Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Շիկաքար-Քարագլխի բերդը
Շիկաքար-Քարագլխի բերդը գտնվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք, Շիկաքար լեռան արևելյան եզրին, եռանկյունաձև հրվանդանի վրա։ Խաչենի հնագույն նշանավոր բերդերից մեկն է: Շիկաքար-Քարագլուխը հայ ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկն է։ 9-րդ դարի սկզբին այն հայ իշխան Սահլ (Սահակ) Սմբատյանի կենտրոնավայրն էր։ Շիկաքարի ամրոցի իշխանն այնքան հռչակված էր, որ նրան հիշատակում են նաև ժամանակի արաբական աղբյուրները։ Նա էր Արցախի գավառներն ավերող Բաբեկի գերողը և Եսայի իբն Մուսեի հետ Արցախյան քաղաքական կառույցի ստեղծողը (Ուլուբաբյան 1975, 64-71, Հակոբյան 2020, 176-177)՝ կառույց, որ գոյատևեց և պահպանեց արցախահայության գոյատևումն իր բնօրրանում մինչև նոր ժամանակներ։ Շիկաքար ամրոցը որպես Սահլ Սմբատյան իշխանի նստավայր է հիշատակում Մովսես Դասխուրանցին. «Ի լնուլ ՄՀ թուոյ Հայոց (821 թ.) ելին գաղտաբար ի Պարտաւայ արք ընտիրք ի տաճկաց և յաւարի առին զԱմարաս գաւառ և գերի առեալ իբրև ոգիս հազարս և ի Մեծիրանց սահմանի ամրացեալք ի տեղւոջն, որ կոչի Շիկաքար։ Յայնժամ արի և շքեղատեսակն Սահլի Սմբատեան Եռանշահիկն տէր քաջազօր եղբարբք իւրովք և զօրոքն իւրեանց ի լուսանալ առաւօտուն ի վերայ հարձակեալ առ հասարակ դիաթաւալ զնոսա ցիր և ցան կացուցանէին, և որպէս յառիւծու ժանեաց զգերեալսն ի բաց կորզէին (Կաղանկատուացի 1983, 326)։
18-րդ դարի 20-ական թվականներին արցախահայության ազատագրական պայքարի կենտրոններից մեկն էլ դառնում է Շիկաքար-Քարագլուխը՝ Թարխան և Բաղի հարյուրապետների գլխավորությամբ։ Ընդ որում Քարագլուխը հիշատակվում է որպես նոր կառուցված ամրոց (Армяно-русские отношения 1967, 186, 188. Չոբանյան 1994)։ Կարելի է ենթադրել, որ այն վերակառուցվել է հենց Շիկաքար ամրոցի հիմքերի վրա։
19-րդ դարի կեսերին Սարգիս Ջալալյանցն այն հիշատակում է Չալաղանա անվամբ․ «Հայոց գյուղ է Քարագլուխը կառուցված Չալաղան բերդի կատարին։ Այստեղից ես դուրս գալով բարձրացա բերդը, որը 16 րդ դարում կառուցել է հայազգի հզորացած Չալաղան իշխանը։ Բերդի երկու կողմում անհնար բարձր խորաձորեր են։ Այստեղ բնակվել է ինքը՝ Չալաղան իշխանը, ով բազմաթիվ լեռնականներ սրի քաշեց՝ նրանց ձեռքից շատ գերիներ ազատելով, ումից սարսափելով լեռնականները դադարեցրին իրենց համարձակ մուտք գործելն այս վայրեր» (Ջալալյանց 1858, 525)։
Մակար Բարխուդարյանցը տեղում հավաքած վիմագրությունների հիման վրա ավելի ճշգրիտ տեղեկություններ է տալիս Քարագլուխ գյուղի մասին, նշում բերդի հիմնադրման, պատկանելության, և տեղադրման հետ կապված որոշակի մանրամասներ։ Ըստ նրա «Գիւղատեղիս հին ժամանակներում նշանաւոր բերդ եղած է։ Բնակչաց կեսն բնիկ են, իսկ միւս կեսն տեղափոխուած Մեծ Սիւնեաց Արաւիւս և Դարապաս գիւղերից ու Բարկիւշատից․․․» (Բարխուտարեանց 1895, 107)։ Իսկ բերդի մասին նա գրում է․ «Շիկաքար բերդը շատ հին է, ինչպես կարծում ենք, շինուած է Հայոց թագաւորներից և յետոյ ենթարկուած Աղվանից իշխանութեան։ Որպես ակներև է Քարագլխի հին հանգստարանի արձանագրութիւիցն՝ Հասան Մեծն բերդս տուած է Սմբատ անունով ոմն իշխանազնի, իբրև հայրենիք և գերեզմանատուն» (Բարխուտարեանց 1985, 272)։
