Մոշխմհատի սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում՝ ճանապարհի եզրին (նկ. 1)։

նկ. 1 Եկեղեցու արտաքին տեսքը հարավ-արևմուտքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու կառուցման մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։ Մ. Բարխուդարյանցը խոսելով Մոշխմհատ գյուղի մասին ընդամենը հիշատակում է եկեղեցու անունը և նշում, որ քահանան գալիս էր Ղևոնդեանց անապատից (Բարխուտարեանց 1895, 85)։

Եկեղեցու ճարտարապետական տեսքը հուշում է, որ այն կառուցվել է 19-րդ դարում։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին միանավ բազիլիկ է,  ուղղանկյուն հատակագծով: Կառույցի չափսերն են՝ 14,8 մետր երկարություն և 8,5 մետր լայնություն (նկ. 2)։  Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, պատերի անկյունները, ինչպես նաև դռան և լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են։ Մուտքը հարավային կողմից է։ Արևելյան և արևմտյան պատերում բացված են մեկական, հարավային պատում՝ երկու լուսամուտներ։ Արևմտյան և հարավային պատերում՝ դրսից, ինչպես նաև ներսում՝ բեմի տակ, ագուցված են11-12-րդ դարերի խաչքարեր (նկ. 3, 4)։ Խաչքարերից մեկի ներքնամասում տեղադրված պատկերաքանդակը ներկայացնում է մորը և որդուն:

նկ. 3 Եկեղեցու բեմի տակ ագուցված խաչքարերը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 2 Եկեղեցու արտաքին տեսքը հյուսիս-արևմուտքից, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

նկ. 4 Եկեղեցու բեմի տակ ագուցված խաչքարերը, լուս․՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ եկեղեցին հիմնականում կանգուն էր։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները սակավ են։ Մակար Բարխուտարեանցն իր աշխատության մեջ որևէ մանրամասն չի հայտնում ոչ եկեղեցու կառուցման և ոչ նրա ճարտարապետության մասին։  Մեր նկարագրությունը մեծամասամբ հենվում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:

 

Մոշխմհատի սբ. Աստվածածին եկեղեցին
Մոշխմհատի Սբ. Աստվածածին եկեղեցին
Մոշխմհատի Սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