Շուշիի մելիքական ապարանքները. մաս առաջին
Տեղադրությունը
Շուշիի հարավարևելյան մասում պահպանվել են մելիքական մի քանի ապարանքների ավերակներ, որոնք նախորդել են տափարակի՝ Փանահի կողմից 18-րդ դարի կեսերի վերակառուցմանը: Սրանցից առաջինը տեղակայված է քաղաքի հարավարևելյան ծայրամասի վերին քարափի եզրից մոտ 400 մետր արևմուտք՝ հարավահայաց թեքությամբ բլրակի վրա (նկ. 1):
Պատմական ակնարկ
Ապարանքի հիմնադրման ժամանակի և պատկանելության մասին տեղեկությունների մեկնաբանություններն ու ներկայացումները բավական հակասական են: Խորհրդային շրջանի որոշ ուսումնասիրողներ դրանք 0ներկայացրել են որպես խանական դղյակներ (Саркисов 1950, 120-122): Է. Ավալովն ապարանքներից մեկը վերագրել է Փանահ խանին, մյուսը՝ «Մեծ Խանումին» (Авалов 1977, 24, 25 ): Այս հեղինակները, սակայն, անտեսում էին այն տվյալները, որ ներկայացրել է Շուշիի խաների վեզիր, պատմագիր Ջամալ Ջեվանշիրը «Ղարաբաղի պատմություն» աշխատության մեջ, որտեղ նա Փանահ խանի և նրա որդի Իբրահիմ խանի կառուցած շենքերի շարքում ոչ մի պալատ կամ դղյակ չի հիշատակում (Джеваншир 1959, 59): Շուշիում խանական պալատներ կառուցվել են, որոնց վերաբերող նյութեր նույնպես կան (Фатуллаев 1968, 103; Авалов 1977, 24; Мкртчян 180-181), բայց դրանք կառուցվել էին քաղաքի արևելյան մասի հյուսիսային կողմի պարսպամերձ բարձունքին գտնվող միջնաբերդում և կապ չունեն Մելիք-Շահնազարի դղյակի հետ, որը կառուցված է եղել սարահարթի կենտրոնում, բարձրադիր, 18-րդ դարից պահպանված հայկական գերեզմանոցի մոտ։ 19-րդ դարում այդ ավերակները նշվում են որպես մելիքական տներ (Саркисян 1996, 6): Իսկ Ա․ Ղուլյանը Շուշիի կառուցապատման ամենավաղ մասը կազմող արևելյան հատվածին վերաբերող նյութերի քննությամբ պարզել է, որ Շուշիի հայկական թաղամասը ապարանքներով հանդերձ հիմնադրվել է 18-րդ դարի առաջին կեսին՝ արևելյան հատվածի հարավային կեսում և ոչ մի կապ չունի նշված դարի երկրորդ կեսի խաների կառուցապատման հետ (Ղուլյան 2001, 97)։ Ավելին, դրանց՝ երկրամասի մելիքական այլ ապարանքների հետ ունեցած կառուցողական ընդհանրությունները ևս ապացուցում են, որ այս ապարանքները արդյունք են 18-րդ դարասկզբին Շուշիում հայ մելիքների ծավալած շինարարական գործունեության։ Քննարկվող ապարանքի պարսպափակ՝ չորս անկյուններում աշտարակներով ամրացված հորինվածքը հուշում է, որ այն սկզբնապես կառուցվել ու գործել է որպես ինքնուրույն պաշտպանական կառույց և գոյություն է ունեցել նախքան Շուշիի պարիսպների՝ Փանահ խանի իրականացրած վերակառուցումները (1750-52 թթ․)։ Դա են ապացուցում նաև 2004 թ․ Շուշիում իրականացված հնագիտական պեղումները։ Ավելին, այստեղով է անցել առևտրական ճանապարհ, որի պաշտպանության համար Խաչենի իշխանները ստեղծել են ամրություններ։ Դրանք 18-րդ դարի սկզբին՝ Մելիք Շահնազարի և Ավան սպարապետի կողմից վերակառուցվել են և վերածվել միջնաբերդ-ապարանքների (Петросян и др. 2013, 37, 38)։
