Ստեփանակերտի կարասային թաղումները

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարավ-արևմտյան ծայրամասում` Մ. Շահինյանի փողոցում։ 2023 թվականի սեպտեմբերից հետո օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

1939 թվականին Ստեփանակերտ քաղաքի հարավ-արևմտյան հատվածում, նախկին աղյուսի գործարանի մոտ, հնագետ Յա․ Հումմելը ուսումնասիրել է 3 կարասային թաղում, որոնք նա թվագրել է մ․թ․ առաջին դարով ( Гуммель 1939)։

1964 թվականին Ստեփանակերտի հարավային մասում հողային աշխատանքների ժամանակ բացահայտվել է կարասային թաղում, որում hայտնաբերվել է Օկտավիանոս Օգոստոսի դենարը։ Դենարի հակառակ կողմին դրոշմված էին նրա կողմից որդեգրված Գայոսն ու Լուցիոսը, ինչը ցուցում է, որ թաղումը կարելի է թվագրել մ․թ․ 1 դարով ( Сафарян 2016, 118)։

1986-1987 թվականներին Ստեփանակերտի Արմենավան կոչվող թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում բացահայտվել են նույնպես կարասային թաղումներ։

Հնագիտական ուսումնասիրությունը

2021 թվականի գարնանը ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը հայտնել են, որ Ստեփանակերտ քաղաքի Մ․ Շահինյան 12ա սեփական տան բակում ավտոտնակի հիմքեր փորելու ժամանակ հայտնաբերվել է մեծ կարաս՝ ոսկորներով։ Տեղանքի զննումից պարզվել է, որ հողային աշխատանքների ընթացքում խաթարվել են հելլենիստական ժամանակաշրջանին պատկանող երկու կարասային թաղումներ։

Առաջին կարասն արդեն բացված էր մինչև կեսը․ պարզ երևում էին հանգուցյալի գանգն ու մի քանի ոսկորներ (նկ. 1):

Նկ. 1 Առաջին կարասը մինչև պեղումները, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Թաղման կարասը տեղադրված էր հորիզոնական դիրքում և կողմնորոշված հյուսիս – արևմուտքից (330°)  հարավ-արևելք (150°): Կարասի բարձրությունը 1,35 մետր, ամենալայն մասը՝ 1,05 մետր, պսակի տրամագիծը՝ 0,58 մետր, հատակի տրամագիծը՝ 0,19 մետր։ Կարասի բերանը ծածկված էր կրաքարե բարակ սալով (0,58x0,47): Կարասի պսակը թեթևակի բարձրացված էր գետնի մակերեսից և այս դիրքում ամրացված երեք անմշակ բութ քարերով (նկ. 2):

Դեպի դուրս լայնացող պսակն ունի ակոսավոր նեղ գոտի, որի տակ անցնում են թեք գծեր (նկ․ 3)։ Կարասի պսակը պատրաստված է լավ հունցած կարմրավուն ավազախառն կավից, հավասար թրցած է։

Կարասը լցված հողից մաքրելուց հետո բացվեց համարյա ամբողջական պահպանված կմախքը՝ խիստ կծկված վիճակում՝ աջ կողքի վրա, ձեռքերը ծալած գլխատակին, գլուխը կարասի բերանի կողմը՝ դեմքով դեպի հարավ։ Հետաքրքիր է, որ հանգուցյալի բոլոր 32 ատամները պահպանվել էին (նկ. 4):

Նկ. 2 Կարասի բերանը ծածկող կրաքարե սալը և գունազարդ միականթ սափորը, լուս․՝ Վ․Սաֆարյանի։

Նկ. 3 Առաջին կարասի պսակը, լուս․՝ Վ․Սաֆարյանի։

Նկ. 4 Առաջին կարասը մաքրելուց հետո, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Կոնքոսկրից 0,10-0,15 մետր հարավ գտնվել են մի քանի փայտածխի կտորներ։

Անմիջապես գլխի տակ և վզի հատվածում գտնվել են ապակյա ուլունքներ՝ թվով 90 հատ։ Կոնքոսկրի և ծալված ոտքերի արանքում գտնվել են երկու երկաթե նետասլաքներ (նկ. 5): Հելլենիստական ժամանակաշրջանին պատկանող պոչիկավոր երկաթե եռաթև նետասլաքներ հայտնի են Հայաստանի մի շարք շրջաններից՝  Արմավիր, Արտաշատ, Կարմիր բլուր, Այգեշատ (Тирацян 1985, 64)։  Նմանատիպ նետասլաքներ հանդես են գալիս դեռևս ուշ ասորական շրջանում և գոյատևում են մինչև մեր թվարկության առաջին դարերը։ Դրանց առավել տարածման շրջանը մ․թ․ա․ 2 -1-ի դդ։ Դրանք հայտնի են Դուրա–Եվրոպոսից, Հյուսիսային Կովկասից, Պերսեպոլսից։  Հայաստանի տարածքում ամենավաղ նմուշները հայտնաբերված են Օշականում:

Նկ. 5 Առաջին կարասում գտնված ապակյա ուլունքներ, երկաթե նետասլակներ, ճարմանդի մասեր, լուս․՝ Վ․Սաֆարյանի։

Նետասլաքներից  8-10  սմ վերև գտնվել են երկաթե ճարմանդի երկու կտորներ (հավանաբար կաշվե գոտու մասեր), բրոնզե բարակ թիթեղից պատրաստված 3 օքսիդացված կոճակներ։ Մաքրելով կարասի շուրջը՝ բացահայտել ենք օվալաձև թաղման փոսը, ինչպես նաև կարասի բերանին հարավից կպած գունազարդ միականթ սափոր՝ ուղղահայաց դիրքով երեքնուկաձև (օյնոխոյա) պսակով (բարձրությունը` 21 սմ, լայնությունը` 17 սմ, հարթ հատակի տրամագիծը` 10,5 սմ, պսակի տրամագիծը 7, երկարությունը` 11,5 սմ): Պսակի շուրթը ներսից և դրսից կարմիր է ներկված, սեղման մասում մեկական կոճակ է արված: Վզով անցնում է գունազարդ գոտի՝ կազմված երեք կարմիր գծերից: Կանթի երկայնքով անցնում են 3 կարմիր զուգահեռ գծեր, որոնք միանում են իրանի գունազարդ գոտուն: Ամբողջ սափորը անգոբապատ է (նկ. 6):

Թաղման կարասը տեղադրված էր 1,10 մետր հզորությամբ բաց դարչնագույն կավահողային շերտում։ Դրանից բարձր կար 0,6-0,75 մետր սևահող մի շերտ։ Այդ երկու շերտերը ծածկված էին ժամանակակից աղբով լի 0,4-0,50 մետր հողաշերտով։

Նկ. 6 Գունազարդ օյնախոյա տիպի սափոր, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Երկրորդ կարասը գտնվում էր առաջին կարասի մակարդակից 0,8 մետր բարձր և 1,5 մետր հարավ-արևելք (նկ․ 7): Կարասը պատրաստված է լավ հունցած կարմրավուն ավազախառն կավից, թրծումը հավասար, բարձրությունը 1,45 մետր, լայն մասը՝ 1,06 մետր, պսակի տրամագիծը՝ 0,40 մետր, հատակի տրամագիծը՝ 0,19 մետր։ Առանց նախշի կլորավուն շուրթը թեքվում է դեպի դուրս (նկ. 8): Կարասը ունի շատ փոքր վիզ։ Կարասը կողմնորոշված է հյուսիս-արևելքից (60°) հարավ-արևմուտք (240°):  Կարասում կուտակված հողը մաքրելուց հետո բացվել են 4 անմշակ քարեր։ Կարասում բացի այս քարերից ոչ մի նյութ չի հայտնաբերվել (նկ. 9):

Նկ. 7 Կարասային թաղումները գծագիրը, ճարտ․՝ Մ․ Տիատանյան։

Նկ. 8 Երկրորդ կարասի շուրթը, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 9 Երկրորդ կարասը մինչև պեղումները և պեղումներից հետո, լուս․՝ Վ․ Սաֆարյանի։

Կարասային թաղումների ուսումնասիրությունը կարևորվում է նրանով, որ դրանց լայն տարածումը համընկնում է հայ ժողովրդի էթնոմշակութային դիմագծի ձևավորման եզրափակիչ փուլի հետ, երբ ստեղծվում են նաև հայ էթնոսահմանները:

Սա կարևոր է, քանի որ նույն այդ ժամանակ Կուր գետի ձախ ափին տարածվում է այնտեղ բնակվող աղվանական ցեղերի մի այլ մշակույթ` «յալոյլութեփյան»։

Արցախում կարասային թաղումներ բացահայտվել են Հաթերքում, Ճանկաթաղում, Հարավում, Առաջաձորում, Ավետարանոցում, Արցախի Տիգրանակերտում և մի շարք այլ վայրերում:

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ հայերը Արցախում բնակվել են առնվազն մ․թ․ա․ 3-2-րդ դարերից և ցույց է տալիս ադրբեջանցիների՝ Ղարաբաղում հայերի  եկվորության մասին հայեցակարգի սնանկությունը և անհեթեթությունը։

Գրականություն

  1. Гуммель 1939 - Гуммель Я., Археологические работы в НКАО в 1939 г., (рукопись, Историко–краеведческий музей Арцаха).
  2. Тирацян 1985 - Археология СССР. (под общей редакцией Б. Рыбакова), Древнейшие государства Кавказа и Средней Азии, часть 1, гл. 5, Южное Закавказье, Тирацян Г., Армения в III-I вв до н.э., Изд-во «Наука», Москва, с. 64.
  3. Сафарян 2012 - Сафарян В., Керамика кувшинных погребений Арцаха периода эллинизма, Материалы международной научно-практической конференции “Общероссийская и национальная идентичность “ 19-20 апреля, Пятигорск, с. 487-498.
Ստեփանակերտի կարասային թաղումները
Ստեփանակերտի կարասային թաղումները
Ստեփանակերտի կարասային թաղումները
Արցախ