Սմբոտանի («Տրեխների կապ») կամուրջը
Տեղադրությունը
Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղից 1,6 կմ հարավ (նկ. 1): Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

նկ. 1 Կամրջի ընդհանուր տեսքը հարավից, լուս․ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 135, նկ. 181։
Պատմական ակնարկ
Կամրջի մասին պատմական որևէ տեղեկություն հայտնի չէ, իսկ հուշարձանը զուրկ է որևէ արձանագրությունից։ Ըստ Ս. Կարապետյանի՝ այն կառուցվել է 20-րդ դարում (Կարապետյան 2009, 135):
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Կամուրջը միաթռիչք է, թռիչքի երկարությունը 4,15 մետր է, լայնությունը՝ 3,28 մետր (նկ. 2)։ (Կարապետյան 2009, 135): Խելերը դրված են հունին կից ժայռերի վրա։ Կառուցված է որձաքարով և կրաքարով, որոնք ամրացված են կրաշաղախով (նկ. 3):

նկ. 2 Կամրջի չափագրությունը և կտրվածքը, չափագրությունը՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 135, չափ. 49։

նկ. 3 Կամրջի ընդհանուր տեսքը ներքևից, լուսանկարը՝ Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 135, նկ. 182:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ հուշարձանը ամբողջական էր և գործածվում էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ:
Մատենագրական քննություն
Հուշարձանի մասին տեղեկություններն սակավ են: Հիմնական տեղեկությունները ստացել ենք Ս. Կարապետյանի՝ Արցախի կամուրջներին նվիրված աշխատությունից (Կարապետյան 2009, 135):
Գրականություն
- Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
Հադրութի շրջան
Արցախ