղեգրություններում Հոռեկավան գյուղի մասին խոսելիս անդրադառնում է նաև մելիքների նստոց կենտրոնին (Րաֆֆի 1987, 420 - 423)։ Մելիք Բեգլարյանների պատմության, նրանց ամրոցի, ապարանքի և գերեզմանատան մասին մանամասն տեղեկություններ է հաղորդում Ե. Լալայանը (Լալայան 1901, 11-58): Արձանագրության Լալայանի ներկայացված տարբերակն է հիշատակվում նաև Դիվանում։

Մելիք Բեգլարյանների ընտանիքի, ինչպես նաև ապարանքի վերաբերյալ ամենավաղ վկայությունները ստանում ենք Մակար Բարխուտարյանցի հիշատակություններից։ Այն կարևոր է Ապարանքի 19-20-րդ դարերի իրավիճակը վավերացնելու, որոշ վիմագրական և պատմական տեղեկություններ հստակեցնելու տեսանկյունից (Բարխոտարեանց 1902, 146-147)։ 

Արցախի մելիքական ապարանքներին առհասարակ և Մելիք Բեգլարյանների ապարանքին նվիրված խիստ կարևոր և մանրամասն աշխատությունը պատկանում է Ա. Ղուլյանին, ում հետազոտությունները և չափագրությունները մեծապես օգնեցին այս համառոտ ակնարկը պատրաստելիս (Ղուլյան 2001, 50-62): 

Գրականություն 

  1. Բարխուտարեանց 1902 – Բարխուտարենաց Մ., Պատմութիւն Աղուանից, Տպարան Մայր Աթոռ Սրբոյ Էջմիածնի, Վաղարշապատ։
  2. ԴՀՎ 1982 – Դիվան հայ վիմագրության, Պրակ V, Արցախ, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան։
  3. Լալայան 1901 – Լալայան Ե., «Գանձակի գավառ» (Արտատպված «Ազգագրական հանդեսից»), հտ. Ա, Տպարան Կ. Մարտիրոսեանցի, Թիֆլիս։
  4. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, «Գիտություն» հրատարակչություն, Երևան:
  5. Րաֆֆի 1987 - Րաֆֆի, Երկերի Ժողովածու, հտ. 9, Սովետական գրող, Երևան։
Մելիք Բեգլարյաններ ամրոցը եվ ապարանքը
Մելիք Բեգլարյաններ ամրոց եվ ապարանք
Մարտակերտի շրջան
Արցախ