Ստեփանակերտի Մազի կամուրջը
Տեղադրությունը
Մազի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարավ-արևելյան եզրին` Կարկառ գետի ձախակողմյան վտակի վրա:
2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Պատմական ակնարկ
Ստեփանակերտի Մազի կամրջի մասին տեղեկությունները սակավաթիվ են։ Այսպես, խոսելով Արցախի գետերի մասին, եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը գրում է․ «Գարգար գետակն, որ սահմանագիծ է Խաչեն և Վարանդայ գաւառների, կազմուում է հինգ գլխաւոր վտակներից․ որք են՝ Ա, բուն Գարգար, որ բղխում է Քիրս լեռնաշխթայի Զառիստ սարերի հիւսիսային և հարաւային լանջերից և հոսում Շուշի քաղաքի հիւսիս–արևմտեան անդնդախոր ձորով։ Բ, բղխում է Քիրս լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից և հոսում ահարկու ապառաժների միջով՝ յիշեալ քաղաքի հարաւ-արևելեան կողմով։ Երկու վտակներս միանում են Մազի կամրջի ստորոտում» (Բարխուտարեանց 1895, 6)։
Մազի կամուրջը ներկայացված է նաև Ս․ Կարապետյանի աշատանքում․ «Գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարավարևմտյան եզրին Կարկառ գետի ձախակողմյան վտակի վրա։ Միաթռիչք է, կառուցված անմշակ քարով, կրաշաղախով (թաղակիր կամարի անկյունաքարերը սրբատաշ քարից են)։ Համաձայն գետի հոսքընդեմ ճակատի սրբատաշ կամարի կողպեք քարին փորագրված արձանագրության՝ կառուցվել է 1825 թ․ Թվին ՌՄՀԴ․» (Կարապետյան 2009, 100)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Կամուրջը միաթռիչք է, կառուցված անմշակ քարով, կրաշաղախով, իսկ թաղակիր կամարի անկյունաքարերը սրբատաշ քարից են: Թռիչքի երկարությունը 4,13 մետր է, անցուղու լայնությունը` 7,68 մետր (Կարապետյան 2009, 100)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
2020 թվականի պատերազմից առաջ և հետո հուշարձանն ամբողջությամբ կանգուն է եղել։ 2023 թվականից հետո հուշարձանի մասին տեղեկություններ չկան:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Կարապետյան 2009 - Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան,։
Ստեփանակերտի Մազի կամուրջը
Արցախ