Ստեփանակերտի վաղբրոնզեդարյան դամբարանները

Տեղադրությունը

Դամբարանները, որոնք կրել են 103, 119 և 125 համարները, գտնվում էին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասում՝ Անասնաբուժական տեխնիկումի մոտ (նկ․ 1)։ 2023 թվականից Ստեփանակերտը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Նկ․ 1 Դամբարանաբլուրների պլանը, լուս. Յ․ Հումմելի 1939 թվականի հոդվածից։

Պատմական ակնարկ

Հուշարձանների մասին մանրամասն տեղեկություններ են պահպանվել դամբարանաբլուրները պեղող հնագետ Յ․ Հումմելի հոդվածներում և հաշվետվության մեջ (Гуммель 1939а, Гуммель 1939б, Гуммель 1948, 15-21)։ Հուշարձաններին  անդրադարձել  է Կ․ Քուշնարևան (Кушнарева 1973, 12–13, Кушнарева 1954, 178-179)։

Հնագիտական ուսումնասիրություն

Հուշարձանները պեղվել են 1938–1939 թվականներին Խանլարի պատմության թանգարանի տնօրեն հնագետ Յ․ Հումմելի կողմից։

Ստեփանակերտի № 103 դամբարանաբլուրը, որ պեղվել է 1938 թ․ (Гуммель 1939, № 4, 77-90), պարունակում էր շրջանաձև դամբարան (տրամագիծը 4,5 մետր), որում տարբեր ժամանակներում թաղվել է 48 մարդ (նկ․ 2)։ Ուղեկցող գույքը բացառապես միկրոլիթյան գործիքներ են՝ վանակատե դանակներ ու քերիչներ և երեսուն խեցանոթներ։ Անոթները ձեռածեփ են, կավը՝ առանց խառնուրդի, պատրաստված գործվածքի հիմքի վրա (նկ․ 3; Гуммель 1939а, 77-90, Кушнарева 1954, 178)։

Նկ․ 2 Թիվ 103 դամբարանաբլուրի սխեման, լուս․ Յ․ Հումմելի 1939 թվականի հոդվածից։

Նկ․ 3 Թիվ 103 դամբարանաբլուրի կավանոթները, լուս․ Յ․ Հումմելի 1939 թվականի հոդվածից։

Համար 119 դամբարանաբլուրը ունեցել է 1,5 մետր բարձրություն ու 24 մետր տրամագիծ։ Դամբարանաբլուրի վերին շերտը պարունակում էր հիմնահողային թաղումներ։ Կմախքները գտնվում էին կողքի վրա՝ կծկված վիճակում,  կողմնորոշված տարբեր ուղղություններով։ Գտնվել են մեծ քանակությամբ սարդիոնե, բրոնզե, ոսկրե, մածուկից  ուլունքներ, բրոնզե կոճակներ, բրոնզե մատանի, երկաթե խողովակի բեկոր և այլն։ Դրանց հետ մեկտեղ գտնվել են  «զարգացած բրոնզեդարին» բնորոշ սև խեցեղենի բեկորներ, որոնք Յ․ Հումմելը թվագրել է մ. թ. ա. 8-6-րդ դարերով (նկ․ 4)։

Նկ․ 4 Թիվ 119 և 125 դամբարանաբլուրների գույքը, լուս․ Յ․ Հումմելի 1948 թվականի հոդվածից։

Անմիջապես հիմնահողային թաղումների տակ բացվել է երկրորդ՝ ավելի վաղ ժամանակի մշակութային շերտը, որը պարունակում էր զանգվածային թաղումներ զմռսված կավե շաղաղով ամրացված գետաքարերի  0,7 մետր հզորությամբ շերտով։ Հանգուցյալները տեղադրված էին ոչ մեծ շրջանաձև հրապարակի մակերեսին (տրամագիծը 4,5 մետր), որը շրջապատված էր հյուսիս-արևլքում մուտք ունեցող փողրակաձև կրոմլեխով (նկ․ 5)։

