Չարեքտարի վանքը․ պատմա-ճարտարապետական քննություն
Տեղադրությունը
Չարեքտարի վանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում՝ Տրտու գետի աջափնյա կոնաձև բլրի գագաթին (ԼՂՀ Շահումյանի շրջան)՝ համանուն գյուղի կենտրոնում։ Այսպիսի տեղադիրքի շնորհիվ համալիրը դարձել է գետահովտի այս հատվածի դոմինանտը (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Վանքի մասին մատենագրական աղբյուրներում տեղեկությունները սակավաթիվ են։ Պատմական վկայություններ են պարունակում վանքի տարածքում պահպանված արձանագրությունները։ Վերջիններս 19-րդ դարից սկսած ուսումնասիրվել և հրատարակվել են հայ հեղինակների կողմից։ Դրանցից շատերն այսօր սկզբնաղբյուրի նշանակություն ունեն, որովհետև շատերը Խորհրդային Ադրբեջանի իշխանության տարիներին անհետացել են։ Գրականության մեջ Չարեքտարի վանքը Մշահան անունով էլ է հիշատակվում։ Այսպես է ներկայացնում այն Ս․ Ջալալյանցը (Ջալալյանց 1858, 228)։ Մ․ Տեր-Մովսիսյանը (Տեր-Մովսիսյան 1938, 98) և Ս․ Բարխուդարյանցը (ԴՀՎ 1982, 132) չեն կիսում այս կարծիքը` նշելով հեղինակի կողմից արձանագրության սխալ ընթերցման մասին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի պաշտոնական գրություններում նշված է, որ վանքին պատկանող կալվածքները գտնվել են Էջմիածնի ենթակայության ներքո և այն հիշատակվում է Չարեքդարի վանք անունով (Տեր-Մովսիսյան 1938, 83, 97)։ Վերոնշյալ գրություններում հիշատակվում է նաև Դադիվանքի կալվածքների մասին։ Դադիվանքի հետ որպես կալվածքի անուն հիշատակվելը վկայում է այն մասին, որ Չարեքտարի վանքն այդ ժամանակաշրջանում Արցախի հոգևոր և հասարակական կյանքում կարևոր դերակատարում է ունեցել։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Չարեքտարի վանքի կառուցվածքը ճշգրտվել է 2009 թվականին այստեղ իրականացված պեղումներից հետո (Հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Գ․Սարգսյան, ճարտարապետ՝ Ս․ Այվազյան)։ Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, եկեղեցուն կցված մատուռից, գավթին հյուսիսից կցված զույգ աշտարակներով ամրացված պարսպապատից, գավթին հարավային կողմից կցված ընդարձակ սրահից և եկեղեցուն հյուսիսից կցված մատուռից (նկ․ 2)։
Վանքի կառույցների մասին հիշատակություն է թողել նաև 19-րդ դարի կեսին այստեղ այցելած Ս․ Ջալալյանցը․ «Ի մեջ որմոյ գաւթին շինեալ կայ շիրմաձև մատուռն և հանդէպ նորին խաչքար մեծադիր․․․կից սորա գոն այլ ևս մատրունք, սեղանոք սրբութեանց, բայց գլխովին աւերակք, շուրջ զորովք կուտակեալք կան դերբուք քարանց գուցէ տեղիք սենեկաց միաբանից» (Ջալալյանց 1858, 229)։ Անցյալ դարի 60-ական թվականներին Ս․ Բարխուդարյանը Չարեքտարի համալիրը ներկայացնելիս նշում է, որ «վանքի շինությունները կիսավեր են, կանգնած են իրար կից չորս շենքեր՝ եկեղեցի, գավիթ, տապանատուն և մատուռ՝ անտաշ քարերով շարված» (ԴՀՎ 1982, 132)։ 2009 թվականի պեղումների արդյունքում նշված տապանատունը նույնացվել է գավթին հարավից կցված սրահի հետ։ Պարզվել է նաև, որ Չարեքտարի վանքի գավիթը Ս․ Բարխուդարյանի այցելած ժամանակ ավելի պահպանված է եղել (Այվազյան, Սարգսյան 2011, 50)։ Պեղումներով հուշարձանախմբի հարավային կողմում բացվել են ժայռին հպված ուղղանկյուն շինության հետքեր և բակում՝ վանական գերեզմանոց տապանաքարերով (նկ․ 3, Այվազյան, Սարգսյան 2011, 50)։ Համալիրն արևելյան կողմից ամրացված է եղել հենապատերով, որի հաշվին լայնացել և օգտագործելի է դարձել բլրի գագաթի հարթ տարածքը։
