Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղամիջյան եկեղեցին

Տեղադրությունը

Մեծ Շեն գյուղը գտնվում է օկուպացված Արցախի Շուշիի շրջանում: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1, 2):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս․` Monumentwatch խմբի։

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքն արևելքից, լուս․` Monumentwatch խմբի։

Պատմական ակնարկ

Բուն գյուղի և եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Հետազոտողներից Շ. Մկրտչյանը հիշատակում է եկեղեցին, կարծելով, թե այն կառուցված է հին բազիլիկի հիմքերի վրա (Մկրտչյան 1985, 238), թեև տեղում նման հետքեր չկան: Պիտի նաև նկատի ունենալ, որ գյուղին կից է Սուրբ Պանդալեոնի վանքը, որը դարեր շարունակ եղել է հայտնի ուխտավայր (մանրամասն տե՛ս https://monumentwatch.org/hy/monument/%d5%bd%d5%a2%e2%80%a4-%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b8%d5%b6%d5%ab-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%ab%d5%aa/):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին միանավ սրահ է, արևելյան ավագ խորանով և կից կիսագետնափոր ավանդատներով (նկ. 3): Ծավալա-տարածական լուծումով՝ ի մասնավորի թաղակիր պատկից որմնասյուների և դրանց վրա հենվող կամարաշարերի ընդգծված ծավալային լուծումով, սլաքաձև կամարներով կարելի է թվագրել 17-րդ դարով (նկ. 3, 4):

Նկ. 3 Աղոթասրահի ընդհանուր տեսքը դեպի արևելք, լուս․` Monumentwatch խմբի։

Նկ. 4 Աղոթասրահի ընդհանուր տեսքը դեպի արևելք, լուս․` Monumentwatch խմբի։

Խորանի հյուսիսային պատում ներկառուցված է մկրտության ավազանը: Խորանն ունի նաև երկու խորադիր խորշ-պատրհաններ, որոնցից մեկի կամարին պահպանվել են արձանագրության մասեր, որից կարելի է ընթերցել «Տ[է]ր … Ս[ահա]կ» (նկ. 5), որ գուցե եկեղեցու նախնական կամ էլ կառուցողի անունն է: Միակ մուտքը հարավից է՝ համապատասխանեցված թեքադիր լանդշաֆտին: Մուտքի աջակողմյան եզրաքարն ամենայն հավանականությամբ սկզբնապես եղել է ինչ-որ հին եկեղեցու բարավոր (նկ. 6): Նրա վրա թերևս վավերացված է նաև կառուցման թվականը, որը ցավոք քերված է և անընթեռնելի: Մուտքից ձախ ագուցված են 12-13-րդ դարերի խաչքարերի երեք բեկորներ (նկ. 7): Խաչքարերի և տապանաքարի բեկորներ են ընդելուզված նաև խորանի բեմամերձ պատի մեջ (նկ. 8):

Նկ. 5 Խորանի արձանագրակլիր պատրհանը, լուս․` Monumentwatch խմբի։

Նկ. 6 Մուտքի արևելյան եզրաքարը, լուս․` Monumentwatch խմբի։

Նկ. 7 Մուտքի արևմտյան հատվածը, լուս․` Monumentwatch խմբի։

Նկ. 8 Ավագ խորանի պատը՝ խաչքարերի և տապանաքարի բեկորների ընդելուզումներով, լուս․` Monumentwatch խմբի։

Եկեղեցին դրսից և ներսից սվաղապատ է, սպիտակեցված: Խորհրդային տարիներին նրա հյուսիսային պատում բացվել են մեծադիր պատուհաններ (նկ. 9), կառույցն առնվել է թիթեղյա ծածկի տակ և օգտագործվել է որպես ակումբ: Եկեղեցին լրացուցիչ սվաղվել և բարեկարգվել է անկախության տարիներին, այդ ժամանակ էլ սվաղի տակից մաքրել են ընդելուզված խաչքարերը և տապանաքարերը: Մինչև 2023-ի բռնագաղթը պատրաստվում էին փոխել տանիքի ծածկը:

Նկ. 9 Եկեղեցու հյուսիսային պատը նորմոյշ պատուհաններով, լուս․` Monumentwatch խմբի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եկեղեցին արտաքնապես տուժել է, ճաքել է հարավ-արևմտյան անկյունը, թափվել է սվաղը: Գյուղն ազատագրելուց հետո այն վերանորոգվել է, բերվել պատշաճ տեսքի: 2023 թվականի բռնի տեղահանումից հետո եկեղեցու մասին տեղեկություններ չկան:

Գրականություն

Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատ.:

Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղամիջյան եկեղեցին
Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղամիջյան եկեղեցին
Շուշիի շրջան
Արցախ