Ուզերլիկ-թեփե բնակատեղիի անտիկ դամբարանները

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնայի (Աղդամի) արևելյան ծայրամասում, Ղարաբաղյան դաշտավայրի սկզբում, մի բլրի վրա։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին մանրամասն տեղեկություններ են պահպանվել բնակավայրը պեղող, հնագետ Կ․ Քուշնարյովայի հոդվածներում (Кушнарева 1959, 388 - 430; Кушнарева 1965, 74-102):

Հնագիտական ուսումնասիրություն

1954-1955 թվականներին ուսումնասիրված Ուզերլիկ-թեփե միջին բրոնզեդարյան բնակատեղին պեղելու ժամանակ (Ուզերլի-թեփե միջին բրոնզեդարյան բնակատեղին) բացվել է ութ թաղում՝ չորս հիմնահողային և չորս կարասային (նկ. 1)։ Դրանք բոլորն էլ իրականացվել են բլրի վրա՝ բնակավայրի լքվելուց մի քանի դար հետո։ Այս թաղումներից երեքը ներդրված էին բնակատեղիի հում աղյուսե պատի մեջ։

Նկ. 1 1954–1955 թվականների պեղումների սխեման․ 1-8 դամբարանները, լուս․ ըստКушнарева 1959, рис. 2։

Առաջին թաղումը գտնվել է սկզբնական պեղման հարթակում, հում աղյուսե պատի կտրվածքում։ Մակերևույթից 0,80-0,85 մետր խորության վրա տեղադրված էր բաց գույնի միականթ մեծ անոթ, որի մեջ գտնվել էին փոքրիկ երեխայի (1-2 տարեկան) վատ պահպանված ոսկորներ՝ խառնված մոխրի և ածուխի մասնիկների հետ։ Անոթի մեջ հայտնաբերվել են նաև փոքր երկաթե օղակ և սև փայլեցված, բարձր վզով և դուրս ճկված շուրթով անկանթ փոքրիկ կավե սափոր (նկ. 2/5, 8)։

Նկ. 2 Հիմնահողային թաղումների խեցեղենը, լուս․ ըստ Кушнарева 1959, рис. 24։

Երկրորդ թաղումը (հիմնահողային) գտնվել է 1954 և 1955 թվականների պեղումներով հայտնաբերված պարսպապատի կտրվածքում։ Այն կողմնորոշված էր արևմուտք-արևելք։ Դամբարանում գտնված փայտի մնացորդները վկայում են, որ այն ծածկված է եղել գերաններով։ Դամբարանի հատակին դրված էր 3-5 տարեկան երեխայի կմախք՝ կծկված դիրքով, ձախ կողքի վրա, գլուխը՝ դեպի արևմուտք։ Հանգուցյալի վրա եղել են երկաթյա մանյակ, շղթայի վրա ամրացված թերթավոր բրոնզյա կախիկներ, մածուկից ուլունքներ, խխունջից պատրաստված կախիկ և հյուսվածքի մնացորդներ։ Դամբարանում տեղադրված էին 4 անոթ (նկ. 10/1, 5, 6, 8)։

Նկ. 10 Կարասային թաղումների խեցեղենը, լուս․ ըստ՝ Кушнарева 1959, рис․ 24։

Երրորդ կարասային թաղումը տեղակայված էր 1955 թվականի պեղավայրի հյուսիսային հատվածում։ Մակերևույթից 0,35 մետր խորության վրա կողքի վրա դրված էր մեծ, ձեռածեփ ուռուցիկ իրանով անկանթ անոթ (նկ. 3)։ Դրա ներսում գտնվում էին 1-2 տարեկան փոքրիկ երեխայի ոսկորներ և երկու փոքրիկ անոթ (նկ. 4)։

Չորրորդ՝ ևս կարասային թաղումը, գտնվել է 1955 թվականի պեղավայրի տարածքի վերին շերտում՝ խիստ խաթարված վիճակում։ Պահպանվել է միայն մեծաչափ, խիստ ուռուցիկ իրանով և նեղ վզով, բաց գույնի կավից պատրաստված երկկանթ անոթը։ Անոթի մակերեսը փայլեցված էր (նկ. 5)։

Նկ. 3 Թիվ 3 կարասային թաղումը, լուս․ ըստ՝ Кушнарева 1959, рис. 26։

Նկ. 5 Թիվ 4 կարասային թաղման խեցեղենը, լուս. ըստ՝ Кушнарева 1959, рис․ 24։

Նկ. 4 Թիվ 3 կարասային թաղման խեցեղենը, լուս․ ըստ Кушнарева 1959, рис. 24։

Հինգերորդ կարասային թաղումը հայտնաբերվել է պեղման հորիզոնի կենտրոնական հատվածում՝ հում աղյուսից կառուցված պատի կտրվածքում։ Քառակուսի հատակագծով փոսում, կողքի վրա դրված էր ուռած կողերով, համեմատաբար նեղ պարանոցով և երկու ուղղաձիգ կանթերով խոշոր անոթ (նկ. 6)։ Անոթի ներսում գտնվել են մանկական ոսկորներ, մի քանի ուլունք, ինչպես նաև դեպի ներս կորացող երկաթյա գործիքի (հնարավոր է մանգաղի) բեկորներ։ Թաղման անոթի շուրջը տեղակայված էին տարբեր խեցանոթներ՝ նեղ պարանոցով և փայլեցված մակերեսով, բաց գույնի կավից պատրաստված միականթ սափոր, ուռած կողերով բաց կարմիր անգոբով պատված մեկ այլ միականթ սափոր, մեկ խոր գավաթ, ինչպես նաև փոքր չափի միականթ սափոր (Кушнарева 1959, 421), (նկ․ 10/2, 3, 6)։