Նկ․ 5 Թիվ դամբարանաբլուրի սխեման, լուս․ Յ․ Հումմելի 1948 թվականի հոդվածից։

Դամբարանի մուտքը փակվում էր ուղղահայց տեղադրված մեծ սալաքարի միջոցով (1,45x1,0x0,3 մետր)։ Ամբողջ փողրակը լցված էր գետավազով (նկ․ 6)։ Փողրակի խորությունը՝ 0,5 մետր, լայնությունը՝ 0,20 մետր։ Դամբարանի չավերված մասում բացահայտվել է հասուն մարդկանց ու երեխաների 36 կմախք, որոնք գտնվում էին նստած, կծկված և մեջքին պառկած վիճակում։ Յ․ Հումմելի կարծիքով՝ դամբարանը տոհմական է։ Թաղման հրապարակի կենտրոնում մեջքի վրա պառկած հասուն մարդու կմախքն էր, որի մոտ գտնվել են քարե գուրզ, պղնձե փոքր դաշույն և երկու քարե սանդ։ Հարավ-արևելյան հատվածում գտնվել են վեց քարե նետասլաք և հինգ ոսկրե իլիկ, հյուսիսային մասում՝ երեք ոսկյա ուլունք և  քարե կախիկներ։ Բացի դրանից, հանգուցյալների մոտ տեղադրված էին ջարդված 22 կավե անոթ և վանակատե բազմազան ծլեպներ (Гуммель 1948, 15-21)։

Նկարագրված շերտի տակ պահպանվել էր ավելի հին՝ 20 սանտիմետր հաստությամբ մշակութային շերտ, որը պարունակում էր մարդու կմախքի քարացած մնացորդներ՝ առանց ուղեկցող նյութի։

Թիվ 125 դամբարանաբլուրը գտնվում էր նկարագրված կուրգանից 153 մետր հարավ (բարձրությունը 0,8 մետր, տրամագիծը՝ 9 մետր)։ Դամբարանաբլուրի արևմտյան հատվածը՝ տեղի բնակիչների կողմից քար հանելու պատճարով, խիստ վնասված էր։ Ճիմահողի տակ գտնվել են խեցանոթների բեկորներ, 44 վանակատե ցլեպ և մարդու ցրված ոսկորներ։ Վերին շերտի տակ բացահայտվել է, ինչպես թիվ 119 դամբարանաբլուրում, զմռսված շերտ՝ զանգվածային թաղումով, որն ամբողջովին ավերված էր։ Նրանում պահպանվել է մարդու մեկ կմախք՝ ձախ,կողքի վրա, խիստ կծկված վիճակում։ Կմախքի գանգը տեղադրված էր գետաքարի վրա, կողմնորոշումը՝ հյուսիս-արևելքից – հարավ-արևմուտք։ Գտնվել են գնդաձև գուրզ, պղնձե գեղարդի հարթ սլաք, հինգ ձողակավոր կայծքարե նետասլաք, ոսկյա ականջօղ, քարե սանդ, 31  վանակատե ցլեպ և այլն (Гуммель 1948, 19 - 20)։

Զմռսված կմախքի տակ բացվել է համարյա քառակուսի մի դամբարան (երկար ․2,1 մետր, լայն․ 1,9 մետր, խոր․ 2,0 մետր) օխրայով պատված յոթ կծկված կմախքներ։ Գույքը ներկայացված է միայն ութ վանակատե ցլեպով։

Շերտագրական տվյալների ու տիպական գույքի հիման վրա Յ․ Հումմելը դամբարանաբլուրների միջին մշակութային շերտը թվագրել է 3-2-րդ հազարամյակի սահմանագծով, իսկ ստորին շերտը՝ նեոլիթով։

Նկ․ 6 Թիվ 119 դամբարանաբլուրը պեղումներից հետո, լուս․ Յ․ Հումմելի 1948 թվականի հոդվածից։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

1939 թվականին ստեղծվեց Ստեփանակերտի պատմա-երկրագիտական թանգարանը, որտեղ և տեղադրվեցին Յ․ Հումմելի կողմից գտնված հնագիտական նյութերը։ Խարհրդային տարիներին պեղված հուշարձաննի տեղը կառուցել են բնակելի շենքեր։

Գրականություն

  1. Гуммель 1939а - Гуммель Я. Раскопки в Нагорно-Карабахской автономной области в 1938 году, Известия АзФАН,  № 4.
  2. Гуммель 1939б - Гуммель Я. Археологические работы в НКАО в 1939 г., (рукопись, Историко–краеведческий музей Арцаха).
  3. Гуммель 1948 - Гуммель Я., Некоторые памятники раннебронзовой эпохи Азербайджана, КСИИМК имени Н․ Марра, вып.20, Москва–Ленинград, с. 15-21.
  4. Кушнарева 1954 - Кушнарева К. Памятники медного века Нагорного Каранаха, Советская археология, вып.20, Москва, с. 165-179.
  5. Кушнарева 1973 - Кушнарева К. К вопросу о социальной интерпретации некоторых погребений Южного Кавказа, Краткие сообщения института археологии, бронзовый век на территории СССР, вып. 134, Москва, с. 12 -13.
Ստեփանակերտի վաղբրոնզեդարյան դամբարանները
Ստեփանակերտի վաղբրոնզեդարյան դամբարանները
Ստեփանակերտ
Արցախ