Շոշ գյուղի դամբարանադաշտը

Տեղադրությունը

Շոշ գյուղի դամբարանադաշտը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի համանուն գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք, «Զկռաձոր» կոչվող հանդամասից վերև գտնվող երկու մեծ բլրաշարքերի վրա և դրանց շրջակայքում։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմակամ ակնարկ

1990 թվականի օգոստոս ամսին Հայկական ԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտւտի կից գործող Ստեփանակերտի հայագիտական կենտրոնի արշավախումբը հետախուզական պեղումներ է կատարել Շոշ գյուղի դամբարանադաշտում (Պետրոսյան 1989, 76-78, Պետրոսյան, Սաֆարյան 1991, 53-54, Պետրսյան 2006, 425-433)։

Հնագիտական ուսումնասիրություն

Արշավախբի կողմից վավերացվել են 62 դամբարանաբլուրներ (նկ․ 1)։

Դրանք 10-40 մետր պարագիծ, մինջև 2 մետր բարձրություն ունեցող արհեստական թմբեր են՝ ճեղքվող քարից շարված օղակաձև զրահներով և կենտրոնի արհեստական լիցքի մեջ տեղադրված մեկական սալարկղերով։ Դամբարանաբլուրների գագաթները ավերված են, հաճախ երևում են թաղման խցերի սալերը, եզակի դեպքերում երևում են նույնիսկ ավերված խցերը։ Արշավախմբի կողմից պեղվել են երկու դամբարանաբլուր (թիվ 1 և 3), որոնք թալանված էին։ Թիվ 1 դամբարանաբլուրի (պարագիծը՝ 36 մ, բարձրությունը՝ 1,50 մ) զրահի վրա գտնվեցին վանակատե ցլեպ, նետասլաքի ծայր և խեցու տարբեր կտորտանքներ (նկ․ 2)։ Խուցն ուներ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվածություն (երկարությունը՝ 1,80 մետր, լայնությունը՝ 0,80 մետր, խորությունը՝ 1,0 մետր), ծածկասալերը բացակայում էին, նախամուտքը (դրոմոս) հարավ-արևելքից էր։ Խցի մեջ 0,4 մետր խորությունից սկսած մինչև հատակը, հատկապես նախամուտքին հարող հատվածում գտնվեցին մարդկային կմախքի մի քանի ոսկորներ (բազկոսկրի, ծնկոսկրի և թիակի մասեր), երկկանթ երկու կճուճների բեկորներ՝ մեկը սև-դարչնագույն փայլեցումով, մյուսը՝ սևափայլ-դարչնագույն։

Նկ. 1 Հատված դամբարանադաշտից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 2 Թիվ 1 դամբարանաբլուրի խուցը, լուս․` Հ․ Պետրոսյանի։

Թիվ 3 դամբարանաբլրի (պարագիծը՝ 38 մետր, բարձրությունը՝ 1,45 մետր) խուցը (ձգվածությունը հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, երկարությունը 2,0 մետր, լայնությունը 0,80 մետր, խորությունը 1,05 մետր) նույնպես թալանված էր, չնայած այստեղ բացակայում էր միայն մեկ ծածկասալ։ Մնացած երկու ծածկասալերից մեկի վրա գտնվեցին երկու նետասլաքներ՝ վանակատից և կայծքարից (նկ․ 3)։

Խցում պահպանվել էին մանր եղջերավոր անասունների մի քանի աննշան ոսկոր և ատամներ։

Այսպիսով, Շոշի դամբարանադաշտում իրականացված հետախուզական պեղումների արդյունքները հնարավորություն տվեցին բնութագրելու հուշարձանի կառուցվածքային և ժամանակագրական հիմնական առանձնահատկությունները։ Ուսումնասիրությունները փաստեցին, որ դամբարանադաշտը կազմված է օղակաձև քարե զրահներով և կենտրոնական վերգետնյա սալարկղային խցերով դամբարանաբլուրներից, որոնք ներկայացնում են միասնական թաղման ավանդույթ։ Թեև պեղված երկու դամբարանները ենթարկված էին թալանի, արձանագրված հնագիտական նյութերը (վանակատե և կայծքարե նետասլաքներ, խեցեղենի բեկորներ, մարդաբանական և կենդանաբանական մնացորդներ) հնարավորություն ընձեռեցին նախնականորեն գնահատելու համալիրի մշակութային պատկանելությունն ու ժամանակագրությունը։ Գտնված փոքրաքանակ նյութն հնարավորություն է տալիս դրանք թվագրել խիստ մոտավոր՝ մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի վերջով և 1-ին հազարամյակի սկզբով, այն դիտարկելով որպես տարածաշրջանի ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների թաղման մշակույթի կարևոր հուշարձան։

Նկ. 3 Թիվ 3 դամբարանաբլուրից գտնված նետասլաքները:

Գրականություն

1.Պետրոսյան 1989 - Պետրոսյան Հ․ Նոր Արմենավանի վաղմիջնադարյան դամբարանադաշտը (1988 թ.), Հայկական ԽՍՀ-ում 1987-1988 թթ. դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան, զեկ. թեզ., Երևան, էջ 76-78:

2.Պետրոսյան, Սաֆարյան 1991 - Պետրոսյան Հ․, Սաֆարյան Վ․ Հետախուզական պեղումներ Արցախում, Հանրապետական հնագիտական նստաշրջան, զեկուցումների հիմնադրույթներ, Երևան, էջ 53-54։

3.Պետրոսյան 2006 - Պետրոսյան Հ․ Հնագիտական հետազոտություններն Արցախում, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն․ անցյալը, ներկան և ապագան,  Միջազգային գիտաժողով, Երևանի պետական համալսարանի հրատ․, էջ 425-433։

Շոշ գյուղի դամբարանադաշտը
Շոշ գյուղի դամբարանադաշտը
Ասկերանի շրջան
Արցախ