Պտկաթաղի վանքը
Տեղադրությունը
Պտկաթաղի վանքը (նկ. 1, 2) գտնվում է Հադրութի շրջանում, Թաղուտ և Ծակուռի գյուղերի միջև ընկած տարածքում, Ստեփանակերտ-Հադրութ մայրուղու ձախ հատվածում։
նկ. 1 Եկեղեցին արևելքից, 2016 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 2 Եկեղեցին հյուսիս-արևելքից, 2016 թ․, Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Այս տարածքում էր գտնվում համանուն գյուղը, որի մասին սակավ տեղեկություններ է տալիս Մ. Բարխուդարյանը, վկայելով որ. «մի քանի հայ գերդաստան կա Պտկաթաղում․․․» (Բարխուտարեանց 1895, 72)։ Բնակիչները հետագայում տեղափոխվել են հարևան Ծակուռի գյուղ, իսկ գյուղից ներկայումս մնացել է միայն կիսականգուն եկեղեցին։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Վանքից պահպանվել է միայն եկեղեցին, որը կառուցվել է 1670 թվականին (Հարությունյան 1992, 402): Այն ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է, արևելյան կողմում ունի կիսակլոր խորան, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները (նկ․ 3)։ Ունի 10,50 մետր երկարություն, 5,30 մետր լայնություն, 4,50 մետր բարձրություն։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից (նկ․ 4), ունի չորս փոքր լուսամուտներ, որից մեկը բացվում է արևմտյան, երեքն՝ արևելյան կողմերում։ Թաղածածկ էր, տանիքն արտաքուստ երկլանջ, կառուցված է տեղական անմշակ քարից։ Պատերի մեջ ագուցված են անթվակիր խաչքարեր (նկ․ 5), որից մեկի վրա արձանագրված է «Խաչս Թադևոսի», մյուսի վրա՝ «Խաչս Հալոյի»։ Պահպանվել է նաև արձանագիր քարի մի հատված, որն ամենայն հավանականությամբ շինարարական արձանագրությունն է (նկ․6)։
Եկեղեցու տարածքում պահպանվել են տապանաքարեր և տարբեր շինությունների հետքեր։
նկ. 3 Եկեղեցին ներսից, 2016 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 5 Եկեղեցու պատի մեջ ագուցված խաչքար, 2016 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 4 Եկեղեցին հարավ-արևմուտքից, 2020 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 6 Եկեղեցում պահպանված արձանագիր քար, 2016 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցուց պահպանվել են պատերը, ամբողջությամբ փլուզված է թաղը։ Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․,Արցախ, Բագու։
2․Հարությունյան 1992 – Հարությունյան Վ․, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան։
3․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Հադրութի շրջան
Արցախ