Պողոսագոմերի Սբ․Ամենափրկիչ վանքը

Տեղադրությունը

Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Պողասագոմեր գյուղից ոչ շատ հեռու: Եկեղեցին կառուցված է տեղի մացառուտ ձորով հոսող գետակի մոտ գտնվող հրվանդանի եզրին (Բարխուտարեանց 1895, 191):

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Նրա արևմտյան ճակատին՝ մուտքի բարավորի վրա գտնվում է շինարարական արձանագրություն (նկ. 1). «Ի հայրապետութե[ան] Տ[է]ր Յակ/ոբոսայ եւ յիշխանութե[ան] Վախտան/գայ, որդոյ Հասանայ, ես Յոհան/էս ու Սերոբ ու Սարգիս ու Գրիգոր որդի[ք] Հարբածայրայ, շինեցաք զԱծածինս/ ի մեր հայրենիցս, յի[շ]ատակ հոգոց/ մերոց։ Աղաչեմ վասն զմեզ զմեր ծն/աւղքն յաղաւթս յիշե[ց]եք» (ԴՀՎ 5, 91): Թեև արձանագրության մեջ թվականը նշված չէ, սակայն եկեղեցին պետք է կառուցված լիներ 13-րդ դարի սկզբին, քանի որ նշվում է, որ եկեղեցին կառուցվել է Ներքին Խաչենի իշխան, Հասանի որդի Վախթանգի իշխանության տարիներին, իսկ վերջինս մահացել է 1214 թվականին (ԴՀՎ 5, 91):

Նկ. 1 Եկեղեցու կառուցման արձանագրությունը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին արտաքուստ և ներքուստ հատակագծում խաչաձև, կենտրոնագմբեթ կառույց է (նկ. 2, 3): Խաչաթևերից կիսաշրջանաձև է միայն ավագ խորանը, մանացածներն ուղղանկյուն են (նկ. 4, 5): Կառուցված է կրաքարի փոքր ու միջին չափերի սրբատաշ ու կոպտատաշ քարերով: Սրբատաշ են եկեղեցու անկյունաքարերը, լուսամուտները: Եկեղեցու գմբեթի վեղարը չի պահպանվել (նկ. 6):

Նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 3 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 4 Եկեղեցու խորանը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 5 Եկեղեցու ուղղանկյուն խաչթևերից, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 6 Եկեղեցու արտաքին տեսքը, լուս. ՝ Հ. Պետրոսյանի։

Գմբեթը կառուցված է կոպտատաշ փոքր քարերով: Թմբուկը բոլորաձև է, ունի չորս լուսամուտ, որոնցից առավել լավ պահպանված է արևելյանը: Վերջինս իրականացված է միակտոր քարից: Փոքր քարերով են շարված նաև եկեղեցու վերին հատվածները: Թեև, դատելով տեսքից, այդ հատվածում քարերը թափված են: Որոշ մասերում շարվածքը եղևնաձև է (նկ. 7): Եկեղեցու պատերը ներքուստ պատած են սվաղով (նկ. 8, 9):

Նկ. 7 Եկեղեցու արտաքին տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 8 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. ՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 9 Եկեղեցու ներքին տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Եկեղեցու արևմտյան ճակատին կա ագուցված խաչքար (Կարապետյան 1983, 205; Մկրտչյան 1985, 59-60): Եկեղեցու մոտ գտնվում է հին գերեզմանոցը, ինչպես նաև գյուղի նոր գերեզմանոցը (նկ. 10): Հին գերեզմանոցում պահպանվել են 12-13-րդ դարերի խաչքարեր, դրանց բեկորներ: Դրանց մեջ առանձնանում է գեղաքանդակ մի խաչքար (նկ. 11,12),  որը թիկունքին ունի հետևյալ արձանագրությունը. «Ես Մխիթար կանգնեցի/ զխաչս աղբաւր ի/մ Հա[սա]նայ՝ ի Ջալալին/ իշխանութ[եամ]բ, տ[է]ր Վար/դանայ հայրութ[եամ]բ/: Ով կարդէք՝ յաղաւթք յիշեցէք»:  Ջալալը կամ Հասան Ջալալ Դոլան իշխել է 1214-1261 թվականներին և խաչքարն էլ վերաբերում է այդ ժամանակներին: Ուշագրավ է, որ Պողոսագոմերից մեզ հասած երկու արձանագրություններում որպես տարածքի գերակա հիշվում են հայր և և որդի Վախթանգն ու Ջալալը: Կարելի է ենթադրել, որ Պոսղոսագոմերի վանքն ու եկեղեցին հատուկ կարևորություն են ունեցել իշխանական տան համար: Նկատենք, որ մի վարկածի համաձայն Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթին քանդակված մեկենասներից մեկն էլ Վախթանգն է՝ ձեռքին Պողոսագոմերի եկեղեցու մանրակերտը (տես՝ Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները):

Նկ. 10 Եկեղեցուց ոչ հեռու գտնվող նոր գերեզմանոցը, լուս. ՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 12 Խաչքարի արձանագրությունը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Նկ. 11 Եկեղեցուց ոչ հեռու գտնվող խաչքարը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել, չնյած գտնվում էր խարխուլ վիճակում և վերանորոգման կարիք ուիներ: 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից և արցախահայության բռնի տեղահանումից հետո եկեղեցին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982
  3. Կարապետյան 1983 - Կարապետյան Ս., Խաչաձև գմբեթավոր երկու եկեղեցիներ Արցախ նահանգում, ՊԲՀ, N 2-3:
  4. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան:
Պողոսագոմերի Սբ․Ամենափրկիչ վանքը
Պողոսագոմերի Սբ․Ամենափրկիչ վանքը
Պողոսագոմերի Սբ․Ամենափրկիչ վանքը
Արցախ