Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Տեղադրությունը

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին տեղակայված է օկուպացված Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի վերնամասում (նկ. 1): Եկեղեցու շուրջը տարածվում է հին գերեզմանոցը:

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ վկայագրի։

Պատմական ակնարկ

Մակար Բարխուդարյանցը տալիս է եկեղեցու հետևյալ նկարագրությունը. «…եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, հնաշէն և նորոգուած քանիցս. երկարութիւնն 13 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 45 սանթիմ։ Գաւառիս բոլոր եկեղեցեաց մէջ առաջնակարգ տեղ բռնած է եկեղեցուս ներքին և արտաքին պայծառութիւնն, զարդն ու զարդարանքն: Այս պայծառութիւնը պարտական ենք Գերազնիւ Գրիգոր աղա Այվազեանցին հոգատար խնամոցն։ …Եկեղեցումս է Սարուշէնի հռչակուած ձեռագիր աւետարանն, որի մօտ ուխտի են գալիս ոչ միայն Արցախի շատ կողմերից, այլ Բագուից, Թիփլիզից, այլ և մահմէտականք։» (Բարխուտարեանց 1895, 102): Համաձայն Մակար Բարխուդարյանցի նկարագրության՝ եկեղեցին հնաշեն է և բազմիցս վերանորոգված: Եկեղեցու ներկայիս տեսքը 19-րդ դարի երկրորդ կեսի վերանորոգման արդյունքն է, ինչի մասին էր վկայում բարավորի վրայի արձանագրությունը, որը հիշատակում է Շահեն Մկրտչյանը: Ներկայումս արձանագրությունը չի պահպանել: Համաձայն արձանագրության՝ եկեղեցին վերակառուցվել էր Գրիգոր Այվազյանցի կողմից (Մկրտչյան 1985, 147):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է: Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, կրաշաղախով: Սրբատաշ են միայն մուտքի և պատուհանների եզրաքարերը: Պատերի անկյունաքարերը շարված են կոպտատաշ մեծ քարերով (նկ. 2): Շինության միակ մուտքը բացվում է արևմտյան կողմից: Եկեղեցին ներքուստ թաղակապ է, թաղածածկը հենվում է հյուսիսային և հարավային պատերի զույգ որմնակամարներին (նկ. 3): Ունի երկու ավանդատուն: Որպես ավանդատան բարավորներ օգտագործված են խաչաքանդակ ու պատկերաքանդակ տապանաքարի ու խաչքարի բեկորներ:

Աչքի է ընկնում եկեղեցու միակ մուտքը, որի շրջանակի ձախ հատվածի քարերից մեկի վրա քանդակված է ձի, իսկ ներքևի քարի վրա բուսաերկրաչափական զարդ: Եկեղեցու գլխավոր ճակատին, մուտքի երկու կողմերում ագուցված են փոքրաչափ խաչքարեր (նկ. 4):

Նկ. 2 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս.՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ վկայագրի։

Նկ. 3 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ վկայագրի։

Նկ. 4 Եկեղեցու մուտքը, լուս.՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ վկայագրի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: Խորհրդային տարիներին գործել է որպես պահեստ: Ներկայումս նրա ճակատագիրը հայտնի չէ:

Գրականություն

  1. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
  2. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Արցախ