Մեծ Շենի «Մանդուռ» վանքը

Տեղադրություն

«Մանդուռ» վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի շրջակայքում՝ Թարթառ գետի աջակողմյան հրվանդաններից մեկի վրա՝ Սարսանգի ջրամբարի հարևանությամբ։ Ստեփանակերտից գտնվում է 45 կիլոմետր, Մարտակերտից՝ 14 կիլոմետր, իսկ Մեծ Շենից՝ 4,4 կիլոմետր հեռավորության վրա (նկ․ 1)։

Նկ․ 1 Մանդուռ վանքը, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

«Մանդուռ» վանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան։ Վանքը հայտնաբերվել և հուշարձանի կարգավիճակ է ստացել միայն 2018 թվականին։ Հուշարձանի վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում տարածքում գտնվող բազմաթիվ արձանագրություններից և կոթողներից։ Վանքի իրական անունը նույնպես հայատնի չէ, այն «Մանդուռ» (այսինքն՝ մատուռ ) են կոչում տեղացինեըը:

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Հուշարձանը բաղկացած է հիմնական կամ կանգուն պատերով եկեղեցուց, մի քանի այլ կառույցների մնացորդներից, արձանագիր խաչքարերից, տապանաքարերից, ոճավորված տարբեր որմնաքարերից և այլն։

Հիմնական կամ միակ պահպանված եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է՝ արևմուտք-արևելք ուղղվածությամբ։ Համեմատաբար լավ են պահպանված հյուսիսային և հարավային պատերը, որոնց վրա առկա են մեկական պատրհաններ։ Արևմտյան կողմում գտնվող միակ մուտքը քանդված է, չի պահպանվել նաև թաղը։ Կառուցված է կոպտատաշ, տարբեր չափերի կրաքարից և կրաշաղախից։ Անկյունային հատվածներում կիրառել են սրբատաշ քարեր, որոնց վրա քանդակվել են տարբեր խաչապատկերներ։ Կառույցն ունի 6,5 մետր երկարություն, 4,4 մետր լայնություն և 2,5 մետր պահպանված բարձրություն  (նկ․ 2)։

Նկ․ 2 Վանքի հիմնական կամ կանգուն մնացած եկեղեցին, չափագրությունը՝ Գ․ Սարգսյանի։

Պահպանվել է նաև կառույցի բարավորը՝ յոթատող արձանագրությամբ՝ «Ես Սամէլ եւ/ Մարգարէ շինեցաք զ/եկեղեցիս, եւ ի կատարմա/նն փոխեցաւ ի Ք[րիստո]ս՝ բազում ա/շխատութեամբ երանելին Սամ/ուէլ եւ զմեզ անմխիթար եթ/ող: Որք երկրպագէք՝ յիշեցեք ի [Քրիստոս]» (նկ․ 3)։

Բացի հիմնական կամ կանգուն մնացած կառույցից 200x220 մետր մակերեսով հրվանդանի վրա երևում են նաև այլ կառույցների հետքեր, որոնցից երկուսը համեմատաբար ավելի հստակ են։ Ահա այս հանգամանքը և, իհարկե, նաև տեղում առկա բազմաթիվ հարուստ կոթողների առկայությունը հաշվի առնելով, մենք Մանդուռ հուշարձանը համարում ենք վանք։

Վանքի տարածքում բազմաթիվ են խաչքարերը, տապանաքարերը արձանագիր որմնաքարերը։ Տեղում երևում են ավելի քան 30 կոթողներ, բայց տարածքում քայլելիս ակնհայտ է դառնում տերևների, խոտի, հողի տակ ծածկված բազմաթիվ կոթողների առկայությունը։ Այս շարքում հետաքրքիր է պատուհանի արձանագիր պարակալը, որի կամարի բացվածքն ընդամենը 20 սմ է։ Արձանագրությունը ընթերցվում է մասամբ՝ «Թիւ հայոց/ :ՇԾԵ: (1106 թ․) ես Յակոբ նուաստ/ քահանա․․․» (նկ․ 4)։

