Ջրաբերդ ամրոցի միջնաբերդ-ապարանքը

Տեղադրությունը

Ջրաբերդ ամրոցը գտնվում է  Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի և նրա վտակ Թրղիի ձախ ափին, զառիթափ լանջերով հսկայածավալ ժայռազանգվածի վրա՝ անտառի մեջ։ Հյուսիսից հարավ ձգված ամրոցի տարածքը թերակղզու տեսք ունի և պաշտպանված է գետերի ջրային պատնեշով և դրանց եզերքից բարձրացող ուղղաձիգ ժայռերով (նկ․ 1)։ Բնական անառիկությունն առավել ուժեղացված է բրգավոր պարիսպներով, որոնց անկանոն հատակաձևը կրկնում է տարածքը եզերող ժայռերի ուրվագիծը։ Պահպանվել են ամրոցի՝ գետն իջնող թաղածածկ գաղտնուղիներն ու գետամերձ ստորոտին հարող մուտքը։  Ճանապարհի կողմից ժայռի բարձրությունը 40,0 մ է, իսկ մյուս երեք կողմերից՝ 200-250 մ (նկ․ 2)։

Նկ․ 1 Ջրաբերդ ամրոցի ընդհանուր տեսքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 2 Ամրոցի ընդհանուր տեսքը` դիտված ճանապարհից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Միջնաբերդ-ապարանքը կառուցված է ամրոցի հյուսիսային վերջավորության ամենաբարձր ժայռազանգվածի՝ ծովի մակերևույթից 550 մետր բարձրության   վրա։ Այն զբաղեցնում է 0,6 հա տարածք, ունի անկանոն հատակաձև, որը հարմարեցված է տեղանքի պայմաններին (նկ․ 3): Ապարանքի հիմնական կառուցապատումը վերաբերում է 17-18-րդ դարերին՝ մելիքության շրջանին, երբ Ջրաբերդը գլխավոր նստոց-կենտրոն էր՝ հայ ազգային ազատագրական պայքարի ամենակարևոր օջախներից մեկը: Մելիքներն իրենց առաջին նստավայրն էին դարձրել Ջրաբերդ ամրոցը՝ վերակառուցելով տեղում պահպանված հնավանդ ավերակները (Ղուլյան 2001, 82, 83):

Նկ․ 3 Ջրաբերդ ամրոցի միջնաբերդի ընդհանուր տեսքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Ապարանքը, որի կառուցապատումը ենթարկված է տեղանքին,   գլխավոր հատակագծում ունի հյուսիսից հարավ ձգված տեսք (նկ․ 4): Պարսպապատերն արևելյան և արևմտյան կողմերում են: Հիմնական շինությունները կից են արևելյան և արևմտյան պարիսպներին, ընդ որում արևելյան սենյակների հատակն ավելի բարձր է արևմտյան սենյակաշարքի հատակից: Հյուսիսից և հարավից անառիկությունն ապահովված է ժայռակույտերով։ Հյուսիս արևելյան և հյուսիս արևմտյան հատվածներում  պարիսպներն ամրացված են երկու աշտարակներով, որոնք հսկողության տակ են պահում ամրոցամերձ ճանապարհը (նկ․ 5)։

Ապարանքի մուտքը հարավ արևմտյան անկյունից է, որը պաշտպանված է կրկնապարսպով և ժայռային ելուստով։ Արտաքին պարիսպը դեպի հարավ շարունակվում է ու կորագիծ միանում ժայռին՝ ձևավորելով դժվարանցանելի, նեղ ու ոլորուն կրկնամուտք (նկ․ 4)։ Ժամանակին նկատել և նկարագրել է այս մուտքը նաև Լեոն․« Թրղի գետի ժայռոտ ձորի կողքով, ճանապարհի գլխին, ժայռի մի ահագին բեկորի վրա երեւում է բերդի դուռը» (Լեո 1890, 264):

Արևմտյան պարիսպներին կից են երեք սենյակներ, որոնցից երկուսը չափերով իրար հավասար են, երրորդը՝ փոքր ինչ մեծ (նկ․ 4)։ Հավասար սենյակներից առաջինում, երեք պատերի մեջ առկա են պատրհաններ, իսկ պարսպին կից պատի մեջ կա  մեկ բուխարի։  Երկրորդ սենյակն  արևմտյան  և արևելյան պատերի  մեջ ունի մեկական  պատրհաններ  և բուխարի՝ արևմտյան կողմում։ Երրորդ սենյակի արևմտյան՝ պարսպին կից պատի մեջ բացված մեծ չափերով  բուխարի և  Թրղի գետի հովտին և  Երիցմանկանց վանքին նայող մեկ պատուհան։  Սենյակների մուտքերը արևելյան լայնական պատերի մեջ են և բացվում են դեպի ապարանքի ներսի տարածք։

Նկ․ 5 Ամրոցի աշտարակներից մեկը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Արևելյան կողմի սենյակները պարիսպներին կից են երկայնական պատերով։ Ապարանքի  այս հատվածը համեմատաբար վատ պահպանվածություն և անկանոն կառուցապատում  ունի։ Այս կողմի հարավային մասում,   բուխարու և   պատրհան-խորշերի մնացորդներով և  ձորահայաց  նեղլիկ պատուհանով երկարավուն  սենյակ է, իսկ հյուսիսային շարունակությունը բաղկացած է միջանկյալ երեսբաց սրահով կապված երկու մոտավորապես միաչափ սենյակներից, որոնց բակահայաց ճակատից մոտ 2,0 մետր հեռավորությամբ ձգվում է հատվածաբար հենապատերով ամրացված ժայռազանգվածը (նկ․ 3)։ Ամենուր կառուցապատման մեջ նկատվում է բնական ժայռի ներգրավումը։ Արևելյան սենյակաշարքի հարավային եզրին պահպանվել է խորշաձև մասով և դեպի դուրս ուղղված երկու պատուհանով մի սենյակ, որի հատակն ավելի բարձր է և Ա․ Ղուլյանի դիտարկմամբ, պարիսպների այս կողմի որոշ հատվածների հետ միասին  կարող է վերաբերել ավելի վաղ շրջանի (Ղուլյան 2001,  83)։

Շինությունների պահպանված բարձրությունը մոտ 2,0 մետր է, հաստությունը՝ 0,8-0,9 մետր։ Պարիսպներն ավելի հաստ են՝ 1,2 մետր։ Սենյակները, հավանաբար ունեցել են փայտից հարթ ծածկեր, սրա մասին վկայում են պահպանված հետքերը։   Տանիքը տոփանված հողածածկ է եղել։ Շինություններն իրականացվել են կրաքարով՝ ամրացված կրաշաղախ միջուկով։ Սենյակների  որոշ որմնախորշ-պատրհաններ աղյուսաշեն են, կամ եզրված են աղյուսից շրջանակներով։

Ջրաբերդի ապարանք-միջնաբերդը մելիքական տան ուշագրավ նմուշ է, որտեղ մեկտեղված են դարաշրջանին բնորոշ ամրաշինական հմտություններն ու կենցաղավարմանը հարմարեցված պարզագույն հորինվածքները

Գրականություն

  1. Լեո 1890 - Լեո, Իմ հիշատակարանը, Շուշի:
  2. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
Ջրաբերդ ամրոցի միջնաբերդ-ապարանքը
Ջրաբերդ ամրոցի միջնաբերդ-ապարանքը
Ջրաբերդ ամրոցի միջնաբերդ-ապարանքը
Արցախ