Շիկաքար-Քարագլուխն իրարից բաժանում է Կարկառ և Խաչեն գետերի ներքնահովիտները և գերիշխում է Արցախայն տափաստանի վրա։ Ծովի մակերևույթից այն բարձր է 1011,5 մետր, իսկ տափաստանի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է ավելի քան 500 մետր։ Բերդը Խոխանաբերդի, Կաչաղակաբերդի և Նատարին բերդի հետ մի պաշտպանական օղակ էր կազմում։ Բարձունքից իշխելով շրջապատի վրա, բերդը հսկողության տակ է պահել դեպի Խաչենի իշխանության կենտրոն ձգվող Խաչենագետի հովիտը և նրանով անցնող այն կարևոր ճանապարհը, որ երկրամասի լեռնային մասը կապում է դաշտավայրի հետ։ Բերդից լավ դիտվում է նաև դաշտավայրից դեպի Կարկառ գետի հովիտը բարձրացող լեզվակը (նկ․ 1)։ Բերդի վերնամասը հարթ տափարակ է (նկ․ 2), որի արևելյան և հյուսիսային կողմերում անդնդախոր կիրճ է, հարավային մասն անտառապատ ժայռապատնեշներ (նկ․ 3)։ Այն արևելքից դեպի արևմուտք աստիճանաբար լայնանում է և կազմված է երեք հատվածներից. ծայրարևելյան գագաթնամաս` մոտ 25 մետր երկարությամբ (նկ․ 4), որտեղ արհեստականորեն ստեղծված շինություններ չկան, միջնամաս` միջնաբերդի հատվածը և արևմտակողմը, որտեղ տեղակայված են եղել հիմնական շինությունները (նկ․ 5): Ընդհանուր առմամբ բուն ամրոցակալ տարածքը զբաղեցնում է 8550 քառակուսի մետր (190 x 45 մետր): Բերդի տարբեր հատվածներում առ այսօր էլ պահպանվել են ամրոցապատերի հետքերը (նկ․ 6, 7)։ Ըստ Մ․ Բարխուդարյանի «Բերդս ունի երկու մուտք՝ արևելեան և արևմտեան կողմերից, դռների կողքերն ամրապնդուած են եղել քարուկիր պատերով, ինչպես նշմարվում է հետքերից» (Բարխուտարեանց 1895, 127)։
Նկ․ 1 Բերդից դեպի հարթավայր բացվող տեսարան, 2021,լուս․ Գ․ Բուդաղյանի։
Նկ․ 2 Բերդի վերնամասի հարթ հատվածը, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Նկ․ 4 Բերդի ծայր արևելյան գագաթնամասը,, լուս․ Հ․ Պետրոսյանի։
Նկ․ 6 Պարսպից մի հատված, լուս․ Հ․ Պետրոսյանի։
Նկ․ 3 Հարավ – արևելյան ժայռապատնեշներից մի հատված, լուս․ Հ․ Պետրոսյանի։
Նկ․ 5 Բերդի տարածքում պահպանված խաչքար, 2021, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Նկ․ 7 Պարսպից մի հատված, լուս․ Հ․ Պետրոսյանի։
Համեմետաբար թույլ էին պաշտպանված բերդի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածները, որտեղ արհեստական արգելապատնեշներ չէին կառուցված, սակայն այս հանգամանքը չէր կարող էականորեն ազդել բերդի պաշտպանունակության վրա, քանի որ այս հատվածում էլ թշնամին պետք էր հաղթահարեր լեռնաբազուկներ և անտառապատ հատվածներ։
Բերդի դիմադրողականությունը բարձրացնում էին և տախաստանահայաց ուղղաձիգ ժայռերի մեջ գտնվող քարանձավները, որոնք պատերազմական ընդհարումների ժամանակ օգտագործվել են որպես ապահով ապաստարաններ ու թաքստոցներ (նկ․ 8)։
Բերդի ավերակներից բացի լեռնաբազկի գագաթին և լանջերին տեղադրված են Խաչին խութ գերեզմանոցը, Քարագլուխ գյուղատեղին, եկեղեցին ու գերեզմանոցը, Հին Խրամորթ գյուղատեղին, եկեղեցին ու գերեզմանոցը, Փառուխ գյուղի հին գերեզմանոցը։
Նկ․ 8 Քարանձավները, լուս․ Հ․ Պետրոսյանի։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Կաղանկատուացի 1983 - Մովսես Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը և ներածությունը Վ. Առաքելյանի, Երևան։
- Հակոբյան 2020 – Հակոբյան Ա., Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղվանքում և Հայոց Արևելից Կողմանքում անտիկից մինչև ԺԳ դար (պատմա-աղբյուրագիտական քննություն). «Գիտություն» հրատ., Երևան։
- Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս․ , Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս Բ, Տփխիս։
- Չոբանյան 1994 – Շոշ և Քարագլուխ սղնախների նույնացման հարցի շուրջ, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, էջ 183-187։
- Ուլուբաբյան 1975 – Ուլուբաբյան Բ., Խաչենի իշախանությունները 10-16-րդ դարերում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան։
- Армяно-русские отношения 1967 - Армяно-русские отношения в первой трети XVIII века. Сборник документов. Под ред. А. Г. Иоаннисяна, т. II, ч. II, Ереван.
Շիկաքար-Քարագլխի հուշարձանները. Շիկաքար-Քարագլխի բերդը
Արցախ