Շախկախի վանքը
Տեղադրությունը
Շախկախի վանքը գտնվում է Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի հարավային մասում՝ Խնձորուտ կոչվող տեղամասում (նկ․ 1, 2)։ Գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Ըստ ներկայիս եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության՝ այն կառուցվել է 1865 թվականին․ «1865 ամի կառուցաւ Ս[ուր]բ վանքս/ Շաղաղու՝ արդեամբ և ծախիւք/ Վը(ր)դնաշատ գիւղի բնակիչ/ Աւագայ Գասպարեան՝ ի յիշատակ/ հանգուցեալ հոգւոյ իւրոյ եւ համայն ննճեցելոց» (նկ․ 3):
Հարկ է նշել, որ սրբավայրը հիշատակվում է նաև ավելի վաղ աղբյուրներում։ Ինչպես օրինակ 1584 (ՌԼԳ) Յովհաննես երեցի Խնդրանքով Աբրահամ աբեղայի ընդօրինակած ավետարանի հիշատակարանում, ուր գրիչը նշում է ձեռագրի ստեղծման վայրը` ․ «Երկիրս Դիզակայ եւ ի գեաղս Հատրութի յանապատս որ կոչի Շախկախ եւ ընդ հովան(ե)աւ սուրբ Աստուածածնիս ի հայրապետութիւնն Տաւիթ կաթողիկոսին եւ ի սուրբ անապատիս առաջնորդութիւնն Յոհաննէս եպիսկոպոսէս եւ իշխանութիւնս Խոտայպանդին։ Դառն եւ դժուարին ժամանակիս ի թվականս Հայոց ՌԼԳ» (Քեշիշյան 1964, 38, Մինասյան 2015, 44-45)։ Աբրահամ աբեղայի հիշատակարանը վկայում է նաև որ վանքի գրչատուն է ունեցել։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, մատուռից, ուխտավորների սենյակից (նկ․ 4)։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով թաղակապ սրահ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Պահպանվել է բեմը։ Միակ մուտքը հարավային կողմում է, լուսավորվում է հարավային և արևելյան պատերին բացված երկու փոքր լուսամուտներից։ Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ քարով և կրաշաղախով, կամարները, մուտքի և լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են:
Եկեղեցու արևելյան պատի արձանագրության համաձայն 1886 թվականին Ավետիս Հարությունյանցը վանքը ծածկել է թիթեղյա ծածկով:
Եկեղեցու արևմտյան մասում և վերջինիս կից պահպանվել են ավելի հին շինության ավերակներ: Դեռևս կանգուն է կառույցի արևմտյան պատը և մուտքը (նկ․ 5):
Վանքի տարածքում է գտնվում 6, 1 մետր երկարությամբ, 3, 6 մետր լայնությամբ ուխտավորների կացարանը, որի մուտքը հարավից է։ Դռան բարավորի շինարարական արձանագրության համաձայն՝ այն կառուցել է Շուշեցի Աւետիս Սարգսեան Սարտարեանցը 1875 թվականին․ «Շինեալ յիշատակ միակ այս սենեակս/ Շ[ու]շի ք[աղաքա]ցի Աւետիս Սարգսեան Սարտարեանցս/ բնակարան ուխտաւորաց ի ս[ու]րբ տեղեացս/ 1875 ամի փրկչակական թուականացս» (նկ․ 6): Վանքի շուրջը տարածվում է հին և նոր գերեզմանանոցը:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է 2014 թվականին։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Ոսկեան 1953 - Ոսկեան Հ․, Արցախի վանքերը, Վիեննա։
2․ Մկրտչյան 1985- Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
3․ Քեշիշյան 1964 – Քեշիշյան Մ․, Ցուցակ հայերեն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանին, Վիեննա։
4. Մինասյան 2015 – Մինասյան Թ., Արցախի գրչության կենտրոնները, Երևան։
Հադրութի շրջան
Արցախ