Ջրաբերդ ամրոցը
Տեղադրությունը
Ջրաբերդ ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղից 10 կմ արևելք, Թարթառի հովտում: Նախկինում այս հովիտը և այն շրջափակող անտառապատ և բարձրաբերձ լեռնալանջերը կազմել են Արցախ նահանգի Մեծկուենք (Մեծկողմանք) գավառը (Բարխուտարեանց 1895, 24): Ջրաբերդը տեղադրված է Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին՝ բարձր ժայռի վրա, Երիցմանկանց վանքից մոտ 7 կմ հարավ-արևելք: Տեղանքն առաջին հերթին ապահովում է բնական անառիկությունը: Բերդը կառուցված է Թարթառի և Թրղի գետակի միախառնման տեղում բարձրացված մի գրանիտե ժայռածերպի վրա և դրա լանջին (նկ․ 1): Երկու կողմից՝ արևելքից և արևմուտքից ժայռե բնական պատերը կախված են Թարթառի և Թրղիի վրա (նկ․ 2), իսկ հարավային մասում ժայռն ուղղահայաց իջնում է Թարթառի վրա: Բերդի տեղադրությունը ժամանակին շատ պատկերավոր նկարագրել է Լեոն. «Մռավի առջևով խրոխտ ձորերի մեջ պտույտ տալով, հոսում է Թարթառը: Մի տեղ… նրա մեջ է թափվում Մռավի կրծքից բխող մի գետակ՝ փրփուր Թրղին: Խառնուրդի տեղում բարձրանում է մի ահարկու սեպացած ժայռ, որի կուրծքն ու կատարը շրջափակված են հաստ պատերով: Մարդ վիթխարի և անմատչելի ժայռը բերդ է դարձրել և անվանել Ջրաբերդ » (Լեո 1920, 5): Այնուհետև շարունակելով գրում է, որ «միայն ժայռերը չեն ամրացնում այդ բերդը, միայն խոր ձորերը չեն, որ կտրում են նրա չորս կողմը անմերձանալի խրամատների պես: Երեք կողմից նրան շրջապատում են անհանգիստ արնախում ջրեր… ջրերի այդ բերդիցն է ամբողջ գավառը Ջրաբերդ կոչվում » (Լեո 1891, 13):
Պատմական համառոտ ակնարկ
Ջրաբերդ ամրոցը վաղ միջնադարից ի վեր հայտնի է որպես Արցախի անառիկ ու նշանակալի պաշտպանական հենակետերից մեկը։ Պատմական աղբյուրներում և տարբեր ներկայացումներում ամրոցը հիշատակվում է Չարաբերդ, Ճառաբերդ, Չրաբերդ, Ջերմուկի բերդ և Ջրաբերդ անուններով (Կաղանկատվացի 1969, 157, 354)։ Մելիքության շրջանում հայտնի էր նաև Չարաբերդ (նաև՝ Չարապերթ, Ջարապերթ, Ջարիպերթ) անվանաձևը, որը գործածական էր նաև որպես գավառի և մելիքության անվանում (Ղուլյան 2001, 82): Ամրոցի մասին ամենավաղ հիշատակությունը վերաբերում է Արցախ ներխուժած խազարների 620-ական թվականների վերջերի ասպատակություններին և դրանց դեմ Աղվանից կաթողիկոս Վիրոյի ձեռնարկած միջոցառումներին, որի մասին հաղորդում է Կաղանկատվացին (Կաղանկատվացի 1983, 156-158)։ 11-րդ դարի երկրորդ կեսից Ջրաբերդը Արցախի այլ ամրոցների հետ միասին գտնվում էր Գանձակի գավառի թուրքմենների տիրապետության տակ (Մանանդյան 1977, 106-107)։ 12-րդ դարի սկզբներից Արցախ աշխարհը թուրք-սելջուկյան ցեղախմբերի դեմ պայքար էր մղում։ Դարավերջին երկրամասը գործուն դեր էր կատարում Զաքարյան իշխանների ռազմա-քաղաքական ձեռնարկումներում (Ուլուբաբյան 1975, 124)։ Վերջիններիս ջանքերով ժամանակավորապես ազատագրվում է Ջրաբերդը (Օրբելյան 1910, 391-392), որից հետո (1227-30 թթ․) հայտնվում՝ նախ սուլթան Ջալալ-ադ-Դինի, իսկ հետո՝ մոնղոլների իշխանության ներքո։
Ամրոցը հիշատակվում է նաև Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նրա պատմության մեջ նշվում է, որ հայրենական իշխանության սահմանները վերականգնելու նպատակով 1246 թ․ Բաթուի և նրա որդի Սարթախի մոտ է մեկնել Խաչենի Մեծ իշխան Հասան Ջալալը։ Վերջինիս ընդունում են մեծարանքով և հրամայում՝ ետ վերադարձնել կալվածքները․ «իւր զՉարաբերդ եւ զԱկանա եւ զԿարկառն» (Գանձակեցի 1961, 359): Թրղի գետի վերնահովտում գտնվող Մեսիս վանքի մի արձանագրության համաձայն Չարաբերդ, Ականա ու Ճխնկան ամրոցները գտնվում էին Վերին Խաչենի իշխան Գրիգոր Ծարեցու տիրապետության ներքո (https://monumentwatch.org/hy/monument/%d5%b4%d5%a5%d5%bd%d5%ab%d5%bd-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8/) :
