Վաղուհաս գյուղի «Քինչի հող» տեղամասի դամբարանադաշտը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի արևելյան եզրամասում՝ «Քինչի հող» տեղամասում։ 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Վաղուհասը Արցախի հին բնակավայրերից է։ Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ցանկում Վաղուհաս գյուղից ներառված է 125 հուշարձան, մասնավորապես, 8-14-րդ դդ․ ավելի քան 80 խաչքարեր, տապանաքարեր, գյուղատեղիներ և այլն (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր):
Հնագիտական ուսումնասիրություն
Հուշարձանը հայտնաբերվել է 2023 թվականի փետրվարին, հողային աշխատանքների ժամանակ: Շինարարական աշխատանքների միջոցին ավերվել է դամբարաններից մեկը։ Կմախքի դիրքը չի հաջողվել որոշել։ Տեղի բնակչից ձեռք է բերվել մի քանի հետաքրքիր հնագիտական նմուշներ։ Պահպանված նյութը բաղկացած է բրոնզե զարդերի հավաքածուից (Սաֆարյան 2024; նկ․ 1)։ Ցավոք, խեցանոթների որևէ նմուշ չի պահպանվել։
Պահպանվածմետաղականզարդերիշարքումանհրաժեշտէառանձնացնել բրոնզե կլոր կտրվածքով և մետաղալարից կոնաձև ծայրերով մանյակը (տրամագիծը՝ 23 սմ, նկ․ 2)։ Նմանատիպ մանյակներ գրանցված են Հայաստանի հուշարձաններում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-3-րդ դարերով (Тирацян 1985, 40)։
Մնացած իրերը, այդ թվում՝ հարթ բրոնզե մետաղալարից միացված ծայրերով երկու քունքօղերը (նկ․ 3), միացված ծայրերով փոքրիկ ապարանջանը, մեջտեղում գոգավորություն ունեցող բրոնզե ապարանջանի բեկորը Հայաստանում զուգայեռներ ունեն սկսած մ.թ.ա. 6-4-րդ դարերից (Тирацян 1985, 40)։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում 6 ձուլածո բրոնզե օղակները՝ երկու կողմից և եզրից եղևնաձև զարդանախշով (նկ․ 4): Մի կողմից փոքր ելուստ կա, որը, հավանաբար, մնացել է կաղապարի անցքից։ Պահպանվել են նաև նույն օղակների 5 բեկորներ և բրոնզե օղակի մի փոքրիկ բեկոր՝ պատրաստված հաստ բրոնզե մետաղալարից:
Իրերի հաջորդ խումբը ներկայացված է 8 աստղաձև և 10 քառակուսի թիթեղներով (նկ․ 5)։ Աստղաձև դրոշմազարդ թիթեղներ հայտնի են նաև Այսրկովկասի ուշ բրոնզի և վաղ երկաթե հուշարձաններից (Деведжян 1981, 63)։ Մեկ օրինակ էլ հայտնաբերվել է Արցախում՝ Քարաբլրի մ.թ.ա. 11-9-րդ դարերի թաղումներից մեկում, բայց երկաթից (Սաֆարյան 2001, 128)։ Կարելի է ենթադրել, որ դրանք կաշվե գոտու մասեր են։ Նկատենք, որ կաշվե կամ դրոշմավորված զարդանախշով կարված թիթեղներով գոտիները հայտնի են ուրարտական հուշարձաններից, դրանք «պաշտամունքային որոշակի նշանակություն են ունեցել և ծառայել են որպես ամուլետներ» (Тирацян 1985, 34)։
Հայտնաբերված առարկաների վերջին խումբը կազմում են ապակուց պատրաստված ուլունքները. մեկ կլորացված ռոմբաձև ուլունք, այսպես կոչված, եգիպտական հախճապակուց, որը հայտնի է մ.թ.ա. 6-1-ին դարերում, երկու ուլունք բրոնզից, երկուսը՝ մածուկից և մեկը՝ թրծած կավից (նկ․ 6):
Տեղում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ Վաղուհաս գյուղի արևելյան մասում առկա է մ.թ.ա. 7-4-րդ դդ. դամբարանադաշտ։ Այս վայրից փոքր ինչ ներքև արձանագրվել է նաև ճանապարհի կառուցման ժամանակ ավերված կարասային թաղում։ Ցավոք սրտի, տարածքի սեփականատերը այս թաղումից որևէ իր չէր պահպանել։
Այսպիսով, հնագիտական նյութի ձևաբանական վերլուծությունը թույլ է տալիս պատահաբար հայտնաբերված թաղումը թվագրել մ.թ.ա. 7-4-րդ դարերով։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ դամբարանադաշտը գտնվում էր կիսավեր վիճակում։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1. Тирацян 1985 - Тирацян Г., Армения в 6- 4 веках до н.э.//Археология СССР, Древнейшие государства Кавказа и Средней Азии (под ред. Б. Рыбакова, Москва)․
2․ Деведжян 1981 - Деведжян С., Лори-Берд, Ереван.
3․ Սաֆարյան 2001 - Սաֆարյան Վ., Նորահայտ հնագիտական նյութեր Մեհտիշեն գյուղի Քարաբլուր վայրից, ԱրՊՀ գիտական տեղեկագիր, թիվ 1։
4․ Սաֆարյան 2024 - Սաֆարյան Վ․, Հնագիտական հետազոտություններն Արցախում 44-օրյա պատերազմից հետո (2021- 2023 թթ.), Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ։ Միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, «Անտարես» հրատ.:
5․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - ԱՀ ԿԳՄՍՆ Զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի վկայագիր։
Վաղուհաս գյուղի «Քինչի հող» տեղամասի դամբարանադաշտը
Արցախ