Որպես ինքնուրույն պաշտպանական միավոր լինելու մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ քաղաքը հզոր պարիսպներով ամրացնելուց հետո՝ ներսում՝ ապարանքում նման պարփակվածության և աշտարակներով ամրացվածության կարիք չէր զգացվի։ Հետազոտողները նախափանահյան այդ ապարանքի հիմնադրումը վերագրում են Ավան յուզբաշուն (Ավան սպարապետին): Լեոն նշում է, որ․ «Շուշին և նրա շրջակայքն էլ կազմում էին Ավան յուզբաշու կալվածքը։ Մինչ այժմ էլ Շուշու հարավ-արևելյան ձորի ժայռը կոչվում է «Աւանայ քերծ»։ Այդ ժայռի ստորոտում երևում են ավերակներ, որոնք կոչվում են «Ամարաթներ», և ժողովուրդը պատմում է, թե այստեղ էր բնակվում Ավան յուզբաշին» (Լեո 1973, 140)։ Ապարանքը մեկ այլ տեղում հիշատակվում է նորից որպես «Աւանայ քերծ» և «Ամարաթներ» (Բարխուտարեանց 1895, 134, 423)։ Ավան սպարապետի մահից հետո ապարանքն անցել է Մելիք-Շահնազարյաններին, ապա՝ 18-րդ դարի վերջերին ապարանքին տիրացել են մահմեդական իշխանավորները, ովքեր վերակառուցել են համալիրը՝ այլափոխելով նախնական հորինվածքը։ Այսպիսով, պատմական վավերագրերն ու պահպանված ավերակները վկայում են, որ մինչև Փանահի կողմից 18-րդ դարի կեսերին ամրությունների կառուցումը Շուշիում կառուցված էին դղյակ-ամրոցներ՝ ապարանքներ (Պետրոսյան, Սաֆարյան 2007, 269-270)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Շուշիի առաջին ապարանքը գտնվում է քաղաքի հարավարևելյան ծայրամասում։ Այն հատակագծում մոտավորապես քառակուսի է, պարսպապատ՝ չորս անկյուններում բոլորաձև, սնամեջ աշտարակներով ամրացված։ Ապարանքի միակ մուտքը հյուսիսային կողմից է և բացվում է դեպի այս կողմի՝ միջնամասում պարսպից առաջացող, ուղղանկյունաձև հատակագծով սենյակ (նկ․ 2)։ Վերջինիս արևմտյան պատի պարսպին կից եզրում մուտքի լայն բացվածքն է, իսկ հյուսիսային պատում՝ բուխարին՝ զույգ որմնախորշերով։ Հատկանշական է, որ մուտքը տաքացվել է։ Ներքին սենյակները շատ վատ պահպանվածություն ունեն։
Շինությունների ավերակները վկայում են, որ դրանք կառուցված են եղել հարավային, արևելյան և արևմտյան կողմերում։ Հարավային կողմում ուրվագծվում են մոտավորապես նույն լայնությամբ, պարսպապատին կից սենյակների պատերի և նրանցում բացված՝ բակահայաց մուտքերի հետքեր։ Արևելյան կողմում, պարսպի ողջ երկարությամբ դրան կցվել են թաղածածկ սենյակներ, որոնց տանիքներից 1,5 մետր բարձրության վրա՝ պարսպապատի մեջ բացված են լայն դիտանցք, հրակնատներ և որմնախորշեր (նկ․ 3)։
Սրանք ուղղված են ապարանքից դեպի դուրս, դեպի հեռավոր տեսադաշտի կողմը։ Պաշտպանական այս նկատառումը ևս վկայում է, որ ապարանքը կառուցվել և ինքնուրույն պաշտպանական դեր է ունեցել Շուշիի պարիսպների կառուցումից շատ ավելի վաղ։ Ըստ ապարանքում պահպանված նախնական սենյակների շինարարական ավերակների դիտելի է դրանց տարանջատված կառուցապատումը, որ խոսում է դրանց ոչ բնակելի լինելու մասին։ Ղուլյանը կարծում է, որ սրանք ծառայել են որպես ամրացված ռազմական հենակետի զորանոցներ (Ղուլյան 2001, 101) ։
Պարիսպներն ու աշտարակները պահպանվել են 6,0-7,0 մետր բարձրությամբ (նկ․ 4)։