Նկ. 6 Թիվ 5 կարասային թաղումը, լուս․ըստ՝ Кушнарева 1959, рис․ 26։

Վեցերորդ հիմնահողային թաղումը գտնվում էր 1955 թվականի պեղավայրի հարավ-արևմտյան հատվածում։ Վատ պահպանված մարդկային ոսկորների միջև դրված էին երեք անոթ։

Յոթերորդ հիմնահողային թաղումը գտնվում էր 1955 թվականի պեղավայրի հարավային մասում՝ հում աղյուսե պատի արտաքին եզրի մոտ։ Դամբարանը՝ ուղղանկյունաձև և կողմնորոշված արևմուտքից արևելք։ Դամբարանի հատակին, տեղադրված էր կնոջ կմախք՝ աջ կողքի վրա, կծկված դիրքով, գլուխը՝ դեպի արևելք (նկ. 7)։ Կրծքավանդակի շրջանում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ բրոնզե և սարդիոնե ուլունքներ, ձեռքերին՝ բրոնզե ապարանջաններ, իսկ գանգի վրա՝ բրոնզե քունքօղեր (նկ. 8)։ Մնացած ամբողջ տարածքում տեղադրված էին տասներեք անոթներ (նկ․11, Кушнарева 1959, 425):

Նկ. 7 Թիվ 7 հիմնահողային թաղումը, լուս․ ըստ՝ Кушнарева 1959, рис․ 27։

Նկ. 8 Թիվ 7 դամբարանի զարդերը, լուս․ ըստ՝ Кушнарева 1959, рис․ 28

Ութերորդ հիմնահողային թաղումը գտնվում էր 1955 թվականի պեղավայրի տարածքում՝ հում աղյուսե պատի արտաքին եզրին։ Դամբարանը՝ ուղղանկյունաձև և կողմնորոշված արևմուտքից արևելք։ Կմախքի ուսկորները և յոթ անոթները ցրված էին դամբարանում (նկ. 9, 2/2, 3, 4, 7; Кушнарева 1959, 426, 428):

Նկ. 9 Թիվ 8 հիմնահողային դամբարանի հատակագիծը, լուս, ըստ՝ Кушнарева 1959, рис․ 30։

Ըստ Կ. Քուշնարյովայի՝ ինչպես հիմնահողային, այնպես էլ կարասային թաղումները պատկանում են նույն ժամանակին։ Երկու տիպերի համար էլ բնորոշ է մոխրագույն կավից պատրաստված խեցեղենը, որը երբեմն պատված է կարմրավուն անգոբով։ Անոթների ձևերը ևս մոտ են. երկու դեպքում էլ հանդիպում են խոշոր, նեղ վզով և խիստ ուռած իրանով, երկու ուղղաձիգ կանթերով անոթներ, ուռուցիկ իրանով և նեղ վզով միականթ սափորներ, ինչպես նաև փոքր չափի սափորներ՝ երեքնուկաձև շուրթով (նկ. 2, 10, 11)։

1956 թվականին պեղավայրի հարավային հատվածում պեղվել է ևս հինգ դամբարան՝ հիմնահողային և կարասային (Кушнарева 1965, 99 - 100), (նկ․ 12)։

Ուզեռլիկ-թեփե բնակատեղիի տարածքում հայտնաբերված նյութերը սերտ զուգահեռներ ունեն վերջին տարիներին Արցախի կարասային թաղումներում հայտնաբերված նյութերի հետ՝ Ճանկաթաղ, Հաթերք, Արցախի Տիգրանակերտ և այլն( Արցախի Տիգրանակերտ 2025, 70-79, 114 - 129)։

Կ․ Քուշնարյովան Ուզերլիկ-թեփեի թաղումները թվագրել է մ.թ.ա. 3-րդ-մ.թ. առաջին դարերով (Кушнарева 1959)։

Նկ. 11 Թիվ 7 դամբարանի խեցեղենը, լուս․ ըստ՝ Кушнарева 1959, рис․ 29։

Նկ. 12 Թիվ 10 հիմնահողային դամբարան, լուս․ ըստ՝ Кушнарева 1965, рис․ 30։

Գրականություն

1․Кушнарева 1959 - Кушнарева К., Поселение эпохи бронзы на холме Узерлик-тепе около Агдама, Труды Азербайджанской (Орен-Калинской) археологической экспедиции, т. 1, 1953–1955 гг., МИА СССР, № 67, Москва-Ленинград, с. 388 - 430.

2․ Кушнарева 1965 - Кушнарева К., Новые данные о поселении Узерлик-тепе около Агдама. МИА СССР. № 125, Труды Азербайджанской (Орен-Калинской) археологической экспедиции, т. 2, 1956–1960 гг., Москва-Ленинград, с. 74 -102.

Ուզերլիկ-թեփե բնակատեղիի անտիկ դամբարանները
Ուզերլիկ-թեփե բնակատեղիի անտիկ դամբարանները
Ասկերանի շրջան
Արցախ