Նոր Արմենավանի վաղքրիստոնեական դամբարանադաշտը

Տեղադրությունը

Դամբարանադաշտը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի հարավարևելյան կողմում, Նոր Արմենավան թաղամասի տարածքում։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

1988 թվականին Ստեփանակերտի նոր Արմենավան թաղամասի հարավ-արևմտյան ծայրում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մի ընդարձակ դամբարանադաշտ (նկ. 1)։ Այդ հուշարձանի բնույթն ու ժամանակը պարզելու համար Ստեփանակերտի քաղսովետի հրավերով այստեղ նոյեմբերին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջոկատը (Հ․ Պետրոսյան, Մ․ Զարդարյան, Հ. Հոբոսյան), որը իրականացրել է հուշարձանի մանրամասն զննումը, ողջ հնագիտական համալիրի և ոսկրաբանական նյութի վավերացումը։ Պեղումների արդյունքները ներկացրել է ջոկատի ղեկավար Հ․ Պետրոսյանը (Պետրոսյան 1989, 76-78)։

Հնագիտական ուսումնասիրությունը

Դամբարանադաշտում մաքրման աշխատանքները հիմնականում կենտրոնացվել են ավերված հատվածում։ Պեղվել է ընդամենը 13 գերեզման (նկ. 2)։ Թաղումներն ունեն արևմուտք-արևելք հստակ ուղղվածություն։ Դրանք տարբեր չափերի քարարկղեր են, որպես շինանյութ օգտագործվել է տեղական շերտավոր ավազաքարը և կրաքարը (երբեմն մարմարացված), որոնք մշակման որևէ հետքեր չունեն։

Կողային սալերն իրենց չափերով սովորաբար զիջում են ծածկասալերին։ Դամբարանների հատակները սալերով պատված չեն։ Հետազոտված բոլոր թաղումներում հանգուցյալները պառկած են մեջքի վրա, գլուխը գտնվում է արևմտյան կողմում՝ դեմքով դեպի վեր, ձերքերը խաչված են կրծքին կամ փորին։ Դամբարանները հողով չեն լցվել, դիակիզման կամ դիամասնատման հետքեր չկան։ Թաղումները զուրկ են ուղեկցող նյութից։ Միայն երկու դամբարաններում (2Ա1, 2Ա3) գտնվել են երկաթյա մատանու բեկոր և 3 սմ տրամագծով երկաթյա օղ։ Դամբարանների հստակ ուղղվածությունը, կմախքների դիրքը, ուղեկցող նյութի համարյա բացակայությունը ցույց են տալիս, որ մենք գործ ունենք քրիստոնեական դամբարանադաշտի հետ։

Վերգերեզմանային կոթողների բացակայությունը, որոնք լայն տարածում են ստանում 9-րդ դարից սկսած (Արցախի տարածքում այդ ժամանակաշրջանից սկսած մինջև մեր օրերը թաղումներն ունեն հստակ արտահայտված վերգետնյա նշաններ), ցույց են տալիս, որ դամբարանադաշտը կարելի է վերագրել 4-8-րդ դարերին։ Մյուս կողմից հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնեության առաջին դարերում Հայաստանում լիովին մոռացված չէր հեթանոսական ծեսը, և 4-8-րդ դարերի թաղումները հաճախ ուղեկցող նյութեր են պարունակում, դամբարանադաշտը կարելի թվագրել 6-8-րդ դարերով։ Նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դամբարանադաշտը պատկանում է Հայաստանի վաղ միջնադարին բնորոշ հուշարձանների շարքին, ինչը հաստատվում է նաև լայն զուգահեռների առկայությամբ։

Հուշարձանի տեղանքի և շրջապատի քննությունը պարզել է, որ դամբարանադաշտից մոտ 400-500 մետր դեպի արևելք առկա են բնակավայրի հետքեր։ Տեղացիների պատմելով այդ տարածքում մինջև վերջերս էլ նկատվում էին շինությունների հետքեր, հողային աշխատանքների ժամանակ գտնվում էին կարասներ և խեցեղեն այլ անոթների բեկորներ։

Այս միջավայրում հավաքված վերգետնյա հնագիտական նյութը հիմնականում ներկայացված է 18-19-րդ դարերի խեցանոթների բեկորներով։ Գտնվել են նաև վաղ և ուշ բրոնզի, վաղ երկաթի ժամանակների խեցանոթների բեկորներ։

Սպասելի էր, որ տեղանքի հետագա հնագիտական հետազոտությունը երևան կբերի ինչպես դամբարանադաշտի հետ կապվող պաշտամունքային կառույցների հետքերը, այնպես էլ հնագույն բնակավայրի մնացորդները, որն իր հերթին հնարավորություն կտար ճշտելու նաև դամբարանադաշտի թվագրությունը։

Նկ. 1 Դամբարանադաշտի ավերված հատվածը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 2 Հատված պեղումներից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Գրականություն

1.Պետրոսյան 1989 - Պետրոսյան Հ․ Նոր Արմենավանի վաղմիջնադարյան դամբարանադաշտը (1988 թ.), Հայկական ԽՍՀ-ում 1987-1988 թթ. դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան, զեկ. թեզ., Երևան, էջ 76-78:

2.Պետրոսյան, Սաֆարյան 1991 - Պետրոսյան Հ․, Սաֆարյան Վ․ Հետախուզական պեղումներ Արցախում, Հանրապետական հնագիտական նստաշրջան, զեկուցումների հիմնադրույթներ, Երևան, էջ 53-54։

3.Պետրոսյան 2006 - Պետրոսյան Հ․ Հնագիտական հետազոտություններն Արցախում, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն․ անցյալը, ներկան և ապագան,  Միջազգային գիտաժողով, Երևանի պետական համալսարանի հրատ․, էջ 425-433։

Նոր Արմենավանի վաղքրիստոնեական դամբարանադաշտը
Նոր Արմենավանի վաղքրիստոնեական դամբարանադաշտը
Ստեփանակերտ քաղաք
Արցախ