Վերջիններս դեպի վերև նեղանում են, երկհարկանի են՝ գմբեթաձև ծածկերով։ Դեպի երկրորդ հարկ բարձրանում են պարսպակից, առաջին հարկի սենյակների տանիքից։ Ապարանքում նկատելի են նաև հետագա վերակառուցումների հետքեր (նկ․ 5)։ Դրանք են ապարանքի մուտքին ներսից հանդիպակաց և երկրորդ հարկ բարձրացող աստիճանները, վերդարպասյա սենյակը։ Վերջինս ունի վերասլաց գմբեթարդ, ցանցկեղ փայտազարդով հարդարված լայն պատուհաններ։ Ուշ հավելման՝ 19-րդ դարի արդյունք են նաև բակի արևմտյան կեսում կառուցված երկշարք-երկհարկանի սենյակները։
Ապարանքը կառուցված է կոպտատաշ՝ բաց երանգի որձաքարով, որոշ կանոնավոր շարվածքով։ Սրբատաշ քարով են շարված միայն կամարակապ մուտքի եզրամասերը (նկ․ 6)։ Պատերն ունեն 1,0-1,20 մետր հաստություններ։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Պատերազմի հետևանքով 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի արբանյակային լուսանկարները բացահայտում են, որ Ադրբեջանը հիմնովին ավերում է թաղամասեր, հայկական գերեզմանոցներ, Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշարձաններ, խաչքարեր ու տապանաքարեր, հիմնովին ոչնչացվել է քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցին։ Ազատված տարածքները վերածվում են շինհրապարակի՝ կառուցվում են նոր մզկիթներ, վերափոխվում է մշակութային լանդշաֆտը և ջնջվում՝ հայկական հետքը։ Նկատի ունենալով այս հանգամանքները անհնարին է պատկերացնել, որ վանդալ գործողություններից կխուսափեն հայ մելիքների ապարանքները։
Գրականության ցանկ
- Բարխուտարեանց 1895 - Մակար եպիս. Բարխուտարեանց, «Արցախ», «Արօր», Բագու:
- Լեո 1973 - Լեո, Հայոց պատմություն, հ․ 3, գիրք 2, Երևան։
- Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան։
- Պետրոսյան, Սաֆարյան 2007 - Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Միջնադարյան Շուշին ըստ հնագիտական պեղումների, Շուշին հայոց քաղաքակրթության օրրան, Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր,Երևան, էջ 268-272։
- Авалов 1977 - Авалов Э., Архитектура города Шуши, Баку.
- Джеваншир 1959 - Джеваншир Мирза Джамал, История Карабаха, Баку.
- Саркисян 1996 - Саркисян М., Из истории градостроительство Шуши, Ереван.
- Саркисов 1950 - Саркисов А., О некоторых архитектурных памятниках Шуши, «Памятники архитектуры Азербайджана», сборник, т. 2, Баку.
- Мкртчян 1988 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
- Петросян, Сафарян, Енгибарян, Титанян 2013 - Петросян Г., Сафарян В., Енгибарян Н., Титанян М., археологические свидетельства существования древних армянских поселений на территории Шуши, Феномен Шуши, Историко-политологическое исследование (коллективное монография), Աշխատանքային տետրեր 1-2 (25-25), էջ 30-40։
- Фатуллаев 1968 - Фатуллаев Ш., Градостроительство и архитектура Азербайджана XIX-начала XX века, Ленинград.
Շուշիի մելիքական ապարանքները
Արցախ