Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին
Տեղադրություն
Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի կենտրոնում (նկ. 1)։
Պատմական ակնարկ
Գյուղը նախկինում կոչվում էր Ենկիջան: Եկեղեցու կառուցման մասին վկայում է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով» (Բարխուտարեանց 1895, 112): Վ. Բալայանը նշում է, որ եկեղեցին կառուցվել է 1876 թվականին Շուշիից հրավիրված վարպետ Գալուստ Սահակյանի կողմից (Բալայան 2020, 479):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին միանավ կառույց է, միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 2, 3): Ներքուստ այն միանավ, թաղակապ կառույց է ավանդատներով (նկ. 4):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: 2013 թվականին այն վերանորոգվել է ստեփանակերտաբնակ Կոմիտաս Կարապետյանի աջակցությամբ (Բալայան 2020, 479): Վերանորոգման ժամանակ եկեղեցին ամբողջությամբ երեսպատվել է սպիտակ կրաքարով, ինչի հետևանքով փոխվել է նրա արտաքին տեսքը: Տանիքին կառուցվել է փոքրիկ զանգակատուն: Եկեղեցու արևմտյան ճակատը ձևավորվել է որմնասյուներով և որմնակամարներով: Եկեղեցու բակի տարածքում 2017 տեղադրվել է խաչքար, որի հեղինակը խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանն է (նկ. 5):
Գրականություն
- Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմական ուրվագծեր, Երևան:
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
Մարտունու շրջան
Արցախ