Նկ․ 3 Եկեղեցու արձանագիր բարավորը, լուս․՝ Ն. Երանյանի։

Հավանաբար միևնուն Յակոբ քահանան է հիշատակված նաև Գիորգի խաչքարի արձանագրությունում։ Խաչասալի արևմտահայաց երեսը սրբատաշ է, եզերված պարզ գոտիով։ Խաչքարի վերին երկու անկյուններից դեպի կենտրոնական, միաբլթակ վերջավորություններով խաչի խաչահատումն են իջնում խաղողի ողկույզները։ Խաչից ներքև պատկերված է ընտանիք՝ երեք տղանարդ, որոնցից երկուսի ձեռքին մեկական խաչ է։ Պատկերագրությունը ուղեկցվում է արձանագրությամբ՝ «Գրիգո/րո ո/րդին/ Գիորգ» (նկ․ 5)։ Խաչքարի աջակողմյան սրբատաշ եզրին ընդարձակ արձանագրություն է՝ «Թիւ :Շ/ՀԶ: (1127 թ․), ես/ Յակոբ կ/անգեցի/ զխաչս եղբոր/ իմո Գիորգա/ բարէխ/աւս առ Ա[ստուա]ծ,/ եւ թող/է Ա[ստուա]ծ/ զմե/ղս Գիորգ/այ. ամէն»։

Մյուս արձանագիր խաչքարը հենված է եկեղեցու հարավային պատին, բաժանված է երկու մասի (նկ․ 6)։ Ուղղանկյուն սալաքարի խաչակիր երեսը եզերված է ութաթերթ վարդյակների շարքով, որն ընդհատվում է միայն ձախակողմյան խաչաթևի ներքևի հատվածում՝ ազատ տեղ թողնելով պատկերագրության համար։ Առաջին հայացքից սգի տեսարան հիշեցնող  պատկերագրություն է (Պետրոսյան, Երանյան 2022, 212)։ Պատկերված են երեք տղամարդ, որոնցից մեկը պառկած է ներքևի հատվածում հորիզոնական դիրքով՝ գլուխը դրած բարձին։ Մյուս երկու կերպարները ուղղահայաց դիրքում են և պատկերված են նախորդից վերև։ Կերպարների շուրջը տեղավորված են նրանց անձնանունները՝ «Վարհամ/, Հա/րբ/, Հաբ/իբ»։

Նկ․ 5 Գիորգի արձանագիր խաչքարը, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Հաջորդ կոթողը, թեպետ արձանագիր չէ, բայց հարուստ է պատկերագրությամբ։ Կենտրոնական խաչի ստորին երկու հատվածներում աթոռների վրա բազմած են երկու կերպարներ (երևի հանգուցյալները), իսկ վերևի հատվածում հրեշտակները պարանների օգնությամբ բերում են խաչը (նկ․ 7)։ Այսինքն, ողջ տեսարանը ներկայացնում է Խաչի երկրորդ գալուստն ու դրան սպասող հավատացյալներին: Բոլոր կերպարների գլուխները եղծված են։

Վանքի և տարածաշրջանի պատմական դեպքերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ ենք ստանում 92x60 սանտիմետր չափերով սալաքարի վրա գրված ընդարձակ արձանագրությունից, որը հայտնաբերվել է ԱՀ Հուշարձանների պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բաժնի աշխատակիցների իրականացրած ուսումնասիրման և մաքրման աշխատանքների ժամանակ (նկ․ 8)։ Այն հայտնաբերվել է կանգուն եկեղեցուց շուրջ 25 մետր արևմուտք։ Արձանագրությունը Monumentwatch թիմի կողմից դեռևս հետազոտության փուլում է, ընթեռնելի է սկզբնահատվածը՝ «Թ[վին] :ՈՁԹ: (1240), ի հայրապետութե[ան] տե[առ]ն Ներսիսի Աղվանից կաթողիկ/ոսի, յիշխանութե[ան] աստվածասէր և բարէպաշտ իշխանաց իշխանի Աւագին՝/ որդո աթաբակ Իւանէի, որ էառ զՉարաբերդ․․․»։ 12 տողանոց այս ընդարձակ արձանագրությունն ամենայն հավանականությամբ արտացոլում է Զաքարյանների գլխավորությամբ Վերին Խաչենի ազատագրման ուղղված պայքարի արդյունքները:

Արձանագրական և պատկերագրական նյութի նախնական քննությունը հնարավոր է դարձնում վանքի հիմնադրման ժամանակը համարել 12-րդ դարի սկիզբը, գործունեության ժամանակն՝ առնվազն մինչև 13-րդ դարի կեսերը:

Նկ․ 7 Խաչային հորինվածք պատկերագրությամբ, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Արցախյան պատերազմների ժամանակ հուշարձանը չի վնասվել: Արցախի բռնազավթումից և բնակչության բռնի տեղահանումից հետո հուշարձանի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Պետրոսյան, Երանյան 2022 - Պետրոսյան Հ․, Երանյան Ն․, Արցախի կոթողային մշակույթը, Երևան։
  2. Պետրոսյան և այլք 2009 - Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Երևան։
Մեծ Շենի «Մանդուռ» վանքը
Մեծ Շենի «Մանդուռ» վանքը
Մեծ Շենի «Մանդուռ» վանքը
Արցախ