Ջրաբերդ ամրոցին անդարարրձել կամ ուղղակի հիշատակել են Ղ. Ալիշանը (Ալիշան 1901, 387), Մ. Բարխուտարեանցը (Բարխուտարեանց 1895, 240), Լեոն (Լեո 1901, 5-24), Հ. Մանանդյանը (Մանանդյան 1977, 153, 230), Բ. Ուլուբաբյանը (Ուլուբաբյան 1975, 119, 120), Ա. Ղուլյանը (Ղուլյան 2001, 82) և ուրիշներ:
Ջրաբերդն ակնարկվում է նաև 16-րդ դարում, երբ Օսմանյան Թուրքիան և Պարսկաստանը միմյանց դեմ պատերազմներ էին մղում, որոնց թատերաբեմը Հայաստանն էր (Դավրիժեցի 1896, 608)։ Հետագա դարերում նույնպես հիշատակվում է Ջրաբերդը՝ կապված պատմական և աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ՝ երբ երկրամասը մարտնչում էր Օսմանյան թուրքերի, լեզգի լեռնականների և այլ ասպատակիչների դեմ։ 1727թ․-ի իրադարձությունների հետ կապված (թուրքերը նվաճում են Ղարաբաղը), նորից հանդիպում ենք Ջրաբերդի հիշատակությանը (Թօփչեան 1898, 70): Այս դեպքերից հետո Ղարաբաղում վերականգնվում է նախկին վիճակը․ այն վերածվում է անջատ մելիքությունների (Լեո 1973, 253-254): 18-րդ դարի երկրորդ կեսերից Ջրաբերդի Մելիք Ալլահ Ղուլին անզիջում պայքար էր ծավալել դավաճանությամբ Շուշիի բերդին տիրացած Փանահ խանի դեմ (Բարխուտարեանց 1895, 122)։ Վերջինիս մահվանից հետո Ջրաբերդին տիրում և իր սեփականատիրական իրավունքներն է վերականգնում Ալլահ Ղուլու եղբայրը՝ Մելիք Հաթամը, ում որդին՝ Մելիք Մեժլումը Ջրաբերդ ամրոցի վերջին իշխանապետն էր (Սարգսյան 2002, 104-105)։ Հետագա դարերում, անգամ լքված և անբնակ վիճակում, ռազմական ընդհարումների ժամանակ Ջրաբերդում պատսպարվել է ժողովուրդը և դիմադրություն կազմակերպել թուրք զավթիչների դեմ։ Ջրաբերդ ամրոցի մասին վերջին հիշատակությունը վերաբերում է 1793 թ․, երբ Պարսկաստանի երբեմնի գերիշխանությունը Անդրկովկասում վերականգնելու նպատակով Ղարաբաղ է արշավում պարսից զորապետ Սուլեյման Շահզադան (Սարգսյան 2002, 105)։ Այսօր համալիրը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, որը բարդություններ է առաջացնում ամրոցի հետագա ուսումնասիրությունների համար։ Մինչդեռ առատ բուսականությունից տարածքի մաքրման և պեղման աշխատանքները հնարավորություն կտային բացահայտել նշանավոր այս ամրոցի պատմության շատ դրվագներ, ինչպես նաև՝ ճարտարապետության և ամրաշինության առանձնահատկություններ։
Գրականություն
- Ալիշան -1901, Ալիշան Ղ., Հայապատում, Վենետիկ:
- Բարխուտարեանց 1895 -Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց Արցախ, տպարան «Արօր», Բագու։
- Դավրիժեցի 1896 - Դավրիժեցի Ա․, Պատմութիւն, Վաղարշապատ։
- Թօփչեան, Ցուցակ ձեռագրաց Խաչիկ Վարդապետի Դադեան, մաս Ա, Վաղարշապատ։
- Լեո 1920 - Լեո, Հայ հերոսներ, Ջրաբերդ, Մելիքներ և նրանց քաջերը, Երևան:
- Լեո 1973 - Լեո, Երկերի ժողովածու, հ.3, Երևան:
- Լեո 1891 - Լեո, Վերջին վերքեր, մաս 1-ին, Թիֆլիս:
- Կաղանկատվացի 1969 - Կաղանկատվացի Մ․, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան։
- Կաղանկատվացի 1983 - Կաղանկատվացի Մ., Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան։
- Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
- Մանանդյան 1977 - Մանանդյան Հ., Երկեր, հատոր Գ, Երևան:
- Սարգսյան 2002 - Սարգսյան Ս․, Խաչենի ամրոցները, Ստեփանակերտ։
- Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X – XVI դարերում, Երևան:
- Օրբելյան 1910 - Օրբելյան Ստ., Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս:
Ջրաբերդ ամրոցը
Արցախ