Այստեղ, հավանաբար, տեղակայված են եղել վանքին պատկանող աշխարհիկ և տնտեսական շինությունները, որոնցից պահպանվել են հոր-շտեմարանը և կլորավուն շինության ավերակները։ Վանքի այս հատվածի շինություններն ավերվել են 20-րդ դարում Չարեքտար գյուղում մշտական բնակություն հաստատած խաշնարած բնակիչների շինարարական գործունեության հետևանքով։ Խաթարվել է միջավայրը՝ կառուցվել են բնակելի և տնտեսական շենքեր, անասնագոմեր (նկ․ 4)։
Համալիրի պահպանված հնագույն կառույցը եկեղեցին է (նկ․ 5)։ Վանքի մի արձանագրություն հայտնում է եկեղեցու անունը՝ Սուրբ Աստվածածին և կառուցման թվականը (Ջալալյանց 1858, 229)։ Այն ուղղանկյուն հատակագծով և ուղղանկյուն խորանով սրահ է, մեկ զույգ մույթերով բաժանված է երկու մասի։ Արևելյան՝ ավելի փոքր մասը աղոթասրահի հատակից բարձր է մոտ 1,0 մետրով և որպես բեմ է ծառայում։ Այսպիսի լուծումն Արցախի ճարտարապետական դպրոցի առանձնահատկություններից է։ Նման հորինվածք ունեն Հանդաբերդի, Եղիշա առաքյալ վանքերի, Գտչավանքի եկեղեցիները (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 34), Խաթրավանքի կողային մատուռները (Հասրաթյան 1992, 69), խորանները։ Եկեղեցում իրականացված պեղումները պարզել են, որ կառույցի ինչպես ներսում, այնպես էլ դրսում առկա են վերակառուցումների հետքեր, որոնց ուսումնասիրությունը, ինչպես նաև կղմինդրների հայտնաբերված օրինակները թույլ են տալիս ասել, որ Չարեքտարի վանքի եկեղեցին և մատուռ-եկեղեցին սկզբնապես թաղակապ, կղմինդրածածկ տանիքով կառույցներ են եղել (Այվազյան, Սարգսյան 2011, 57) (նկ․ 6)։ Միանավ թաղածածկ դահլիճի հորինվածքը Արցախի 12-13-րդ դարերի Արցախի վանական համալիրների եկեղեցիներին բնորոշ լուծում է և հաճախ է հանդիպում (Հասրաթյան 1992, 94)։ Եկեղեցու հատակը հարթեցված է կրաշաղախով։
Եկեղեցուն արևմտյան կողմից կցված է եղել գավիթը, որից պահպանվել են հյուսիսային և արևմտյան հիմնապատերը և հարավային պատի մի փոքրիկ հիմնամաս։ Այս հատվածը հետագա վերակառուցումների ժամանակ շատ ձևափոխությունների է ենթարկվել։
Եկեղեցուն հարավից կցված է փոքր եկեղեցին, որը նույնությամբ կրկնում է եկեղեցու հորինվածքը, բայց չափերով ավելի փոքր է (նկ․ 7)։ Այստեղ պահպանվել են թաղակապ ծածկի և կղմինդրապատ տանիքի որոշ հատվածներ։ Այդ կղմինդրները իրենց չափերով և ձևով նույնական են տարածաշրջանի մեկ այլ վանքում՝ Հանդաբերդում հայտնաբերված կղմինդրների հետ (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 40)։ Փոքր եկեղեցու տանիքն իրականացվել է կողավոր տափակ և փորակավոր կղմինդրներով։ Կողավոր տափակ՝ սեղանաձև կղմինդրները շարվել են տանիքի կրաշաղախե ծածկույթի վրա, իսկ դրանց կարանները ծածկվել են կիսակլոր ելուստավոր կղմինդրներով։
Վանքի գլխավոր եկեղեցու հյուսիսային պատին և եկեղեցու և պարսպի արևելյան աշտարակին կից պեղումներով բացվել է ուղղանկյուն հատակագծով փոքրիկ կառույց, որը հավանաբար, մատուռ-աղոթարան է եղել և արևմտյան կողմից դեպի գավիթ մուտք ունի։ Պատերը պահպանվել են երկու-երեք շարք բարձրությամբ (Այվազյան, Սարգսյան 2011, 51, 52)։
Համալիրի հաջորդ կառույցը գավթին հարավից կցված թաղակապ սրահն է։ Վերջինիս նախնական շինությունը մասնակի ավերվել և ձևափոխվել է մահմեդական բնակչության կողմից՝ վերածվելով անասնագոմի։ Պեղումները հնարավորություն են տվել խոսել կառույցի կառուցման կերպի և կրաշաղախի բաղադրության մասին և պարզ է դարձել, որ հուշարձանախմբի մյուս շինություններից ուշ է կառուցվել, հավանաբար 17-րդ դարից հետո (Այվազյան, Սարգսյան 2011, 57)։
Վանքի տապանաբակում եղել են բազմաթիվ արձանագրակիր տապանաքարեր, որոնցից 11-ը հրատարակվել են Ս․ Բարխուդարյանցի կողմից (ԴՀՎ 1982, 132-135)։ Չարեքտարի վանքի տարածքում կանգնեցված են եղել նաև խաչքարեր, որոնցից մի քանիսը պահպանված են. դրանք հիմնականում բեկորային են և այսօր էլ գտնվում են այստեղ։ Խաչքարերն ու արձանագրությունները վերաբերում են 11-14-րդ դարերին։ Եղել են նաև անթվակիր արձանագրություններ, որոնք Արևելյան Հայաստանի միջնադարի իրադարձությունների մասին արժեքավոր պատմական տեղեկություններ են պարունակում։ Տապանաքարերն ու խաչքարերն աչքի էին ընկնում հստակ մշակման տեխնիկայով և բուսական ու երկրաչափական այլատեսակ զարդաքանդակներով։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Խորհրդային շրջանում Չարեքտար գյուղը վերջնականապես հայաթափվում է և բնակեցվում ադրբեջանցիներով։ Վանքը գործող չէր, և բնակիչներն էլ, օգտվելով աթեիստական գաղափարախոսության ընձեռած հնարավորություններից, ինչպես նաև կրոնական անհանդուրժողականություն ցուցաբերելով, դանդաղ ու միտումնավոր ոչնչացնում էին պատմական կառուցապատված լանդշաֆտը։ Խաչքարերի մեծամասնությունը ջարդոտվել և որպես շինանյութ են օգտագործվել շինությունների կառուցման համար։ Տապանաքարերը բլրից ցած են գլորվել, տեղահան արվել։ Վանքի կառույցները ձևափոխվել և վերակառուցվել են և դարձել անասնագոմեր, բնակելի շենքեր։
Չարեքտարի վանքում 2009 թվականի իրականացված պեղումների շնորհիվ վանքի կառույցների շինարարական ավերակներն ամբողջությամբ բացվել են, տարածքը մաքրվել է, պարզվել են պահպանված շինությունների գործառնական նշանակությունը, նրանց կառուցման հաջորդականությունն ու ժամանակագրությունը, կրած վերակառուցումները։
Գրականություն
1․ Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս:
2․ ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան։
3․ Տեր-Մովսիսեան 1938 - Տեր-Մովսիսեան Մ․, Հայկական երեք մեծ վանքերի Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ։
4․ Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
5․ Այվազյան, Սարգսյան 2011 - Այվազյան Ս․, Սարգսյան Գ․, Չարեքտտար գյուղի պեղումների և հետազոտությունների արդյունքները, Վարձք, թիվ 4, 48-58։
6․ Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատ․, Երևան։
7․ Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009 - Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, Երևան։
Վերին Խաչեն գավառ
Արցախ